Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Մարտ

Գերմանիան ընդլայնում է համագործակցությունը Հայաստանի հյուսիսային շրջանների հետ


ԳՅՈՒՄՐԻ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Գերմանիա հարաբերությունները նոր փուլ են մտնում, ինչը նախատեսում է ավելի խորացված ծրագրեր արդեն Հայաստանի հյուսիսում: Այս մասին Գյումրիում հունվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսում նշեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը՝ փաստելով, որ այս ամենին կնպաստի Հայաստանի հյուսիսում նորաբաց հյուպատոսարանը: «Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից է գործունեությունը նաև մարզերում: Այդ գործունեությունը վերաբերում է զարգացման քաղաքականության ոլորտին, տնտեսական կապերի աշխուժացմանը, ինչպես նաև մշակութային կապերի զարգացմանը մարզերում: Մինչ այս հյուսիսային շրջաններում չունեինք Գերմանիայի պաշտոնական ներկայացուցչություն, որը կարող էր ստանձնել այս գործունեությունը, բայց ունենք շատ ծրագրեր ու նախագծեր, որոնք իրականացրել ու հետագայում էլ իրականացնելու ենք՝ ընդլայնելով դրանք Հայաստանի տարբեր մարզերում: Չափազանց շատ համագործակցային հնարավորություններ կան ինչպես Շիրակի, այնպես էլ Լոռու մարզերում»,-նշեց դեսպանը՝ կարևորելով այսուհետ Շիրակում ու Լոռիում Գերմանիայի ներկայացուցիչ ունենալու հանգամանքը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզում մինչ այս ևս Գերմանիայի կառավարության կողմից տարբեր ծրագրեր իրականացվել են հատկապես համայնքային զարգացման ոլորտում՝ տարբեր վայրերում բացվելով գրասենյակներ: Իրականացվում են նաև ծրագրեր Գերմանիայի համագործակցության՝ GIZ, ինչպես նաև գերմանական վերականգնման KFW բանկի կողմից՝ հատկապես բնապահպանության ոլորտում, նմանատիպ ծրագիր իրականացվում է ինչպես Արփա լճի տարածքում, այնպես էլ Հայաստան-Վրաստան անդրսահմանային գոտում: Գերմանիայի դեսպանությունը ժամանակ առ ժամանակ աջակցություն է ցուցաբերում նաև գործող ոչ կառավարական՝ հասարակական կառույցներին: Իրականացվող ծրագրերից է նաև Կապսի ջրամբարի վերականգնումն ու ոռոգման համակարգի ստեղծումը, բայց հյուպատոսության շնորհիվ այս ծրագրերը կընդլայնվեն՝ վստահեցնում է դեսպանը:
Լրագրողների հարցին, թե արդյոք հյուպատոսության բացումը կապ չունի Եվրամիության կողմից 2018 թվականին Շիրակում նախատեսված ծրագրերի հետ՝ դեսպանը պատասխանեց, որ զարգացման քաղաքականությանը վերաբերող ու դրա շրջանակում իրականացվող նախագծերը համընդհանուր քննարկման են դրվում Եվրամիության հետ: «Բայց Գյումրիում հյուպատոսարանի բացումը բացարձակ կապ չունի ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման հետ: Իմ դիվանագիտական գործունեության առաջին իսկ ամիսներից էլ պարզ էր, որ մենք կարիք ունենք պատվո հյուպատոսի ինստիտուտի հիմնադրմանը և այդ ժամանակ դեռ խոսք չկար այդ համաձայնագրի մասին, ուստի, մեկը մյուսի հետ կապ չունի, ինչը չի բացառում այն հանգամանքը, որ իսկապես մեծ է հետաքրքրությունը Եվրամիության տարբեր անդամ երկրների կողմից ընդլայնելու իրեն հարաբերությունները՝ դեպի մարզեր»,-նշեց դեսպանը:
Դեսպանը կարևորեց նաև երկու երկրների հարաբերությունները՝ միջմարդկային շփումների միջոցով և տուրիստների ակտիվ հոսքով:

«Շիրակի ու Լոռու մարզերը ցավոք, այդքան էլ հայտնի չեն գերմանացի զբոսաշրջիկներին: Կարծում եմ, այստեղ մեծ ներուժ կա, որը պետք է բացահայտել ու իրականացնել՝ բազմաթիվ նախաձեռնություններով»,-նշեց դեսպանը ավելացնելով, որ այսուհետ կլինեն նաև կրթական ծրագրեր:

Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ