Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անդրանիկ Մանուկյան. Մեկ անգամ Հայաստանում

Անդրանիկ Մանուկյան. Մեկ անգամ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Մենք Անդրանիկն ու Անահիտն ենք: Այո-այո՝ մենք երկու կես ենք: Մի քիչ խելառ կես ենք, բայց դե… Շատ ենք սիրում ճանապարհորդել: Ոտքներս դրել ենք մեկ կոշիկի մեջ ու չենք ցանկանում արտասահմանում շրջել, քանի դեռ մեր երկիրը չենք բացահայտել: Հա՛, մոռացանք ասել, թե ինչու ենք խելառ. մենք երթևեկում ենք ավտոստոպով և այդպես ամենուր՝ անգամ ամենախուլ տեղանքները: Երկուսս էլ հասցրել ենք նկատել, որ Հայաստանի ամենագունեղ ու գրավիչ ճանապարհներից մեկը Սոթք-Քարվաճառն է: Այս ուղղությամբ հիմնականում գնում ենք «տաք ջրեր», այո՛-այո՛, քարվաճառյան հայտնի «տաք ջրերը»: Հայտնի ենք ասում, բայց շատ շատերը անգամ չգիտեն, որ Հայաստանում այդպիսի տեղեր կան: Ինչևէ… Շատ ենք սիրում այնտեղ գնալ. աշնանային և ձմեռային ամիսներին ամիսը մեկ անգամ գնում ենք: Այնտեղ շատ «տաք ջրեր» կան, բայց հիմնականները երեքն են: Մենք դրանց անվանում ենք բնական ջակուզիներ: Այնտեղ մեզ հետ շատ-շատ հետաքրքիր ու զվարճալի պատմություններ են եղել. մոլորվել ենք, որպես լրտես բռնվել, հարբած մարդկանց ձեռքն ընկել կամ խորհուրդ են տվել մեկի տանը գնալ գիշերել, բայց այդ մարդը երկու օր առաջ տեղափոխվել էր, և ստիպված իր պատշգամբում ենք գիշերել: Մի խոսքով՝ զվարճալի պատմություններն այնտեղ անխուսափելի են: Մեկ անգամ էլ մտածեցինք, որ լավ կլինի մի փոքր քայլենք բոլոր համայնքների մոտով ու ավելի լավ վայելենք այդ չնաշխարհիկ գեղեցկությունը. այդպես մեր ցանկությունը իրականացավ: Մեզ պատահեց մի պապիկ, ով կաղամբ էր վաճառում (մենք նրան որպես կաղամբ պապիկ ենք հիշում), նա մեզ վերցրեց, միասին գնացինք մի քանի կիլոմետր, հետո նա մտավ մի համայնք՝ վաճառք իրականացնելու, մենք սկսեցինք քայլել: Այնպես ստացվեց, որ մեքենա չպատահեց և այդ պապիկը նորից եկավ ու վերցրեց մեզ: Եվ լավ կլիներ, որ այդ բանը հինգ անգամ չկրկնվեր. խեղճ պապիկը արդեն հոգնել էր մեզանից, իսկ մենք չէինք հոգնում ու կշտանում մեր Հայաստանի ամեն մի մետրն ուսումնասիրելուց, օդը շնչելուց, Թարթառի շառաչը վայելելուց:

Ապրել Հայաստանում ու գեթ մեկ անգամ չգնալ Քարվաճառի «տաք ջրեր», նույնն է, որ ապրել ծովափնյա երկրում ու չվայելել ծովի բարիքները: Չմոռանանք նշել, որ այդ ջրերն ունեն բուժիչ նշանակություն, և շատ բժիշկներ իրենց հիվանդներին  այնտեղ թերապիաներ են նշանակում: Մի խոսքով՝ հաճելին համատեղում ենք օգտակարի հետ: Այնպես որ` հաջորդ ուղղությունը դեպի Քարվաճառ, և չմոռանաք այցելել Դադիվանք:

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]