Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աննա Գևորգյան. Մեկ անգամ Հայաստանում

Աննա Գևորգյան. Մեկ անգամ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Ազատ գետի խորը կիրճ, խիտ կանաչ բնություն, դիմացը բացվող լեռնաշղթա, տեղ-տեղ վերևից նշմարվող գետ, որի ձայնը հատկապես ուժեղ է քարերի սիմֆոնիայի մոտ... Գառնի գյուղ։ Ահա այստեղ էր հերթական անգամ ինձ բերել իմ ճանապարհորդությունը։ Ինչո՞ւ հերթական։ Թերևս, հայ ազգի համար այս հարցը կարող է անհեթեթ հնչել։ Չէ՞ որ Գառնի-Գեղարդ էքսկուրսիան բոլորի ամառային օրակարգի անբաժան մասն է։

Սիրում եմ հայաստանյան ամառները։ Կան մի շարք հատկանիշներ, որոնցով հատկապես առանձնանում է՝ բազում զբոսաշրջիկներ, շոգից անվերջ բողոքողներ, ձմռան համար պահածոներ պատրաստող տնային տնտեսուհիներ, արտասահմանից ժամանած սփյուռքահայ բարեկամներ...

Պատմությունս հինգ տարվա վաղեմություն ունի, բայց համոզված եմ, որ հենց դրա շնորհիվ է, որ հավատում եմ հայ մարդու հզորությանն ու յուրահատկությանը։

Արդեն մի քանի տարի էր, ինչ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում կամավոր էի ու ներգրավված էի մի շարք նախաձեռնություններում։ Այդ ամռանը հյուրընկալելու էինք գերմանական երիտասարդական պատվիրակությունը։ Մի քանի ամիս առաջ սկսել էինք նախապատրաստվել։ Շատ պատասխանատու կերպով մոտենալով հարցին՝ ես և ընկերուհիս՝ Մարինան առաջարկեցինք մեկ օրն անցկացնել գյուղական միջավայրում...

Առավոտյան ժամը 10:00-ն էր։ Մարինան ու ես կիսաջարդ ավտոբուսում էինք ու շարժվում էինք դեպի Գառնի։

Հասնելով գյուղ՝ որոշեցինք պատահականության սկզբունքով մի քանի տուն ընտրել ու հարցնել արդյոք չե՞ն ցանկանա մի քանի շաբաթ անց մեր մեծ պատվիրակությունը հյուրընկալել։ Ցավոք, մեր պատահականության սկզբունքն այդքան էլ մեր օգտին չէր աշխատում։

Մի փոքր տխուր՝ որոշեցինք քայլել դեպի տաճարն ու վերադառնալ Երևան։ Մի քանի քայլ էինք հեռացել, երբ երկնքից ձայն լսեցինք։ Զարմացած հետ ու վերև նայեցինք, բայց ոչ ոքի չնկատեցինք։ Մի քանի քայլ էլ արեցինք, և՝  նորից ձայն։ Այն մեզ հուշեց նայել դեպի աջ։ Պարսպից այն կողմ, ծիրանի ծառի վրա մի պապիկ էր։ Նա մեզ հրավիրեց ծիրանի բերքահավաքի։ Մարինան ու ես իրար նայեցինք, ու առաջարկը միանշանակ ընդունված էր։

Լինելով մոտ 80 տարեկան՝ Ռազմիկ պապիկը երիտասարդի նման բարձրացել էր ծառն ու բերքահավաք էր անում։ Մենք էլ միացանք մյուսներին ու բռնեցինք բերքահավաքի համար նախատեսված կտորը։ Բռնել էինք ողջ ուժով, որ դիմանար ծիրանի հարվածներին։ Իսկ պապիկն իր ողջ եռանդով թափահարում էր։ Բերքահավաքի ծիծաղն անպակաս էր․ հատկապես այն պահերին, երբ ծիրանի մի քանի հարվածներ էինք ստանում մեր գլուխներին։ Բերքահավաքից հետո մեզ հրավիրեցին ճաշի, որին հաջորդեց հոլ խաղալը։ Երբեք չէի խաղացել։ Իրականում, դա կյանքումս միակ անգամն էր, որ խաղացել եմ հոլ։ Ռազմիկ պապիկի ընտանիքը մեծ էր, ամռան արձակուրդներին այնտեղ էին նաև նրա թոռնիկները։

Մարինան ու ես նույնպես մի քանի ժամով դարձել էինք նրա թոռնիկները... Եվ այսպես է լինում ցանկացած զբոսաշրջիկի հետ, ով անցնում է նրանց տան մոտով...

Սիրում եմ հայաստանյան ամառները՝ չոր բնություն, բարձր ծիծաղ, այգիներում բերքահավաքներ, անհոգ երեխաների խաղերի ճիչեր, բարի ու հյուրասեր մարդիկ...

Սիրում եմ Հայաստանը՝ իր բոլոր բացասական կողմերով հանդերձ (դե, այդքան էլ բոլոր չէ, բայց այս մասին՝ ուրիշ պատմության մեջ)։ Ու համոզվում եմ, որ հաղթանակը կարող է լինել մերը միայն այն դեպքում, եթե կարողանանք պահպանել մեր հյուրասիրությունը, բարությունն ու հոգատարությունը։

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]