Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին

Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից 
անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը վեհաժողովի ամբիոնից անդրադարձել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագրին` արձանագրելով, որ դրանով երկկողմ հարաբերությունների նոր փուլի մեկնարկ է տրվել:

«Նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր»: Համաձայնագիրը նոր էջ է բացում Եվրոպական միության հետ մեր համագործակցության մեջ՝ նոր հնարավորություններ ստեղծելով մեր գործընկերության հետագա ընդլայնման համար: Փաստաթղթի հիմքում ընկած է եվրոպական արժեքների ընդհանուր բազան` կայուն հավատարմությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության նկատմամբ: Այն կխորացնի մեր համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, ներդրումների ոլորտներում՝ ընդլայնելով մեր հասարակությունների մերձեցումը: Մենք նոր քաղաքական խթան ենք հաղորդում մեր ոլորտային համագործակցությանը, որտեղ վերջին 2 տարիների ընթացքում մենք գրանցել ենք զգալի հաջողություններ, և կենտրոնանում ենք ենթակառուցվածքային կապերի վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` իր ելույթում ասել է Հովհաննիսյանը:

Նա հավելել է, որ մի շարք կենսական կարևոր հարցերի հետ մեկտեղ, համաձայնագիրը կոչ է անում միավորել ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, կանխել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը և խթանել հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը: «Ինչպես նշել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, սա միակ նման համաձայնագիրն է , որը կնքվել է ԵԱՏՄ անդամ երկրի ու ԵՄ միջև»,- նշել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր,  Հայաստանում մեծ նշանակություն են տալիս տարբեր ինտեգրացիոն նախագծերին: «Այսօր, երբ աշխարհը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, երկխոսությունն ու փոխգործակցությունը առավել, քան երբևէ կարևոր է: Մենք ապրում ենք նոր ճգնաժամերի եւ սպառնալիքների պայմաններում, մենք ականատես ենք լինում բաժանարար գծերի խորացմանը: Գլոբալիզացիայի պայմաններում մի տարածաշրջանում անկայունությունը կարող է ունենալ ավելի մեծ մասշտաբի հետևանքներ: Հետևաբար, մենք պետք է միավորենք մեր ջանքերը կայունության և խաղաղության ապահովման համար:Տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև համագործակցությունը կարող է մեծապես նպաստել ընդհանուր տարածության ձևավորմանը՝ առանց բաժանարար գծերի»,- շեշտել է նա:

Նրա խոսքով` Հայաստանի  ամուր դիրքորոշումն այն է, որ մեկ ինտեգրացիոն համայնքում մասնակցությունը չի սահմանափակում այլ կառույցների հետ համագործակցության հնարավորությունը: «Սա Եվրասիական տնտեսական միությունում մասնակցության և Եվրամիության հետ մեր համագործակցության մեր բանաձեւն է: Ինչպես նշում է Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրախորհրդարանի 2017 թվականի նոյեմբերի 15-ի հանձնարարականում 2017 թվականի նոյեմբերի գագաթնաժողովի նախաշեմին` «Հայաստանի հետ «Համակողմանի և ընդլայնված գործընկերություն» համաձայնագիրը ծառայում է որպես օրինակ այն բանի, թե ինչպես կարող են գոյակցել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունը եւ մասնակցությունը ԵՄ հարևանության քաղաքականությանը:  Այսօր մենք հպարտ ենք, որ Հայաստանը հաջողել է այդ դիվերսիֆիկացիայում: Սա մեր հաջողության պատմությունն է »,- եզրափակել է Արփինե Հովհաննիսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]