Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արկ է արձակել անօդաչու թռչող սարքից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում։ Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողության արդյունքում Պաշտպանության բանակը որևէ կորուստ չի ունեցել»: Հունվարի 20-ին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդի կողմից՝ ականանետի արկի կիրառմամբ, անօդաչու թռչող սարք օգտագործելուց հետո ՊԲ օպերատիվ տվյալներով պարզվել է, որ նշված ուղղությանը հարակից մեկ այլ բնագծում ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել ևս մեկ հարվածային ԱԹՍ, բայց այս անգամ՝ ականանետի արկի փոխարեն կիրառելով սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ: «Զավեշտական է, որ շուրջ չորս միլիարդ ռազմական բյուջեի մասին անընդհատ բարձրագոչող Ադրբեջանը 21-րդ դարում օգտագործում է տնայնագործությամբ (кустарный) պատրաստված «ռազմատեխնիկական» միջոց, որը, դեռևս 20-րդ դարում կիրառում էին աֆղանական մոջահեդները, իսկ ապա նաև՝ «Իսլամական պետության» ահաբեկիչները»,- նշել են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նախորդ հոկտեմբերին ժնևում և արտաքին գործերի նախարարների՝ ընթացիկ տարվա հունվարին Կրակովում կայացած հանդիպումները՝ հույս հայտնելով, որ երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է հիմնախնդիրը լուծելու կարևորությունը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, մոտեցումներն ու երկարամյա ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հայտարարեց, որ վաղուց հասունացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ժամանակը: ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի ընթացքում ՀՀ Նախագահն ընդգծեց, որ դրա համար անհրաժեշտ է խստագույնս պահպանել հաստատված հրադադարի ռեժիմը և կատարել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: «Հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ և հաղթահարի արդարության պակասուրդը: Ես այս հարցում միշտ առաջին շարքերում եմ լինելու` որտեղ էլ որ գտնվեմ»,-  նշեց Սերժ Սարգսյանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական և ոչ իրատեսական ակնկալիքներն են բանակցությունների ելքից: ԵԽԽՎ-ում այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին: «Եթե միջազգային հանրությունը կարողանա օգնել Ադրբեջանին ազատվել պատրանքներից և գալ իրատեսական դաշտ, ապա կարծում եմ, որ մենք կարճ ժամանակում կարող ենք հասնել մեծ հաջողությունների»,-  ընդգծեց նա: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում իր ելույթից հետո ագրեսիվ հարց հնչեցնող ադրբեջանցի պատգամավորին հանդարտ լինելու, հանգստանալու և փաստերը չխեղաթյուրելու կոչ արեց«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցնելու հնարավորություն ստացած ադրբեջանցի պատգամավոր Սամադ Սեյիդովը չզլացավ խեղաթյուրել ԵԽԽՎ ամբիոնից ՀՀ Նախագահի ելույթում հնչեցրած խոսքերը` նշելով, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է արցախյան պատերազմի առաջնորդ լինելու մասին: Ադրբեջանցի պատգամավորի հարցին ի պատասխան` ՀՀ Նախագահը նշեց. «Ես նախ ձեզ խնդրում եմ մի փոքր հանդարտ լինել, հանգստանալ, ապա իմ խոսքերը չխեղաթյուրել: Ես այս ամբիոնից չեմ հայտարարել, որ եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել: Ես մասնակից եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին»:

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը սահմանում իրավիճակի լարումը պայմանավորում է արտգործնախարարների վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից Ադրբեջանի դժգոհությամբ:

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բարձրացնել արդյունավետությունը:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Երևան ժամանած Փարիզի քաղաքապետի տեղակալ Պոլին Վերոնը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է քաջություն ցուցաբերի՝ հռչակելու ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Դա հստակ ազդակ կլինի ողջ աշխարհում իշխանության ղեկին գտնվող մարդասպաններին՝ ասելու, որ նրանց հանցանքները չեն մնա աննկատ: Այս մասին The Wall Street Journal-ում հրապարակված «Արդյոք Թրամփը կասի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին» խորագրով հոդվածում գրել է Ռոբերտ Մորգենթաուն:

Հայաստան և աշխարհ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցը մեկնարկել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպմամբ: Փարիզի քաղաքապետը նշել է. «Այս տարվա սեպտեմբերին մենք Փարիզում դպրոց ենք բացելու՝ Փարիզի ԹՈՒՄՈ դպրոցը: Մենք այդ մասին շատ ենք խոսել ու քննարկել»,- նշել է Անն Իդալգոն: Փարիզի քաղաքապետը շեշտել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում այս տարվա ապրիլի 24-ին ևս կանցկացվի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն, իսկ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառում: Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Ելիսեյան պալատում կայացել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները: Հայաստանի Նախագահի դիմավորման արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը հանդիպում են ունեցել աշխատանքային ճաշի ձևաչափով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ֆրանսիան մշտապես կլինի Հայաստանի կողքին: Ֆրանսիայի նախագահը հետաքրքիր է գնահատել ՀՀ Նախագահի հետ հանդիպումը՝ ավելացնելով, որ Հայաստանը երկար ճանապարհ է անցել՝ կառուցելով կայուն ժողովրդավարական երկիր արևմուտքի ու արևելքի միջև: «Այս բարդ տարածաշրջանում Ֆրանսիան ձեր կողքին կլինի և կօժանդակի, որպեսզի շարժվեք առաջ: 2018 թվականը շատ կարևոր է Հայաստանի համար»,- ասել է Մակրոնը՝ ավելացնելով, որ մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին Ֆրանսիայից կմասնակցի Արտաքին գործերի նախարարը: Միաժամանակ,  Էմանուել Մակրոնը պաշտոնապես հաստատել է, որ գալիք հոկտեմբերին այցելելու է Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև հայտարարություններով: Սերժ Սարգսյանը նշել է. «Նախագահ Մակրոնի հետ քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազում հարցեր, և գոհունակությամբ եմ ուզում նշել, որ կենսական բոլոր հարցերի շուրջ մեր տեսակետները գրեթե համընկնում են, մյուս հարցերում դրանք շատ մոտ են։ Ի դեպ, խոսքս վերաբերում է թե՛ երկկողմ, թե՛ միջազգային օրակարգին։ Մենք դավանում ենք նույն սկզբունքները և ապրում ենք նույն արժեհամակարգով: Հենց այս հիմքով շարունակելու ենք ընդլայնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ու դրանց անբաժան մաս կազմող քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային և գիտակրթական ծավալուն կապերը, փոխադարձ աջակցությունը երկուստեք կարևոր և զգայուն հարցերում»։ 

Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի և այդ պատգամավորական խմբերի անդամների հետ: Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հանդես են եկել ելույթներով: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի հետ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի 2 հազար տարվա պատմություն ունեցող հարաբերություններն Իրանի հետ կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար: «Մեր քաղաքական երկխոսությունը կայուն է, փոխադարձ այցերը շատ պարբերական»,-Սերժ Սարգսյանը նշել է ֆրանսիական L'Express պարբերականի հետ զրույցում: Նա հավելել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր երիտասարդությամբ և դինամիզմով մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հույս է ներշնչում:

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանի ծրագիրը մեկնարկել է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետիի հետ հանդիպմամբ: Մինչ հանդիպումը Նախագահ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել ԵԽԽՎ «Ոսկե գրքում»: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ: «Վերահաստատեցի աջակցությունը Գլխավոր քարտուղարի կողմից քանիցս հնչեցված տեսակետին, որ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ»։ Սա նշանակում է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է հավասարապես դիտարկի հակամարտությունների գոտիներում բնակվող քաղաքացիների իրավունքները՝ առաջնորդվելով կարգավիճակի հարցում «չեզոքության սկզբունքով»,- նշել է ՀՀ Նախագահը։

Նախագահ Սերժ Սարգսյանն Ստրասբուրգում մասնակցել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Նա մասնավորապես ընդգծել է. «Նախորդ անգամ պատիվ եմ ունեցել ելույթ ունենալ այս բարձր ամբիոնից 2013 թվականին, երբ Հայաստանը նախագահում էր ԵԽ նախարարների կոմիտեում: Այդ առաքելությունը կարևոր հանգրվան էր Եվրոպայի խորհրդի ընդարձակ ընտանիքում մեր ինտեգրվելու տեսանկյունից: Կարծում եմ՝ մենք այն պատվով իրականացրինք»։ Տարբեր ինտեգրացիոն գործընթացներին անդամակցելով` կարելի է վստահորեն առաջ շարժվել: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այս մասին նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:

Ստրասբուրգում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդին ՀՀ Նախագահի անունից պաշտոնական հուշանվերի՝ հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: Խաչքարի ցուցապաստառը բացել են Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Հանրապետության Նախագահը և Թորբյորն Յագլանդն արարողության կապակցությամբ հանդես են եկել ելույթներով:

Նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի (Ժողովրդավարություն՝ օրենքի միջոցով հանձնաժողով) նախագահի Ջաննի Բուքիքիոյի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետիի հետ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան այցի ծրագիրն ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ հանդիպմամբ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին և վարչապետ Նարենդրա Մոդիին՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն մեկնարկել է հունվարի 22-ին: Ժամանելով Ցյուրիխ՝ վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում, Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպումներ է ունեցել  միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի (Dominique de Buman) հետ: Ողջունելով Կարեն Կարապետյանին՝ Դոմինիկ դե Բումանը նշել է, որ ուրախ է հենց Դավոսում հանդիպելու ՀՀ վարչապետին և այստեղ քննարկելու մոտ ապագայում շվեյցարական պատվիրակության Հայաստան կայանալիք այցի մանրամասներն ու նախապատրաստական աշխատանքները: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսետի հետ: Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի երրորդ օրը մեկնարկել է իսպանական  «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ հանդիպումով: Վարչապետը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված  է,  որպեսզի ընկերության կողմից Հայաստանում մեկնարկած ծրագրերն ընդլայնվեն  և ընդգրկեն ոչ միայն  վերականգնվող էներգետիկայի, այլև  ջրային ռեսուրսների կառավարման ոլորտը, որտեղ բավականին լուրջ բարեփոխումներ են մեկնարկել։ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Աճիմ Շթայների (Achim Steiner) հետ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ: Դավոսում կայացել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր: Անդրադառնալով նախորդ տարի երկկողմ առևտրատնտեսական ցուցանիշներին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ աճ է գրանցվել ինչպես առևտրաշրջանառության, այնպես էլ ներմուծման և արտահանման ցուցանիշներում: «Այս թվերը վկայում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», - ասել է ՀՀ վարչապետը: Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտուն և այնտեղ ռուսական բիզնեսի և կապիտալի ակտիվ ներգրավման հնարավորություններին: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու  նպատակի և ունեցած հանդիպումների  մասին կարճ հարցազրույց է տվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրին: Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Euronews-ի բիզնես ծրագրի խմբագիր Օլեքսանդրա Վակուլինային: Կարեն Կարապետյանը մասնավորապես նշել է. «Մենք շարունակելու ենք իրականացնել մեր բարեփոխումների օրակարգը՝ Հայաստանը բիզնես միջավայրն ավելի հարմարավետ դարձնելու, տեղական շուկայի առումով տարածաշրջանում բիզնես վարելու միասնական հարթակ ձևավորելու ուղղությամբ՝ օգտագործելով առևտրային ռեժիմները Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության (GSP+) Իրանի (Ազատ տնտեսական գոտի) և մի շարք այլ պետությունների (GSP) հետ: Այժմ մենք փորձում ենք մեր տարածաշրջանի միասնական ապագան ստեղծել՝ փորձելով լինել հարթակ, շուկաների, մշակույթների դարպաս, որտեղ աշխարհի տարբեր երկրները իսկապես կարող են համատեղվել»:

Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) Հայաստանի նախագահության անդրանիկ միջոցառումը` ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի, հարակից կազմակերպությունների և ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության համատեղ նիստը: ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու հայեցակարգային խնդիրները՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանումը, ՍԾՏՀԿ տնտեսական օրակարգի պատշաճ իրականացումը, ՍԾՏՀԿ արդյունավետության, ինչպես նաև կազմակերպության դերի և հեղինակության բարձրացումը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստում համաձայնություն տվեց «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը օտարելու մասին որոշման նախագծին: 

Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Իվարս Բալամովսկիսը պաշտոնապես հերքում է, որ հունվարի 18-ին Ադրբեջանի պաշտոնական Azertag լրատվական գործակալության կայքում հրապարակված, ապա հեռացված հոդվածում նրան վերագրված մտքերը համապատասխանում են իրականությանը: Ադրբեջանական լրատվական կայքը  հունվարի 22-ին հեռացրել էր Իվարս Բալամովսկիսի՝ հունվարի 18-ին հրապարակված հարցազրույցը այն բանից հետո, երբ «Արմենպրես»-ը պատգամավորից փորձել էր պարզաբանում ստանալ նրան վերագրված մտքերի՝ իրականությանը համապատասխանելու վերաբերյալ:

ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջո­ցա­ռումների և քննչա­կան գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգ­­րա­ցիայի         կազ­մակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ, որը ՀՀ տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինա­կան միգրա­ցիա դեպի Իրան, ապա՝ Թուրքիա։

 Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-դեկտեմբերին 7.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ պատասխանատուները զեկուցել են 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների և Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին: 

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին նվիրված տոնական պատարագին: Հանրապետության Նախագահը շնորհավորական խոսք է հղել Ս.Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ: Միջոցառման շրջանակներում զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, երիտասարդների, հրավիրյալների և հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ տրված Ս.Պատարագի ավարտին եկեղեցում կատարվել է սահմանային գծում մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած պարտադիր ժամկետային զինծառայողների օրհնություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս.Սարգսի մասունքակիր աջով: Այնուհետև առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել թվով քսաներկու այդ զինծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Զինծառայողները Արարատյան թեմի կողմից պարգևատրվել են Սուրբ Սարգիս զորավարի խորհրդանշական խաչ-զարդապատկերներով: Հանրապետության Նախագահը շնորհավորական խոսք է հղել Ս.Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ:

ՀՀ Նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել 2017-2018թթ. զորացրված՝ լավագույն արդյունքներ և դրական բնութագիր ունեցող թվով 30 զինծառայողների հետ: Բաց և անկաշկանդ մթնոլորտում բանակի և ծառայության ընթացքում ի հայտ եկող խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների, պետության կողմից ձեռնարկվող քայլերի և զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զրույցից բացի, հանդիպման ընթացքում ներկայացվել են պաշտպանության նախարարության նախաձեռնած «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել են նաև հանդիպմանը ներկա մի շարք զորացրված զինծառայողներ:

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը համոզված է, որ այժմ երկրում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է: Այդ մասին ՀՀ վարչապետը նշել է «ՌԻԱ-նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ՀՀ-ում 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրին և պատասխանել հարցին՝ արդյոք նախատեսվում են այլ ներդրումային ծրագրեր: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ և ԵՄ-ի հետ ունենալով մաքսային արտոնյալներ ռեժիմներ, Իրանի հետ ընդհանուր սահման, ինչպես նաև գրավիչ ներդրումային և գործարար միջավայր, Իրանի հետ սահմանին ԱՏԳ-ի առկայությամբ կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել արտահանմանն ուղղված արտադրությունների համար:

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի համաձայն՝ ԱԽ-ն գլխավորելու է ՀՀ վարչապետը: Կառավարությունը սահմանեց 2018 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը:

Սոցիալ Դեմոկրատ-Հնչակյան կուսակցությունը նշում է կազմավորման 130-րդ տարեդարձը: Տեղի ունեցավ կուսակցության 130-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Միջոցառման մեկնարկին ՀՀ Սփյուռքի նախարարն ընթերցեց ՍԴՀԿ կազմավորման 130-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը

Սփյուռք

 «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության անդամները դիմել են Նոբելյան հանձնաժողովին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին հանձնելու առաջարկով:

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը վստահ է՝ Թուրքիայում տիրող ազգայնականության թեժ մթնոլորտի պայմաններում հասկանալի է Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից արված հայտարարությունը թուրքական զինուժի կողմից Սիրիայում սկսված ռազմական գործողությանն աջակցելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի խնդրանքով նա անդրադարձավ փաստին, որ Թուրքիայի հայկական համայնքի մի շարք անդամներ խիստ բացասաբար էին արձագանքել պատրիարքարանի կողմից հնչեցված հայտարարությանը: «Թուրքիայում այս պահին ուժեղ ազգայնական քամիներ կան, և նման պայմաններում եթե որևէ ազգային փոքրամասնության կառույց պետությանն աջակցող հայտարարություն է հանում, մյուսներն էլ դա անելու պարտավորվածություն են զգում»,- նշեց Դանզիկյանը:

Ձեռքը պահել  հասարակության զարկերակի վրա, լինել անաչառ, շարժվել ժամանակի շնչով. Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը նշում է իր հիմնադրման 110-ամյակը:  Ասուլիսում հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն, անդրադառնալով թերթի անցած ուղուն, նշեց, որ 1908 թվականին Թուրքիայում հայկական թերթ հրատարակելը հեշտ չի եղել: Այդուհանդերձ, այդ գործի ակունքներում կանգնած գործիչները կարողացել են հասնել դրան: 

Միջազգային խճանկար

Հարավային Կորեայում հրդեհից զոհվածների թիվը շարունակում է աճել. «Ռյոնհապ» գործակալությունը հայտնել Է 41 զոհվածների մասին: Նաեւ տուժել Է 79 մարդ, որոնցից ինը ծանր վիճակում են։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ Միրյան քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի ցավալի դեպքի կապակցությամբ։

Moody՚s միջազգային վարկանիշային գործակալությունը բարելավել Է ՌԴ-ի սուվերեն վարկանիշի կանխատեսումը՝ կայունից հասցնելով դրականի: Այն հաստատվել Է “Ba1” մակարդակում:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը կշարունակի օգնություն ցույց տալ եւ զենք մատակարարել Սիրիայի դեմոկրատական ուժերին (ՍԴՈՒ, քրդական կազմավորումներ), չնայած Թուրքիայի կողմից Աֆրինում նրանց դեմ ծավալված գործողությանը:

Մշակույթ

Տիգրան Մանսուրյանի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Ռեքվիեմ» ստեղծագործությունն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում:

Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանն անդրադարձել է Վատիկանի թանգարանում պահվող հայկական խաչքարին: «2014 թվականին Վատիկանյան թանգարաններում բացվեց և մշտական ցուցադրության դրվեց հայկական միջնադարյան խաչքար։ 1246թ. թվագրվող խաչքարն այդ օրվանից իր պատվավոր տեղն ունի Վատիկանյան թանգարանների Ուրբանոս 8-րդ Պապի անվան ցուցասրահում` հանրահայտ Սիքստինյան կապելլայի հարևանությամբ։ Ամեն օր Վատիկանյան թանգարաններ է այցելում միջինում 27 հազար մարդ՝ աշխարհի տարբեր ծայրերից: Թանգարանի մասնագետների կարծիքով՝ միայն 2016 թվականին հայկական խաչքարին ծանոթացել է ավելի քան 5 միլիոն այցելու»,- ֆեյբուքյան իր էջում գրել է Միքայել Մինասյանը:

Սպորտ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնության չեմպիոնը 18-ամյա Հայկ Մարտիրոսյանն է:

Արագ շախմատի Հայաստանի 2018 թվականի չեմպիոնը Մանուէլ Պետրոսյանն է:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը «Ազգերի լիգա»-ի 4-րդ խմբում է. կայացավ «Ազգերի լիգա»-ի վիճակահանությունը: Հայաստանի ազգային թիմն ընդգրկվեց 4-րդ խմբում և կմրցի Մակեդոնիայի, Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:

Ուստ Կամենոգորսկ քաղաքում (Ղազախստան) անցկացված «Օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիբակովայի Գրան Պրի» ատլետիկայի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող եռացատկորդ Լեւոն Աղասյանը 16 մ 39 սմ արդյունքով դարձավ մրցաշարի հաղթող: Հայ մարզիկը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]