1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 4/95. «Երեք ընկեր», «Զոլավոր գիշերազգեստով տղան», «Կեցության անտանելի թեթևությունը» գրքերը ամենավաճառվածների ցանկում են

Երևանյան բեսթսելեր 4/95. «Երեք ընկեր», «Զոլավոր գիշերազգեստով տղան», 
«Կեցության անտանելի թեթևությունը» գրքերը ամենավաճառվածների ցանկում են

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը նորից գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին՝ Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ լույս տեսած երկհատորյակը: Կազմել և խմբագրել է Աշոտ Գաբրիելյանը:

Երկրորդ հորիզոնականում Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունն է: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Բրազիլացի հանրահայտ գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը», կրկին երրորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Գիրքը թարգմանել է Աննա Մարությանը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը:

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն զիջել է իր դիրքերը և աղյուսակում չորրորդն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:

Մի քանի հորիզոնականով իր դիրքերը բարելավել և հինգերորդ հորիզոնականն է զբաղեցրել Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը: Այն պատմություն է բարձր սարերում ծվարած մի գյուղի և նրա փոքրաթիվ բնակիչների մասին, որոնցից յուրաքանչյուրը մի քիչ խենթ է, մի քիչ փնթփնթան, և որոնցից յուրաքանչյուրի հոգում իրական գանձեր են թաքնված: Ռուսերենից թարգմանել է Նաիրա Խաչատրյանը, խմբագրել է Հայարփի Խաչատրյանը:

Վեցերորդ տեղում Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպն է: Այն  պատմություն է պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար: Գիրքը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Գերմաներենից թարգմանել է Վանուհի Բաղմանյանը, խմբագրել է Լուսինե Համբարյանը:

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը յոթերորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո: Գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք: Վիպակը լույս է տեսել Ռուզան Ազիզյանի թարգմանությամբ, խմբագիրն է Արմեն Սարգսյանը:

Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» վեպն այս շաբաթ ութերորդն է: Գերմանացի մեծանուն գրողի այս երկը նրա ամենահայտնի գործն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը: Թարգմանիչ՝ Արա Առաքելյան, խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան:

Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և իններորդ տեղը զբաղեցրել  Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությունը: Այն հեղինակի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Գիրքը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը: Թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը: Ժողովածուն ընդգրկում է նշանավոր գրողի մի շարք լավագույն նորավեպեր` Արա Առաքելյանի և Մարգարիտ Առաքելյանի թարգմանությամբ: Երկերի սյուժեի բանաստեղծական խորհրդատվություն, դրամատիկ կառուցվածք, կերպարների ամբողջականություն, բնավորությունների հոգեբանական խոր վերլուծություն, հյութեղ լեզու. այս ամենի և այլ արժանիքների շնորհիվ Ստեֆան Ցվայգը դարձել է ամենապահանջված հեղինակներից մեկը: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Վարդգես Պետրոսյան

«Ապրած և չապրած տարիներ»

Դարակ 82
2 +2

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 30
3 0

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 20
4 -2

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 19
5 +3

Նարինե Աբգարյան

«Երկնքից երեք խնձոր ընկավ»

 Օրակուլ 17
6 *

Էրիխ Մարիա Ռեմարկ

«Երեք ընկեր»

Էդիթ Պրինտ 17
7 *

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերազգեստով տղան»

Վերնատուն 13
8 -1

Հերման Հեսսե

«Տափաստանի գայլը»

Անտարես 11
9 *

Միլան Կունդերա

«Կեցության անտանելի թեթևությունը»

Անտարես 11
10 *

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 10

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]