1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ակոս»-ի խմբագիրը Թուրքիայում տիրող ազգայնական մթնոլորտի պայմաններում հասկանալի է համարում պատրիարքարանի հայտարարությունը

«Ակոս»-ի խմբագիրը Թուրքիայում տիրող ազգայնական մթնոլորտի պայմաններում 
հասկանալի է համարում պատրիարքարանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը վստահ է՝ Թուրքիայում տիրող ազգայնականության թեժ մթնոլորտի պայմաններում հասկանալի է Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից արված հայտարարությունը թուրքական զինուժի կողմից Սիրիայում սկսված ռազմական գործողությանն աջակցելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի խնդրանքով նա անդրադարձավ փաստին, որ Թուրքիայի հայկական համայնքի մի շարք անդամներ խիստ բացասաբար էին արձագանքել պատրիարքարանի կողմից հնչեցված հայտարարությանը: «Թուրքիայում այս պահին ուժեղ ազգայնական քամիներ կան, և նման պայմաններում եթե որևէ ազգային փոքրամասնության կառույց պետությանն աջակցող հայտարարություն է հանում, մյուսներն էլ դա անելու պարտավորվածություն են զգում»,- նշեց Դանզիկյանը:

Նա հիշեցրեց, որ նմանօրինակ հայտարարությունների իրենք շատ են ականատես եղել 1980-90-ական թվականներին՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած բռնությունների ժամանակաշրջանում: «Այս առումով թվում է, թե Թուրքիայում ոչինչ չի փոխվել: Իհարկե, նման հայտարարությունները չեն կարող բոլորի կողմից աջակցություն ստանալ, սակայն մյուս կողմից էլ պետք է չմոռանալ, որ Թուրքիայում ձերբակալվում են անգամ այն անձինք, ովքեր սոցիալական մեդիայի միջոցով հայտարարում են, թե չեն ցանկանում պատերազմ»,- ասաց «Ակոս»-ի գլխավոր խմբագիրը՝ նկատի ունենալով այն փաստը, որ Սիրիայում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությանը դեմ արտահայտված տասնյակ անձինք ներկայում ձերբակալված կամ կալանավորված են:

«Հետևաբար, որքանով որ սխալ է ասելը, թե «հայերը աջակցում են պատրիարքարանի հայտարարությանը», նույնքանով էլ սխալ է ընդհանրացում անելը, թե «հայերը դրան չեն աջակցում»: Նման պայմաններում պատրիարքարանը սովորաբար պետության կողքին է եղել: Սակայն անհերքելի է նաև այն, որ շատերը սխալ են համարում այս թեմայով պատրիարքարանի կողմից հայտարարության հնչեցումը»,- նշեց Դանզիկյանը:

 Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի (PYD) դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:

Գործողությունների մեկնարկից հետո հայտարարություն էր տարածել Պոլսո Հայոց պատրիարքարանը՝ աջակցություն հայտնելով գործողությանն ու նշելով, թե կաղոթեն «խաղաղության և հանգստության համար, որի կարիքն այդքան ունի մարդկությունը»:

Պատրիարքարանի հայտարարությունը մեծապես ողջունվել էր պաշտոնական Անկարայի կողմից: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը թվիթերյան իր էջում գրառում էր կատարել՝ շնորհակալություն հայտնելով ինչպես Պոլսո Հայոց պատրիարքարանին, այնպես էլ նմանօրինակ հայտարարություններով հանդես եկած Թուրքիայի հրեական համայնքին ու Համայնքային հիմնադրամներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]