1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Գրքի ընկեր» մրցանակաբաշխության կազմակերպիչներն անվանական պատվոգրով գնահատեցին «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» նախագիծը

«Գրքի ընկեր» մրցանակաբաշխության կազմակերպիչներն անվանական պատվոգրով 
գնահատեցին «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գրքի լայն տարածման և հանրահռչակման գործում դերակատարում ունեցած լրատվամիջոցներին ու լրագրողներին հունվարի 25-ին «Գրքի ընկեր» մրցանակաբաշխության շրջանակում մրցանակներ հանձնվեցին: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը «Երևանյան բեսթսելեր» նախագծի համար արժանացավ անվանական պատվոգրի:

«Մշակութային լրագրությունն ամենաբարդ ոլորտներից է. հատկապես դժվար է գրականությանն անդրադառնալը:  Ամենատարբեր հեռուստաընկերություններում, թերթերում, կայքերում  գրականությանը վերաբերող նյութերն այնքան էլ պահանջված չեն եղել: Վերջին տարիներին գրքի, գրականության շուրջ կատարված աշխատանքը փոխել է այդ մթնոլորտը: Շատ անձիք և կազմակերպություններ սեփական նախաձեռնությամբ են հանդես գալիս այս ոլորտում իրենց ներդրումն ունենալու համար, և պատահական չէ, որ եթե նախկինում կենտրոնանում էինք լրագրողներին մրցանակներ շնորհելու, պարգևատրելու հարցի շուրջ, այժմ նաև ընդգրկել ենք ամենատարբեր կազմակերպությունների, անհատների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային պատկերասրահում կայացած միջոցառմանը նշեց  «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:

Իր հիմնադրման 25-ամյակի առիթով «Անտարես»-ը «Գրքի դեսպան» կոչումը շնորհեց գործարար Վիգեն Բադալյանին: Մրցանակների արժանացան «Գրքախաղ»-ի հեղինակ Ներսես Հայրապետյանը, ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը, «Գրանիշ»-ի խմբագիր Հասմիկ Հակոբյանը, «Tert.am» կայքը,  լրագրող Հովհաննես Վարդանյանը, «Erevan.Today», «Vivaronews culture», «Erit.am» կայքերը, «Newmag» ամսագիրը, «Առավոտ» օրաթերթը, «Երկիր մեդիա», «ԱՐ», «Արմենիա», «Հանրային»  հեռուստաընկերությունները, Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը, «Միհր» ստեղծագործական միությունը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Գայանե Դանիելյանը, «Թեմա» հաղորդաշարի հեղինակ-վարող Հայկ Համբարձումյանը, «Շողակաթ» հեռուստաընկերության լրագրող Հերմինե Հակոբյանը, «Loft» ինքնազարգացման կենտրոնը, «Հանրային Ռադիոն», «Բարձր գրականություն» նախագիծը, «Հրապարակ» օրաթերթի լրագրողներ Թագուհի Հակոբյանը և Սոնա Ադամյանը, «Գրքի վարձույթ»-ի հիմնադիր Վահե Բաղինյանը, «Երևան» ամսագիրը, «Առավոտ» օրաթերթի լրագրող Գոհար Հակոբյանը, Հանրային ռադիոյի «Վերնատուն» ծրագրի լրագրող Նազելի Օհանյանը, «Mediamax» լրատվական գործակալությունը և լրագրող Արմինե Սարգսյանը:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը խոսեց խորհրդանշական մրցանակների մասին: «Անտարես»-ը 25 տարեկան է: Եվ մենք մտածեցինք, որ գործարար մարդն ունի դրամապանակ, իսկ ինչը կարող է կապ ունենալ դրա հետ.  այնտեղ մեկ կամ երկու դոլարանոց է դնում: Գնեցինք երկու դոլարանոցներ, վրան հինգ ավելացրեցինք ու դարձավ 25. ստացվեց այս նվերը»,-ասաց Մարտիրոսյանը:

Նա շեշտեց, որ դեռ խոսում ենք գրքի շուրջ, բայց պետք է շատ լինեն հաղորդումներն ու նյութերը, որոնց միջոցով կխոսվի գրքի բովանդակության մասին:  «Մենք կարևորում ենք  այն մարդկանց աշխատանքը, որոնք խոսում են գրքի մասին ու գնահատում նրանց արածը մեր կարողությունների չափով»,-շեշտեց նա:

 «Գրքի ընկեր» մրցանակաբաշխությունը կազմակերպել էին «Անտարես» հրատարակչությունը, «Գրքի ինստիտուտ» մշակութային ՀԿ-ն և Հայաստանի մշակութային հիմնադրամը`կարևորելով գրքի և գրականության լայն տարածումը և գնահատելով ԶԼՄ-ների ու լրագրողների ջանքերն այդ գործում:

25 տարվա ընթացքում «Անտարես»-ը բազմաբնույթ գործունեություն է ծավալել Հայաստանում գրքի, հրատարակչական գործի, թարգմանական արվեստի, ժամանակակից հայ գրողների ու գրականության հանրայնացման և հանրահռչակման, ընթերցանության աճի խնդիրների լուծմանը: Հատկապես վերջին յոթ տարիներին հրատարակչության ջանքերն այդ հարցում որոշակի հաջողություններ են գրանցել: Հրատարակվել է հազարից ավելի անուն գիրք, ստեղծվել են տարբեր թիրախավորումներ ունեցող «Պարտադիր ընթերցանություն», «Օտար գիր», «Նոբելյան մրցանակակիրներ» և այլ մատենաշարեր, իրականացվում է Գուրգեն Մահարու երկերի լիակատար ժողովածուի հրատարակությունը: Որդեգրելով միայն բնագրային թարգմանություններ կատարելու քաղաքականությունը` «Անտարես»-ը հրատարակել է մոտ 300 թարգմանական գիրք, աշխարհի 22 լեզվից` այդ գործընթացում ներգրավելով ինչպես հայտնի թարգմանիչների, այնպես էլ` նոր անունների:

 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]