Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արտաշատցի դպրոցականները Բրյուսելից վերադարձան հարուստ տպավորություններով

Արտաշատցի դպրոցականները Բրյուսելից վերադարձան հարուստ տպավորություններով

ԱՐՏԱՇԱՏ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էներգիայի խնայողության օգտագործման խնդիրները» ծրագրով Եվրամիության միջդպրոցական միջազգային մրցույթին մասնակցած եւ հունվարի 17-20-ը Բրյուսել մեկնած արտաշատցի 12 դպրոցականները վերադարձել են անմոռանալի տպավորություններով:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նրանց հետ մեկնած մանկավարժները՝ Արտաշատի ավագ դպրոցի տնօրեն Եպրաքսիա Սիմոնյանը եւ ծրագրի պատասխանատու, անգլերեն լեզվի ուսուցչուհի Եվգենիա Հարությունյանը պատմեցին, որ մայրաքաղաքում հանդիսավոր ընդունելությունից հետո Եվրամիության եւ Եվրահանձնաժողովի պատասխանատուները, ծրագրի համակարգողները Լիտվայից, Խորվաթիայից եւ Հայաստանից ժամանած հյուրերին ուղեկցեցին Բրյուսելի հայտնի Շոկոլադի թանգարան: Այնտեղ նրանք ծանոթացան կակաոյի ծառին, պտղին, մշակման եղանակներին, դրանից շոկոլադ ստանալու տեխնոլոգիային: Թանգարանում տեղադրված շոկոլադե արձանիկները, որ ներկայացնում էին կակաոյի ցանքատարածություններում աշխատող կանանց, բացառիկ ազդեցություն են գործել հյուրերի վրա: Դպրոցականները համտեսել են շոկոլադի կծու եւ քաղցր, սեւ եւ սպիտակ տեսակները:
Հաջորդ վայրը, որից ստացած տպավորությունների մասին պատմեցին մանկավարժները՝ Բրյուսելի թագավորանիստ հատվածն էր, որտեղ դպրոցականները ծանոթացել են Բելգիայի թագավորների, նրանց գերդաստանների պատմությանը: Աշակերտներին հատկապես հիացրել են Արթուր արքայի առասպելական պատմությունը, ինչպես նաեւ արքայազն Ալբերտի եւ այլոց արձանները, որոնք նրանց մտովի տարել են հինավուրց Բելգիայի հեքիաթային թագավորություն: Պատվիրակությունն այցելել է նաեւ խոնարհված պատմական եկեղեցի, հիացել ստորգետնյա գետով:
Նոր Բրյուսելի կողքին պահպանվել է հին մայրաքաղաքը՝ իր յուրօրինակ կոլորիտով, հինավուրց ճարտարապետական մշակույթով, որը նույնպես անջնջելի տպավորություններ է թողել հյուրերի հիշողություններում:
Դպրոցի տնօրենի խոսքով՝ արտաշատցի դպրոցականները նախօրոք գիտելիքներ էին ձեռք բերել Բրյուսելի, նրա պատմական վայրերի, քաղաքի ստեղծման պատմության մասին, որով հիացրել են էքսկուրսավարներին:
Բնական գիտությունների թանգարանում հյուրերին թվացել է, թե դինոզավրերը, իխտիոզավրերը եւ զանազան բրածոները, որոնք արտառոց ձայներ են արձակել շնորհիվ ձայնային համապատասխան համակարգի՝ ուր որ է կհարձակվեն իրենց վրա: Ածխահատների, նախամարդու, կովկասյան նախամարդու կմախքները, ծովային ու ցամաքային բրածոները աշակերտներին հիացրել են իրենց խորհրդավորությամբ եւ բնականությամբ:
Հյուրերը Եվրախորհորդարանի շենքի սրահում դիտել են եվրոպական երկրների քարտեզները, տեղեկություններ ստացել նրանց, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի ստեղծման պատմության, վերջինիս բյուջեի մասին: Տպավորիչ շրջագայությունից հետո աշակերտները հինգ րոպեում ներկայացրել են իրենց ծրագիրը, նախապես պատրաստված խտասալիկները, այնուհետեւ մասնակցել էկոլոգիական թեմաներով զանազան թիմային խաղերի: Պատվիրակության անդամները ստացել են սերտիֆիկատներ, հուշանվերներ, նոթատետրեր, ծանոթացել եւ փոխանակել հասցեներ: Դպրոցի տնօրեն Եպրաքսիա Սիմոնյանը կարճառոտ ներկայացրել է Հայաստանի պատմությունը: Օտարերկրացիները հիացել են մեր արեւահամ չրով, ինչը տարվել էր Հայաստանից: Իսկ տիեզերական Նարեկացու գրքի մասին նշել են, որ այն առմիշտ կմնա իրենց մոտ եւ որ այն այս այցելության ամենախոսուն վկան է:
Արտաշատցիների հրավերով նրանք ամռանը փոխադարձ այցելություն կկազմակերպեն՝ պատմական Հայաստանին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով: Խանդավառված դպրոցականներն այժմ նախապատրաստվում են մրցույթին մասնակցելու հերթական ծրագրին:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]