Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Դեկտեմբեր

ԽՍՀՄ առաջին քաղաքացին, ով հանդիպել է Հռոմի Հովհաննես 23-րդ պապի հետ. «Արմենպրես»-ը ներկայացնում է Արամ Խաչատրյանի նշանավոր հանդիպումները


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կենսագրությունը լի է նշանավոր մարդկանց հետ հանդիպումներով: Կոմպոզիտորն իր շրջագայությունների ընթացքում բազմիցս հանդիպման առաջարկներ է ստացել համաշխարհային դեմքերից՝ գրողներից, նախագահներից, արքայական ընտանիքներից: «Արմենպրես»-ն այս անգամ ներկայացնում է կոմպոզիտորի՝ Իտալիայում ունեցած նշանավոր հանդիպումները:

Խաչատրյանի հանդիպումը Հռոմի Հովհաննես 23-րդ պապի հետ

1960-ին Խաչատրյանն արժանացել է Սանտա-Չեչիլիա երաժշտական ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչմանը: Արդեն հարյուրամյակների պատմություն ունեցող ակադեմիայում որպես պատվավոր պրոֆեսորներ ընտրվում էին միայն աշխարհի ամենաճանաչված երաժիշտները: Հենց այդ առիթով, երբ Խաչատրյանը 1963-ին այցելել էր Իտալիա՝ մասնակցելու իր պատվին կազմակերպված հանդիսությանը, ակադեմիայի նախագահ պրոֆեսոր Բուստինին փոխանցել է Հռոմի Հովհաննես 23-րդ պապի հետ հանդիպման հրավեր: Խաչատրյանն, իհարկե, միանգամից տվել է իր համաձայնությունը: Մի քանի օր անց կոմպոզիտորն իր տիկնոջ՝ Նինա Մակարովայի հետ հյուրընկալվել է Վատիկանում:

«Խաչատրյանը Վատիկանը հիշել է որպես մի վիթխարի շքեղ շինություն, որն ավելի շատ նման է թանգարանի: Հարկ է նշել, որ այդ տարիներին Խորհրդային Միությունն ու Վատիկանը դիվանագիտական կապեր չունեին դեռ, և Խաչատրյանը Խորհրդային Միության առաջին քաղաքացին էր, ում հետ Հռոմի պապը 30 րոպե տևողությամբ զրույց է ունեցել: Նման հանդիպումների ժամանակ սովորաբար միայն Հռոմի պապն է խոսել, սակայն այս մեկը տարբերվել է գեղեցիկ երկխոսությամբ: Ինչպես Խաչատրյանն է վերհիշել հետագայում՝ ինքը շատ տպավորված է եղել Հռոմի պապի արվեստի, նվագախմբերի, երաժիշտների մասին իրեն ուղղված հարցերով»,-պատմում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

 Հովհաննես 23-րդն իր մեծ ուրախությունն է հայտնել, որ Խաչատրյանն ընտրվել է ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր և նաև իր հիացմունքը՝ կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության նկատմամբ: Հանդիպմանը Հռոմի պապն ասել է, որ հայ ժողովուրդը փոքրաքանակ է, սակայն աշխարհին պարգևել է բազում հանճարներ: Նա նաև ասել է՝ կարծում եմ, եթե կյանքը լիներ երգ, շատ գեղեցիկ երգ կլիներ: Խաչատրյանն էլ պատասխանել է, որ, իր կարծիքով, աշխարհի բոլոր բարի մարդիկ ձգտում են կյանքը դարձնել գեղեցիկ երգ: Հանդիպման ավարտին որպես հուշանվեր Հռոմի պապը Խաչատրյանին հանձնել է Վատիկանի շքանշանն իր պատկերով, իսկ Նինա Մակարովային` խաչ: Որպես հանդիպման հուշ, մի քանի օր անց Խաչատրյանին հանձնվել է հանդիպմանն արված համատեղ լուսանկարը: Այն այժմ պահվում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հավաքածուում:

Արամ Խաչատրյանի հանդիպումն Իտալիայի նախագահի հետ

Նույն շրջագայության ժամանակ Խաչատրյանը հանդիպել է նաև Իտալիայի այդ ժամանակի նախագահ Սենյիի հետ: Նախագահն անձամբ է հրավիրել նրան: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Իտալիայում Խորհրդային Միության դեսպանը: Հանդիպման կարևոր արդյունքն եղել է այն, որ Խաչատրյանը զրույցի ժամանակ առաջարկել է, որ Իտալիայի և Խորհրդային միության մշակութային կապերը զարգացնելու համար Միլանի հռչակավոր «Լա Սկալա»  օպերային թատրոնը հյուրընկալվի Մոսկվայում, իսկ Մոսկվայի Մեծ թատրոնը՝ Միլանում: Գաղափարը դուր է եկել նախագահին, և համերգային այդ շրջագայություններն իսկապես տեղի են ունեցել:

«Իտալիա ժամանումը կարևորվել է ևս մի հետաքրքիր իրադարձությամբ, որի մասին գրել են այդ ժամանակի Իտալիայի բազմաթիվ թերթեր:-Նշում է  Արմինե Գրիգորյանը:- Երբ Խաչատրյանն այցելել է Վենետիկ, նրան հրավիրել են «Լա Ֆենիչե» օպերային թատրոն` ներկայացման ներկա գտնվելու: Սակայն, երբ Խաչատրյանը մտել է թատրոն, ներկայացումն արդեն սկսված է եղել: Երբ դիրիժորին հայտնել են, որ Խաչատրյանն արդեն եկել է, նա ընդհատել է ներկայացումն ու հայտարարել, որ այցելությամբ իրենց պատվել է մաեստրոն: Խաչատրյանի պատվին նվագել են ողջույնի քայլերգ: Ողջ դահլիճը հոտնկայս դիմավորել է նրան: Ներկայացումից հետո օպերային թատրոնի տնօրենն ասել է, որ թատրոնի պատմության մեջ եզակի դեպք է գրանցվել, որ  ներկայացումն ընդհատվել է: Դա վկայում է այն մեծ սիրո և հարգանքի մասին, որ Խաչատրյանը վայելում է Իտալիայում»:

Իտալիան, առհասարակ, մեծ դեր է խաղացել Խաչատրյանի ստեղծագործական կյանքում: Այն առաջին արտասահմանյան երկիրն է, որտեղ կոմպոզիտորը համերգային խոշոր շրջագայություն է կատարել: Նշանակալի է այս երկիրը նաև նրանով, որ 1950-ին Իտալիա առաջին այցելության ընթացքում Խաչատրյանը վերջնականապես եկել է այն եզրահանգմանը, որ իր հաջորդ գործը պետք է լինի «Սպարտակ»-ը: Նա փորձել է այցելել նաև այն բոլոր վայրերը, որոնք ինչ-որ չափով կապված են այդ պատմության հետ, ուսումնասիրել է իտալական վաղ ժամանակների երաժշտությունը: Ինչպես ինքն է ասել՝ Կոլիզեյի պատերի մոտ կանգնած ավելի է համոզվել «Սպարտակ»-ը ստեղծելու գաղափարում:

Աննա Գրիգորյան

Լուսանկարը` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ֆոնդից




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ