1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանում մարդու իրավունքներն անընդհատ ոտնահարող Ալիևը շարունակում է միջազգային հարթակներում «սուտ ժողովրդավար» խաղալ

Ադրբեջանում մարդու իրավունքներն անընդհատ ոտնահարող Ալիևը շարունակում է 
միջազգային հարթակներում «սուտ ժողովրդավար» խաղալ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով իր վարչակարգի հակաժողովրդական քաղաքականությունը քողարկելու նպատակով երկրում սահմանափակում է  քաղաքացիների հիմնարար ազատություններն ու իրավունքները, Դավոսում հունվարի 23-ին տեղի ունեցած տնտեսական համաժողովի շրջանակներում  հայտարարել է, որ Ադրբեջանում պաշտպանված են բոլոր հիմնարար ազատությունները, այդ թվում մամուլի ազատությունը:

Սակայն, ինչպես ցույց են տալիս փաստերը, Իլհամ Ալիևի խոսքերն առհասարակ չեն համապատասխանում իրականությանը, և Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատ մամուլի պատկերը բոլորովին այլ է:

Ինչպես մի առիթով նշել էր ընդիմադիր մամուլի ներկայացուցիչ Խալիգ Բահադըրը, ընդդիմադիր մամուլը խորհրդային շրջանում և Ա. Մութալիբովի նախագահության շրջանում նույնպես ունեցել է դժվարություններ, սակայն այդ դժվարությունները շատ փոքր կարելի է համարել Ալիևյան ընտանիքի կառավարման շրջանում խոսքի ազատության նկատմամբ իրականացված քայլերի համեմատ:

Խալիգ Բահադըրի  փոխանցմամբ` Ադրբեջանում մամուլի ազատության լուրջ սահմանափակումները սկսվել են Հեյդար Ալիևի շրջանից: Այն ԶԼՄ-ները, որոնք  տպագրել են օբյեկտիվ ճշմարտություններ, արժանացել են Հեյդար Ալիևի թշնամանքին:

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի կառավարման շրջանին, ապա այս շրջանը նույնպես անկախ մամուլի համար շարունակական ճնշումների և հալածանքների ժամանակաշրջան է եղել:

Իլհամ Ալիևի կառավարման ժամանակաշրջանում ևս անկախ մամուլը և դրա ներկայացուցիչները շարունակաբար ենթարկվել են հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական, քաղաքական հետապնդումների և ճնշումների:

Կոռուպցիայով և ճնշումներով լի Ադրբեջանում ճշմարտությունը վեր հանող լրագրողները, լրատվամիջոցները մշտապես ենթարկվել են կառավարության ճնշումներին, եղել են զանգվածային ձերբակալություններ: 

Այսպիսի վառ օրինակ է ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի օրինակը, ով հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր նա խուսափելով ճնշումներից  ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: 2017 թվականի մայիսի 29-ին լրագրողն անհետացել էր Թբիլիսիում այնուհետև կասկածելի ճանապարհով հայտնվել Բաքվում և ձերբակալվել: 2018թ-ի հունվարի 12-ին տեղի ունեցած դատավարությամբ Մուխտարլին դատապարտվել է  6 տարվա ազատազրկման

Աֆղան Մուխտարլիի ձերբակալությունը, որպես քաղաքական ձերբակալություն են բնութագրել բազմաթիվ միջազգային կազմակերպություններ:

2016-ի տվյալներով Ադրբեջանը համարվում է լրագրողների նկատմամբ աշխարհում ամենաշատ գրաքննություն իրականացնող երկրներից մեկը՝ զբաղեցնելով 5-րդ տեղը աշխարհի ամենագրաքննվող տասը երկրների շարքում, իսկ 2017թ-ին Ադրբեջանը դասվել է անազատ երկրների շարքում` զբաղեցնելով մամուլի ազատության աստիճանով 162-րդ տեղը:

ԱՄՆ-ի, Եվրամիության և միջազգային բազմաթիվ կազմակերպությունների Ադրբեջանում ժողովրդավարություն հաստատելու և բաց կառավարում իրականացնելու` Ալիևին ուղղված բազմաթիվ հորդորներն անցնում են ապարդյուն և ալիևյան վարչակարգը շարունակում է իր հակաժողովրդավարական կառավարումը:

Այս երկրում լրագրողների նկատմամբ գրաքննությունը բավականին բացահայտ և երկարաժամկետ բնույթ է կրում: Լրագրողների պաշտպանության կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, այն իրագործվում է հետևյալ կերպ` ինֆորմացիայի հիմնական աղբյուրները Ադրբեջանում հեռուստառադիոընկերություններ են, որոնք պատկանում և ղեկավարվում են պետության կողմից կամ իրենց կից գործող կազմակերպությունների միջոցով: Հեռարձակվող միջազգային կազմակերպությունները հնարավորություն չունեն մուտք գործել երկիր, իսկ մուտք գործելու դեպքում նրանց արբանյակային ազդանշանները խլացվում են:

Այն զանգվածային լրատվամիջոցները, որոնք քննադատում են պետական իշխանությանը, ենթարկվում են բռնության իշխանավորների, մասնավորապես, դատական իշխանության միջոցով, արտաքսվում են վարձակալված տարածքներից, նրանց արգելվում է օտարերկրյա աղբյուրներից ֆինանսական միջոցների ստացումը, ինչպես նաև գովազդատուներին պարտադրում են հրաժարվել նման ԶԼՄ-ների գովազդները տեղադրելուց:

2017-ի Մայիսի 12-ին դատարանի վճռով՝ արգելափակվել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, «Ազատություն» թերթի, «Թուրան» հեռուստաալիքի, «Ադրբեջանի ժամանակ» հեռուստահաղորդման և «Meydan tv»-ի ինտերնետային կայքերը:

Անկախ ԶԼՄ-ների կայքերը հիմնականում արգելափակվում են Ադրբեջանի տարածքում երկրի սահմաններից դուրս շարունակում են հասանելի լինել օգտատերերի համար, ինչը ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ ԶԼՄ-ների նկատմամբ ոտնձգությունները նպատակ են հետապնդում Ադրբեջանի բնակչության շրջանում քողարկելու ալիևյան բռնապետական ռեժիմի կողմից կատարվող անօրինություններն ու հակաժողովրդական քայլերը:

Այս տեսանկյունից տրամաբանական է Դավոսի համաժողովում մոդերատորներից մեկի Ալիևին ուղղված հարցը:

«Եթե Ադրբեջանում կա մամուլի ազատություն, չկա գրաքննություն և պաշտպանված են բոլոր հիմնարար ազատությունները ինչու է Ադրբեջանը մամուլի ազատության տեսանկյունից  162-րդ տեղում (հեղ. այս ցուցանիշով Ադրբեջանը գտնվում է ամենաանազատ երկրների շարքում)»,- հարցրել է մոդերատորը:

Ալիևն այս հարցին պատասխանել է իրեն հատուկ «սուտ ժողովրդավարի» կեցվածքով և այդ ցուցանիշի համար մեղադրել միջազգային քաղաքական և հետազոտական կենտրոններին:

«Դա քաղաքական պատճառներ ունի, դա ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում և այդ դասակարգումը հիմնված է կողմնակալ մոտեցման վրա: Ես չեմ ցանկանում դրա մասին խոսել, պարզ է թե դա որտեղից է գալիս: Որոշ հասարակական կազմակերպություններ փորձում են վարկանիշ ապահովել մեր երկիրն անտեսելու, բնակչությանը վնաս հասցնելու, և Ադրբեջանը որպես ոչ ժողովրդավար երկիր ներկայացնելու միջոցով»,- իր սեփական մեղքերն ու Ադրբեջանում տիրող բռնության մթնոլորտը քողարկելու համար ասել է Իլհամ Ալիևը:

Բաքվի բռնապետի իշխանության շրջանում անօրինական , մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, մամուլի ազատությունը  ոտնահարող քաղաքականության օրինակներ կարելի է նշել  անվերջ, քանի որ  ցանկացած իրականությանը համապատասխանող տեղեկատվություն, որը չի բխում նախագահի կամ պետական իշխանության շահերից տեղ չի գտնում տեղեկատվական հարթակում, իսկ տեղ գտնելու դեպքում դրա հեղինակները, ինչպես նաև շատ դեպքերում իրենց ընտանիքների անդամները, խստագույնս պատժվում են:

Արեն Պետունց

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]