Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագրով հնարավոր կլինի կանխարգելել հիվանդությունների տարածումը

Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագրով հնարավոր կլինի 
կանխարգելել հիվանդությունների տարածումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում աշխատանքներ են տանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանը, ներկայում դոնոր կազմակերպությունների հետ համաձայնեցնում են ֆինանսավորման հարցերը։ ՍԱՊԾ-ում հույս ունեն այս տարի եվրոպացի մասնագետների օգնությամբ ստեղծել համակարգի գործառնման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը, կադրերի վերապատրաստումը՝ նշյալ գործընթացն իրականացնելու համար։

«Հաշվառումն առաջնային փուլում ենթադրում է խոշոր եղջերավոր, ծրագրի հաջող ընթացքի դեպքում նաև մանր եղջերավոր կենդանիների ականջներին պիտակի ամրացում,  էլեկտրոնային համակարգում կենդանու համարի ներբեռնում, որով կենդանին կստանա անձնագիր։ Դրանում նշվում են ամենատարբեր տվյալներ՝ սկսած կենդանու սեփականատիրոջ վերաբերյալ տվյալներից մինչև պատվաստման և կլինիկական զննումների մասին տեղեկատվություն։ Հույս ունենք, որ այս տարի կկարգավորվեն ծրագրի ապահովման և ուսուցման հարցերը, հետո նաև սարքավորումների ձեռքբերումն ու բուն գործընթացի մեկնարկը»,-ասաց Արթուր Մելիքյանը։

ՍԱՊԾ պաշտոնյանի խոսքով՝ ծրագիրը մեծապես կնպաստի կենդանիների տեղաշարժի վերահսկողությանը, ինչպես նաև հիվանդությունների դեպքում դրանց կանխարգելմանը։ «Այս համակարգը թույլ կտա առաջին հերթին վերահսկել կենդանիների հիվանդությունները, դրանք կանխարգելել շատ արագ։ Կոնկրետ ահազանգի դեպքում, իմանալով հարակից տարածքների կենդանիների գլխաքանակը, հնարավոր կլինի շատ արագ ձեռնարկել միջոցառումներ հիվանդության կանխարգելման համար»,-հավելեց մեր զրուցակիցը։

Արթուր Մելիքյանը տեղեկացրեց, որ հաշվառման և համարակալման գործընթացը համայնքներում պետք է կատարեն անասնաբույժ մասնագետները ծառայության տեսուչների վերահսկողության ներքո։ Մասնագետի հավաստմամբ՝ այդ տվյալները ծառայության բազայում են մնալու, դրանք այլ մարմինների չեն տրամադրվելու։

Հաշվառման և համարակալման ծրագրի լիակատար գործարկումից հետո սեփականատերը իրավունք չի ունենա իրականացնել չհաշվառված կենդանու առք ու վաճառք։ «Եթե կենդանին հաշվառված է, ունի համար, սպանդանոցում կամ անձնական նպատակներով սպանդի ենթարկվելուց հետո պետք է հաշվառումից դուրս բերվի,  իսկ այն դեպքերում, երբ կենդանիների ծին է արձանագրվել, պետք է ֆերմերները համապատասխան մասնագետներին տեղեկացնեն, որպեսզի կատարվի անհրաժեշտ համարակալում»,-ասաց Արթուր Մելիքյանը։ Նա նշեց, որ ծրագրի արդյունավետության համար անհրաժեշտ է առնվազն երեք տարով ծրագրի իրականացումը։ Այս պահին ֆինանսավորումը հաշվարկվում է երեք տարվա համար։

Հարցին ի պատասխան, թե արդյոք այս գործընթացը կկատարվի վճարովի, թե անվճար հիմունքներով, Արթուր Մելիքյանը հայտնեց, որ դեռևս հարցը քննարկվում է։ Բայց կա միջազգային փորձ, ըստ որի, այն վճարովի ծառայություն է։ «Վճարովի լինելու առումով դեռևս չկա հստակ որոշում։ Պիտակը մեկ անգամ է ամրացվում, բայց հնարավոր է այն պոկվի, դա պահանջում է կրկնակի պիտակավորում, օրինակ, Իտալիայում դա վճարովի է»,-ասաց Արթուր Մելիքյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]