Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի ստեղծման գործն առաջ է ընթանում 


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հոգևոր երգի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի թանգարանի վերանորոգման աշխատանքը նախատեսվում է ավարտել մինչև հունիսի մեկը՝ երգչուհու ծննդյան օրը: Հենց այդ օրն էլ տեղի կունենա թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Լուսինե Զաքարյանի և նրա ամուսնու՝ Խորեն Պալյանի մահից հետո Երևանի Կողբացի, 42 հասցեում գտնվող նրանց տունն անցել էր Պալյանի զարմիկներին, որոնք ժառանգած սեփականությունը թանգարանի վերածելու հարցում երկար տարիներ համաձայնության չէին գալիս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ Զաքարյանի տունը թանգարանի վերածելու ցանկությունը կյանքի կոչելու հնարավորության մասին օրերս հայտարարել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Փոխնախարար Արև Սամուելյանի պարզաբանմամբ, հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ Լուսինե Զաքարյանի ու Խորեն Պալյանի՝ մի քանի ճյուղով ժառանգների հետ:

«Ուզում եմ ընդգծել և շնորհակալություն հայտնել Խորեն Պալյանի եղբորորդիներին, որոնք կարողացան լուծել այս խնդիրը: Արդյունքում Լուսինե Զաքարյանի տունը կվերածվի թանգարանի: Սա եղել է ոչ միայն հանրության և Մշակույթի նախարարության, այլև այդ հրաշալի զույգի՝ Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի մեծ ցանկությունը: Մշակութային այս օջախը կունենա հիմնադրամ-թանգարանի կարգավիճակ: Ցուցադրության գիտական հայեցակարգը կմշակի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը: Բնակարանի վերանորոգումը ստանձնել է Րաֆֆի Պալյանը՝ Խորեն Պալյանի եղբորորդին: Աշխատանքը հրաշալի առաջ է գնում»,-ասել է փոխնախարար Արև Սամուելյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ