Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գավառում անցկացվեց Հայոց բանակի 26-րդ տարեդարձին նվիրված ոգեկոչման ցերեկույթ

Գավառում անցկացվեց Հայոց բանակի 26-րդ տարեդարձին նվիրված ոգեկոչման ցերեկույթ

ԳԱՎԱՌ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար Գեորգի Խաչատուրովի նախաձեռնությամբ հունվարի 25-ին Գավառ քաղաքի մշակույթի պալատում անցկացվեց ոգեկոչման ցերեկույթ՝ նվիրված 3-րդ բանակային կորպուսի սպա, սակրավոր, 2013 թվականի հոկտեմբերին մարտական առաջադրանքը կատարելիս զոհված եւ հետմահու «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի արժանացած Գեորգի Մնացականյանի հիշատակին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ արարողությանը մասնակցում էին հերոսի ծնողներն ու հարազատները , ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի զինծառայողներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մանկավարժներ, դպրոցականներ:

Ցերեկույթը մեկնարկեց Գեորգի Մնացականյանի մասին պատմող « Արծվաքարցի արծիվը» ֆիլմի ցուցադրությամբ, որում ներկայացվեց Գեորգի Մնացականյանի անցած զինվորական ուղին եւ գործած սխրանքը: «Մենք այսօր եւ՛ հուզված ենք, եւ՛ հպարտ: Հպարտ ենք, քանի որ ունենք հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոս տղաներ, ինչպիսին որ Գեորգին էր, բայց միեւնույն ժամանակ տխուր ենք, քանի որ նրանք այլեւս մեր կողքին չեն: Գեորգին իր կյանքը տվեց հանուն խաղաղության, հանուն մեր երկրի սահմանների պաշտպանության, որպեսզի այսօր իր ծառայակից ընկերներն ու հարազատներն ապրեն, արարեն ու շենացնեն Հայաստան երկիրը: Ես իմ խոնարհումն եմ բերում Գեորգիի անմար հիշատակին եւ իմ երախտագիտությունը հայտնում նրա ծնողներին՝ Գագիկին և Անահիտին՝ հերոս զավակ ծնելու, սնելու եւ դաստիարակելու համար»-իր շնորհակալական խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը:

Արծվաքարցի հերոս Գեորգի Մնացականյանին ուղղված հիշատակի եւ ոգեկոչման խոսքերով հանդես եկան նաեւ զինվորականները, մանկավարժներն ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները: ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Հայկ Պետրոսյանն ընթերցեց կորպուսի հրամանատար Գեորգի Խաչատուրովի երախտիքի խոսքը եւ նրա կողմից շնորհակալագիր հանձնեց Գեորգիի ծնողներին: «Այսօրինակ միջոցառումները մեզ սփոփում են, թարմացնում որդուս մասին հուշերը, որոնց շնորհիվ մենք տեւական ժամանակ հպարտության զգացողություն ենք ապրում» - իր խոսքում նշեց Գագիկ Մնացականյանը:

Ոգեկոչման ցերեկույթը եզրափակվեց Գավառի մշակութային հաստատությունների սաների երաժշտական կատարումներով: Օրվա առթիվ ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության կողմից Գեղարքունիքի մարզը ներկայացնող 5 զինծառայողներ ստացան կարճատեւ արձակուրդ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]