Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վառելիքի թանկացումը տրանսպորտային ծառայությունների և այլ ապրանքների գների վրա ազդեցություն չի ունենա. փոխնախարար

Վառելիքի թանկացումը տրանսպորտային ծառայությունների և այլ ապրանքների գների վրա ազդեցություն չի ունենա. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը ներկայացրեց վառելիքի թանկացման հնարավոր ազդեցությունը տրանսպորտային ծառայությունների և վերջնական ապրանքների գների վրա:

Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալը նշեց, որ 2018 թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հարկային օրենսգրքով պայմանավորված ակցիզային հարկի նոր դրույքաչափեր, գործում է ավելացված արժեքի հարկի կիրառման ինստիտուտը և ավտոտրանսպորտային փոխադրումների ոլորտում հաստատագրված վճարներից անցում է կատարվել արտոնագրված վճարների համակարգին: «Այս պարագայում ակցիզային հարկը դիտարկվում է որպես եկամուտների կորստի փոխհատուցման հիմնական աղբյուր և այլ հարկերի հետ համեմատությամբ ազդեցության տեսանկյունից տնտեսական գործունեության խթանող գործիք: Միևնույն ժամանակ, ավելացված արժեքի հարկի կիրառումը և ավտոտրանսպորտային փոխադրումների ոլորտում անցումը հաստատագրված վճարներից արտոնագրված վճարների համակարգին բիզնեսի համար հանդիսանում են հարկային միջավայրը բարելավող և հարկման կանոնները մեղմող միջոցառումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց փոխնախարարը:

Արման Խաչատրյանը առանձնացրեց երկու հիմնական հարցադրում. առաջին՝ արդյոք գործող փոփոխությունները կարո՞ղ են ստեղծել գնաճային ճնշումներ և հանգեցնել ավտոտրանսպորտային փոխադրումների գների բարձրացման, և երկրորդ՝ արդյոք վերջինս կարո՞ղ է հանգեցնել շղթայական էֆեկտի և նպաստել այլ ապրանքների ու ծառայությունների թանկացման: «Մինչև նոր հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը միջմարզային՝ բացառությամբ Երևան քաղաքի հետ կապված երթուղիների, միկրոավտոբուսային կանոնավոր երթուղիներ սպասարկող կազմակերպությունները յուրաքանչյուր նստատեղի համար վճարում էին 2600 դրամ հաստատագրված վճար: Նոր Հարկային օրենսգրքով միկրոավտոբուսային միջմարզային կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար հաստատագրված վճարի վարձը փոխարինվել է արտոնագրային վճարով և այն կազմում է 2400 դրամ կամ նվազել է 200 դրամով: Այն միջմարզային երթուղիները, որոնց սկզբնակետը կամ վերջնակետը Երևանն է, միկրոավտոբուսների 3120 դրամ հաստատագրված վճարի փոխարեն վճարում են 3000 դրամ: Այսինքն՝ այս դեպքում էլ տեղի է ունեցել նվազում 120 դրամով: Միջմարզային ավտոբուսային փոխադրումներում հաստատագրված վճարը ևս փոխարինվել է արտոնագրված վճարով, սակայն մեկ նստատեղի հաշվարկով դրույքաչափի փոփոխություն տեղի չի ունեցել. այն կազմում է 2000 դրամ: Բացի այդ՝ Հարկային օրենսգրքով հնարավորություն է ընձեռված մեկից ավելի ամիսների ընթացքում գործունեության համար արտոնագիր ձեռք բերելու դեպքում յուրաքանչյուր ամսվա համար արտոնագրային հարկը նվազեցնել 2 տոկոսով կամ տարեկան 22 տոկոսով»,- մանրամասնեց փոխնախարարը՝ վստահեցնելով, որ այս միջոցառումների իրականացումը ֆիսկալ եկամուտներ ապահովելու նպատակ չի հետապնդում և միտված է մրցունակ փոխադրողների կայացմանը, առավել մատչելի և շարունակական ծառայությունների մատուցմանը:

Արման Խաչատրյանը վստահեցրեց, որ բենզինի գնի բարձրացումը չի կարող հանգեցնել տրանսպորտային փոխադրումների, ինչպես նաև այլ ապրանքների շղթայական բարձրացման, քանի որ տրանսպորտային փոխադրումների նպատակով ՀՀ-ում բենզին գրեթե չի օգտագործվում:

Արման Խաչատրյանը շեշտեց, որ Հարկային օրենսգրքով դիզվառելիքի գնի 14 դրամի նվազեցում է գրանցվել՝ հաշվի առնելով ԱԱՀ-ի հաշվանցում իրականացնելու հնարավորությունը: «Հայաստանի միջմարզային երթուղային ցանցում շահագործվում է 175 ավտոբուս և 535 միկրոավտուբուս: Ավտոբուսներից 62-ն ու միկրոավտոբուսներից 67-ը շահագործվում են դիզվառելիքով: Նախարարության կողմից միջմարզային երթուղիներում կատարվել է համեմատական հաշվարկ: Արդյունքում՝ դիզվառելիքով շահագործվող ավտոբուսների գները կարող են նվազել մեկ ուղևորի հաշվարկով 10 դրամով, իսկ միկրոավտոբուսների գները մեկ ուղևորի հաշվարկով 16 դրամով արտոնագրային վճարը ամսվա կտրվածքով վճարելու դեպքում կամ  37 դրամով՝ արտոնագրի տարեկան վճարը միանգամյա վճարելու դեպքում: Արդյունքում՝ գործող փոփոխությունները չեն կարող հանգեցնել դիզելային վառելիքով շահագործվող տրանսպորտային ծառայությունների և վերջնական ապրանքների գների շղթայական բարձրացման»,- պարզաբանեց փոխնախարարը:

Տրանսպորտային ծառայությունների գների բարձրացման չի հանգեցնի նաև սեղմած գազի գնի 20 դրամով թանկացումը: Փոխնախարարը նշեց, որ սեղմած գազի նույն 1 խորանարդ մետրի համար 210 դրամ գինը գործել է նաև 2015 թ., հետևաբար բոլոր սպասումները, թե տրանսպորտային ծառայությունները կարող են թանկանալ սեղմած գազի թանկացման հետևանքով, իրական չեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]