Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Չեխ գործարարները սպասում են Հայաստան-ԵՄ համաձայնագրի ազդեցությանը. Հայաստանում Չեխիայի դեսպանի հարցազրույցը   


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Չեխիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Հայ-չեխական հարաբերությունների, երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների, Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նախորդ տարի կնքված համաձայնագրի դերի եւ այլ հարցերի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկայի հետ:

-Պրն դեսպան, համագործակցության 25 տարի Հետադարձ հայացք գցելով այդ տարիներին՝ ի՞նչ կարեւոր ձեռքբերումներ կառանձնացնեք: Ի՞նչ ունենք այժմ հայ-չեխական հարաբերություններում:

-Այս տարի մենք նշում ենք Հայաստանի հետ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Երկու նոր պետությունների միջեւ հարաբերությունների քառորդ դար, քանի որ   Չեխիայի Հանրապետությունը ստեղծվեց 1993 թվականի հունվարի 1-ին Չեխոսլովակիայի խաղաղ տարանջատման, իսկ Հայաստանը դրանից կարճ ժամանակ առաջ Խորհրդային Միության փլուզման արդյունքում:  Մենք սկսեցինք զրոյից, քանի որ բավականին երկար ժամանակ մեր հարաբերությունները ֆորմալ էին, սահմանափակվում էին ոչ հաճախակի քաղաքական շփումներով եւ համեստ առեւտրաշրջանառությամբ: Պատկերը փոխվեց Արեւելյան գործընկերության շնորհիվ: ԵՄ լայնածավալ այս ծրագիրը՝ ուղղված կապերի ամրապնդմանը Արեւելյան Եվրոպայի 6 գործընկերների հետ, դարձավ առաջնահերթություն Չեխիայի արտաքին քաղաքականության համար եւ առաջնահերթություններից մեկը Հայաստանի կառավարության համար, այն օգնեց զարգացնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի եւ ԵՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Չեխիայի միջեւ:  2011 եւ 2012  թվականներին Հայաստանը եւ Չեխիան համապատասխանաբար հիմնեցին դեսպանատներ գործընկեր երկրի մայրաքաղաքում, եւ հարաբերությունների զարգացումը ստացավ ավելի նոր, դինամիկ ընթացք: Քաղաքական կապերը այժմ ամենաբարձր մակարդակն ունեն՝ գործադիր եւ օրենսդիր ուժերի միջեւ բազմաթիվ շփումներով։ Տնտեսական համագործակցությունը 2013 թվականի որոշակի դանդաղեցումից հետո վերադարձել է աճման կետին: Մենք որեւէ չլուծված խնդիր չունենք: Մենք բազմակողմանի համագործակցություն ենք իրականացնում կրթության, առողջապահության, տարածաշրջանային զարգացման ոլորտներում, փորձում ենք աջակցել քաղաքացիական հասարակությանը եւ Կառավարությանը՝ Հայաստանը ժողովրդավար եւ ծաղկուն երկիր դարձնելու գործում:

-Նշեցիք, որ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը զարգանում է: Խնդրում եմ դա  ներկայացնել թվերով: Երկու երկրների տնտեսական ներուժն, արդյոք, բավարար չափով օգտագործվո՞ւմ է:

-Տնտեսական համագործակցության զարգացումը մի շարք ներքին եւ արտաքին գործոններով է պայմանավորված: Մեր առեւտրաշրջանառության որոշակի դանդաղեցումից, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո երկու երկրների զուգահեռ ուղղություններով արտահանումը արագ աճեց: Չեխիայի վիճակագրական գրասենյակի տվյալների հիման վրա՝ 2017 թվականի առաջին 11 ամսում Չեխիայից Հայաստան արտահանման ծավալը կազմել է 34.4 մլն դոլար (94 տոկոս աճ՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ), հակառակ ուղղությամբ, այսինքն՝ Հայաստանից Չեխիա՝ 3.2 մլն դոլար (11 տոկոսի աճ): Մենք ականատեսն ենք լինում դրական փոփոխության երկկողմ առեւտրի ընդհանուր կառուցվածքում, քանի որ Հայաստանը ներկրում է Չեխիայից ավելի քիչ սպառողական եւ ավելի շատ տեխնոլոգիական, կապիտալ ապրանքներ, որոնք կարեւոր են ազգային տնտեսության եւ երկրի արտահանման կարողությունների հետագա զարգացման համար: Նաեւ Հայաստանն է փոխել դեպի Չեխիա արտահանման կառուցվածքը, նախկինում մեծապես հանքանյութերի արտահանումից դեպի գյուղատնտեսական արտադրանք, սնունդ եւ խմիչք՝ գինի, կոնյակ, տեքստիլ արտադրանք: Հանքանյութերը մնում են  արտահանման կարեւոր տարր, սակայն արդեն ավելի փոքր ծավալներով: Մենք խրախուսում ենք հայ ձեռնարկատերերին արտահանել մեր երկիր եւ օգտագործել դրա համար բոլոր ցանկալի նախադրյալները, ինչպիսիք են GSP+ համակարգը, արտահանման առաջխաղացմանն ուղղված երկու երկրների կառավարությունների քաղաքականությունը եւ մեծաթիվ  բիզնես-հարթակները:

-Տնտեսական ոլորտում համագործակցությունն առավել ակտիվացնելու համար ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում:  Գործարարների համար ներդրումների հարցում ի՞նչ խնդիրներ կան, ըստ Ձեզ:

-Ինչպես նշեցի, տնտեսական համագործակցության զարգացումն արտացոլում է երկու երկրներում տիրող իրավիճակը: Չեխիայում մենք ականատեսն ենք լինում տնտեսության կայուն աճի, եւ դա պետք է դիտարկվի որպես հնարավորություն հայ արտահանողների համար: Հայաստանում մի շարք ոլորտներում կարող ենք արձանագրել արտադրության աճ. մենք գնահատում ենք դա որպես հնարավորություն մատակարարելու, օրինակ, քաղաքային եւ միջքաղաքային ուղեւորափոխադրող տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական տեխնիկա,  ինժեներական լուծումներ էներգետիկայի ոլորտում եւ ավելի քիչ ծավալով սպառողական ապրանքներ՝ կապված բնակչության գնողունակության աճի հետ: Ինչ վերաբերում է ներդրումներին, ես հասկանում եմ, որ չեխ գործարարները դեռ բավականին զգուշավոր կերպով ուսումնասիրում են երկրի իրավիճակը, սպասում են ԵՄ եւ Հայաստանի միջեւ վերջերս ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ազդեցությանը: Դեռ շատ աշխատանք կա առջեւում, եւ ես հուսով եմ, որ Հայաստանի կառավարությունը հաջողություն կունենա օտարերկրացի ներդրողների համար պայմանների բարելավման եւ նոր բիզնեսների համար երկիրը ավելի գրավիչ դարձնելու գործում:

-Երկրի տնտեսության զարգացման համար ոչ պակաս կարեւոր ճյուղերից է նաեւ զբոսաշրջությունը: Հայաստանում այս ուղղությամբ աշխատանքները, կարծես, նոր թափ են ստացել: Այս ուղղությամբ երկկողմ համագործակցությունը խորացնելու համար ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Հայ զբոսաշրջիկների հոսքը Չեխիա բավականին կայուն է: Պրահան զբոսաշրջային ամենահայտնի եւ հիմնական ուղղություններից է, մարդիկ սիրում են Կարլովի Վարին, սակայն երկրի մյուս հատվածները մնում են ստվերում: Մենք փորձում ենք զբոսաշրջիկներին ներկայացնել հենց դա: Ինչ վերաբերում է հակառակ ուղղությանը, մենք այստեղ եւս կառուցվածքային փոփոխություն ենք տեսնում, քանի որ ավանդաբար հիմնականում երիտասարդներն են այստեղ գալիս, արշավների սիրահարներն են այցելում Հայաստան, բայց նրանք շատ ներդրում չեն ունենում Հայաստանի տնտեսության մեջ, քանի որ նրանք շատ գումար չեն ծախսում, չեն մնում բարձրակարգ հյուրանոցներում եւ այլն: Արդեն իսկ դրական քայլ է, որ Չեխիայի զբոսաշրջային ընկերություններն իրենց փաթեթներում ներառում են նաեւ Հայաստանը: Նրանց հիմնական ուղղությունը, բացի Երեւանից, նաեւ Տաթեւի վանքն է, Սեւանա լիճը եւ այլն:

-Իսկ Դուք, բացի Երեւանից, Հայաստանի ո՞ր մասում եք եղել:

-Ամենուր. Իհարկե, ինձ չեմ կարող համեմատել Ռոբին Բյոնիշի հետ, ով Չեխիայի խորհրդարանի նախկին պատգամավորներից է եղել, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախկին ղեկավարը, մի մարդ, ով հեղինակել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը: Նա տարեկան մի քանի անգամ լինում է Հայաստանում, այցելում է տարբեր վայրեր, լուսանկարներ է անում: Եվ նա հեղինակել է մի հրաշալի գիրք Հայաստանի մասին, նկարներին կից այդ վայրերի նկարագրությունն ու պատմությունն է զետեղված չեխերեն եւ անգլերեն: Ես կարծում եմ, որ այն Հայաստանի մասին լավագույն գրքերից է:

-Պրն դեսպան, 2017 թվականին Հայաստանի համար նշանակալից իրադարձություն էր Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումը: Նշեցիք, որ չեխ գործարարները սպասում են, թե ի՞նչ ազդեցություն այն կունենա երկրի տնտեսության վրա: Դուք ի՞նչ եք ակնկալում այս համաձայնագրից, ինչպե՞ս այն կանդրադառնա Հայաստան-Եվրամիություն եւ կոնկրետ հայ–չեխական հարաբերությունների վրա:

-ԵՄ-Հայաստան հարաբերություններում իսկապես հաջողված իրադարձություններից է այս համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաեւ դրա իրականացումը նոր եւ շատ կարեւոր ազդակ է ոչ միայն մեր հարաբերությունների, այլեւ հենց Հայաստանում մի շարք ոլորտների զարգացման համար: Ես արդեն խոսեցի ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ կապի եւ դրա դրական ազդեցության, Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների մասին: Չեխական ընկերությունները եւ նրանց հայ գործընկերները կշահեն Հայաստանում փոփոխվող առեւտրային եւ ներդրումային միջավայրից եւ ոչ միայն: Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանին կդարձնի ավելի ժողովրդավար, գրավիչ եւ ավելի մոտ երկիր:

-Էստոնիան առաջին երկիրն էր, որը վավերացրեց համաձայնագիրը: Ի՞նչ իրավիճակ է Չեխիայի Հանրապետությունում: Ե՞րբ կարելի է սպասել վավերացմանը:

-Վավերացման գործընթացը Չեխիայում կարող է պահանջել որոշակի ժամանակ՝ կապված ներքին քաղաքական զարգացումների հետ: Հավանաբար, տեղյակ եք, որ Չեխիայի կառավարությունը օրերս հրաժարական է տվել: Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ համաձայնագիրը շուտափույթ կերպով կվավերացվի: Եվ հույս ունեմ, որ այս համաձայնագիրը չի արժանանա 2014 թվականից Հայաստանի խորհրդարանի կողմից չվավերացված երկկողմ համաձայնագրերի ճակատագրին:

Համաձայնագիրը նախատեսում է դրույթների նախնական իրականացում մի շարք ոլորտներում նախքան վավերացման ամբողջական գործընթացի ավարտը:  Այս նախնական իրականացումը սպասվում է արդեն գարնանը:

-Պրն դեսպան, անդրադառնանք երկկողմ մշակութային հարաբերություններին: Ի՞նչ հիմնական շեշտադրումներով եք Դուք պատկերացնում առաջիկա աշխատանքն այս ոլորտում:

-Եկեք մշակույթը չդիտարկենք որպես բացառապես մի ուղղություն, որը պետք է «ուղղորդվի» կամ «կանոնակարգվի» պետական գործող անձանց կողմից: Այն կենդանի օրգանիզմ է, որը ավելի լավ է զգում, երբ ազատ է եւ ոչ սահմանափակ: Մենք ունենք հրաշալի օրինակ այնպիսի գործողությունների, որոնք զարգանում են առանց նախարարությունների կամ դեսպանությունների աջակցության եւ հիմնված են երկու երկրների ստեղծագործողների միջեւ ուղղակի կապերի վրա: Իհարկե, պետական հաստատություններն ունեն իրենց ներդրումը իրենց իսկ մշակույթի առաջխաղացման գործում եւ դարձնում են այն ավելի մոտ գործընկեր երկրի հանրության համար: 2018 թվականին մենք նշում ենք ոչ միայն անկախ Չեխիայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, այլեւ Չեխոսլովակիայի անկախության 100-ամյակը, Մյունհենյան ամոթալի պայմանագրի 80-ամյակը, կոմունիստական վարչակարգի տապալման 70-ամյակը, Խորհրդային Միության՝ Չեխոսլովակիա ներխուժման 50-ամյակը։ «8» թիվը ինչ-որ կերպ կապված է մեր երկրի պատմության հետ (1918, 1938, 1948, 1968), եւ այս իրադարձությունները, ի թիվս այլոց, կներկայացվեն այս տարի մեր մշակութային նախագծերի շրջանակներում։ Մենք հայ հանրությանը ներկայացնելու ենք ցուցահանդեսներ, համերգներ, ներկայացումներ. միջոցառումների շրջանակը բավականին լայն է:

-Հայաստանի համար կարեւոր հարցերից է արցախյան հակամարտությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին շրջանում փորձում են ակտիվացնել Հայաստան-Ադրբեջան հանդիպումները, մասնավորապես՝ նախորդ տարի ունեցանք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, արտգործնախարարների եւ համանախագահների հանդիպում: Դուք ինչպե՞ս կգնահատեք արցախյան հակամարտության շուրջ ձեւավորված բանակցային գործընթացի ներկայիս փուլը: Ըստ Ձեզ, որքանո՞վ են այդ հանդիպումներն արդյունավետ հարցի խաղաղ կարգավորման տեսանկյունից:

-Փաստացիորեն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար չկա այլ ճանապարհ, քան նախագահների եւ արտգործնախարարների երկկողմ բանակցությունները, որոնց աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները. Այսպիսով՝ արդյունավետության մասին շահարկումները այս կամ այն իրավիճակում տեղին չեն:

-Պրն դեսպան, շնորհակալություն բովանդակալից ու հետաքրքիր զրույցի համար:

 

Հարցազրույցը՝  Սյուզի Մուրադյանի

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ