Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Ռուբեն Սաֆրաստյանն առաջիկայում Սիրիայում անկայունություն է կանխատեսում


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասկանալու համար, թե ինչ զարգացումներ են սպասվում Սիրիայում, պետք է փորձել դիտարկել, թե ինչ ռազմավարություն ունեն այնտեղ դերակատարում ունեցող երկրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Սիրիայի օրինական կառավարությունը, Ասադի կառավարությունն ամեն կերպ աշխատում է, որ երկիրը պահպանվի իր ամբողջությամբ: Օրինակ՝ մյուս խաղացողը Թուրքիան էլ, որը կարևոր խաղացող է, մի կողմից ձգտում է՝ Ասադի իշխանությունը փոխել, մյուս կողմից՝ ցանկանում է այնպես անել, որ քրդերը վերանան այս տարածաշրջանից»,- ասաց թուրքագետը:

Անդրադառնալով գերտերությունների ներկայիս քաղաքականությանը՝ Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ ԱՄՆ-ն նույնպես ձգտում է, որ Ասադի իշխանությունը Սիրիայում չլինի և մյուս կողմից էլ ցանկանում է, որ Իրանի ազդեցությունը կորի:

Նրա խոսքով՝ Սիրիայում նկատվում է ԱՄՆ ռազմավարության փոփոխություն, որով նրանք  ձգտում են իր ռազմական ներկայությունը պահպանել եւ նույնիսկ ուժեղացնել:

Թուրքագետի դիտարկմամբ՝ նախորդ տարի Սիրիայի հիմնախնդիրը թևակոխել էր դիվանագիտական փուլ, ընթանում էր պայքար սեղանի շուրջ, սակայն Թուրքիան վերջին օրերին իր ագրեսիայով կրկին փոխեց իրավիճակը:

«Թուրքիայի ագրեսիան պաշտոնապես դատապարտեց Իրանը, նաև՝ Ֆրանսիան դիմեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին Աֆրինի հարցով արտակարգ նիստ հրավիրելու համար: Թուրքիայի վերջնական նպատակը՝ ամբողջ թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտի ստեղծելն է: Քայլ առ քայլ նրանք գնում են այս նպատակի իրականացման ուղղությամբ: Սա արվում է քրդական ուժերին հարված հասցնելու համար»,- ասաց նա եւ հավելեց, որ Թուրքիան կանգ կառնի միայն այն ժամանակ, երբ արդեն հատի ամերիկացիների և ռուսների համբերությունը:

Նրա խոսքով՝ թուրքական ագրեսիան վտանգում է այն հաղթանակի արդյունքները, որոնք ձեռք էին բերել Իսլամական պետությանը հաղթանակ տանելու հետ:

«Սիրիայում անկայունության փուլ է սկսվում»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը նշեց, որ դեռևս Թուրքիայի քայլերը հանդուրժում են խաղացողները. հանդուրժում են և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը: «Կարծում եմ՝ պետք է կանգնեցնեին այս թուրքական ագրեսիան, բայց չարեցին: Որքան շուտ իրենց սխալը հասկանան, այնքան լավ»,- եզրափակեց նա:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ