1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պետք չէ հարկման դաշտը մանիպուլյացիայի ենթարկել. նախարարը որոշ ապրանքատեսակներից ԱԱՀ չգանձելու առաջարկի մասին

Պետք չէ հարկման դաշտը մանիպուլյացիայի ենթարկել. նախարարը որոշ 
ապրանքատեսակներից ԱԱՀ չգանձելու առաջարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարն անընդունելի է համարում որոշ ապրանքատեսակների մասով ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) չգանձելու առաջարկը: Այս մասին Ազգային ժողովում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Վարդան Արամյանը` նշելով, որ այդ հարկատեսակը բյուջեի կարևոր եկամուտներից է, որի հիման վրա էլ որոշ ծախսեր են պլանավորվել: «Մենք այդ մոտեցմանը դեմ ենք, քանի որ ԱԱՀ վճարում ենք բոլորս, դա բյուջեի եկամուտների կարևոր մասերից է: Եթե այդքանով քիչ ենք եկամուտ ստանում, հետևաբար այն ծախսերը, որ ստանձնել ենք ի՞նչ աղբյուրից ենք ֆինանսավորելու, որ լրացնենք այդ բացը: Տեղափոխելո՞ւ ենք այլ հարկերի մեջ, թե՞ պարտք ենք վերցնելու: Ճիշտ մոտեցումն այն է, որ ավելի մեծ հարկման բեռ դնենք սպառման վրա, քան արտադրական գործոնների` կապիտալի և աշխատուժի, որպեսզի տնտեսական աճը չտուգանենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարար Արամյանը:

Ըստ նախարարի` պետք չէ հարկման դաշտը մանիպուլյացիայի ենթարկել, անհրաժեշտ է սոցիալական ապահովության գործիքներով լուծել անապահով խավի հարցերը:

Անդրադառնալով Հայաստանում առկա գնաճին և տարածաշրջանի այլ երկրների հետ համեմատությանը` Վարդան Արամյանը նշեց, որ մեր երկրում ԱՊՀ երկրների համեմատ առկա է ավելի ցածր գնաճային ֆոն: «Եթե մեզ մոտ 12-ամսյա գնաճը 2.6 տոկոս է, միջինը գնաճը 1 տոկոս, ապա հարևան Վրաստանում տարեկան գնաճը 6.7 տոկոս է, միջինը` 6»,-ասաց նախարարը: Նա նշեց, որ այս հաշվարկները ներկայացնելիս հաշվի են առնվել նաև երկու երկրներում փոխարժեքների արժեզրկման չափերը: «Վրաստանում 5.8 տոկոսով է փոխարժեքը արժեզրկվել, մեզ մոտ` 0.6 տոկոսով, բնականաբար փոխարժեքը մեկին մեկ փոխանցման ազդեցություն չի ունենում գնաճի վրա: Ունենք նաև ներմուծման գների կշիռ: Երբ այս բոլորը համադրում ենք, տեսնում ենք, որ առկա գնաճային ֆոնը համադրելի է ընդհանուր տնտեսական զարգացումներին»,-հավելեց Վարդան Արամյանը:

ՀՀ Ազգային ժողովում հունվարի 23-ին կայացել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ: Ընթացիկ տարվա հունվարի 1-ից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով: ՏՄՊՊՀ գնահատականով` այս շուկաներում գնաճն ամբողջությամբ պայմանավորված է 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված հարկային դրույքաչափերի փոփոխությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]