Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Թաթուլ Մանասերյանը գնաճը զսպելու հստակ առաջարկներ է ներկայացնում


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գնաճը մեղմելու մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացրեց: Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում տնտեսագետը կառավարությանն առաջարկեց գնաճը զսպելու համար թիրախավորել առաջին անհրաժեշտության 10 ապրանքախմբեր՝ խոստանալով ապահովել տնտեսագիտական մտքի անվճար մասնակցությունն այդ գործընթացի արդյունավետ իրականացմանը: «Կարծում եմ, որ որևէ մեկը գնաճի հետ կապված քննադատությունների և շատ հաճախ միակողմանի մեկնաբանություններից հաճույք չի ստանում: Ես պարտադիր պայման եմ համարում 10 ապրանքախմբի թիրախավորումը, դրանց վրա աշխատանք տանելը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց տնտեսագետը:

Թաթուլ Մանասերյանը համոզվածություն հայտնեց, որ ՀՀ Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականությամբ իր գործը կատարում է. «Երանի բոլոր մնացած կառույցներն այդ կարգապահությամբ և այդ պատասխանատվությամբ մոտենան  և լինի թիմային աշխատանք: Միայն դրամավարկային քաղաքականությամբ հնարավոր չէ գնաճը զսպել»,- ասաց Մանասերյանը:

Նա կարևորեց ներմուծվող ապրանքների գնաճը՝ ընդգծելով, որ այստեղ պետք է խոսել գերշահույթների մասին: «Ես ցանկանում եմ հորդորել՝ սրա վրա անպայման ուշադրություն դարձնել: Հարկավոր է հարկել գերշահույթ ստացողներին: Եթե նրանց ախորժակը չի մեռնում, չեն ցանկանում հաշվի նստել սոցիալական բաղադրիչի հետ, նրանց պետք է հարկել, իսկ գերշահույթների հարկման մեխանիզմները տարբեր են, և ես չէ, որ պետք է կառավարությանը դրանք բացատրեմ»,- ընդգծեց Մանասերյանը:

Տնտեսագետն ընդգծեց, որ ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների պետական ռեզերվներ ունենալու մասին է հարկավոր մտածել. «Սա անհրաժեշտություն է, որպեսզի գնաճն էլ աստիճանաբար գնա: Այդ դեպքում մենք, օրինակ, դիզվառելիքի գծով չենք տեսնի միանգամից 60 դրամով թանկացում, այլ 20 դրամով»,- պարզաբանեց նա:

Թաթուլ Մանասերյանը նաև կարևորում է կառավարության գործելաոճը հանրության գնաճին պատրաստելու առումով: Նա շեշտում է, որ այդ առումով կառավարությունն ակնհայտ թերանում է: «Կառավարությունը պետք է ասի, թե ինչ դրական քայլեր է անում, բայց թերանում է: Ես մի քանի անգամ ասել եմ, որ մի քանի տարի առաջ կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը հրաշալի և շատ կարևոր բարեփոխում էր, սակայն միայն նրա համար, որ կառավարությունում ոմանք թերացան, ժողովուրդը դուրս եկավ դրա դեմ՝ չպատկերացնելով այն դրական կողմերը, որ կարող էին լինել: Նույնն այսօր է կատարվում, գնաճի ազդեցությունն իրականում այնքան մեծ չէ, որքան որ տենդենցները ճիշտ չեն ներկայացվում: Կարևոր է նաև, որպեսզի պետությունը հստակ իրականացնի իր կարգավորիչ և վերահսկողական ֆունկցիաները»,- ասաց Մանասերյանը:

Նա անհրաժեշտություն է համարում տեղական արտադրանքի խթանումը: Տնտեսագետի գնահատմամբ՝ եթե չխթանվի տեղական արտադրությունը, Հայաստանը մշտապես կախված է լինելու արտերկրից: «Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այն 10 ապրանքախմբերի մասով, որոնք թիրախավորելու անհրաժեշտության մասին ես խոսեցի, մենք կարող ենք լինել առնվազն 90 տոկոսով ինքնաբավ երկիր»,- նշեց տնտեսագետը:

Եզրափակելով խոսքը՝ Թաթուլ Մանասերյանն ընդգծեց նաև նվազագույն աշխատավարձը և թոշակները բարձրացնելու, մարդկանց եկամուտներն ավելացնելու անհրաժեշտությունը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ