1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ՀՀ Նախագահի մասնակցությունը կարևոր է. Արփինե Հովհաննիսյանի հարցազրույցը

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ՀՀ Նախագահի մասնակցությունը կարևոր է. 
Արփինե Հովհաննիսյանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը կարևորում է վեհաժողովի առաջիկա նստաշրջանին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ վեհաժողովի նստաշրջանին ՀՀ Նախագահի մասնակցությունը կարևոր է ոչ միայն ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման, այլ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների և Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ մեր երկրի տեսակետը ներկայացնելու համատեքստում: Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանի օրակարգին, վեհաժողովի նոր նախագահի ընտրության ընթացակարգին, ինչպես նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից Հերմինե Նաղդալյանին դուրս թողնելու որոշմանը և վերջինիս հետ հակասություններ ունենալու մասին լուրերին: 

-Տիկին Հովհաննիսյան, հունվարի 22-26-ը տեղի կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Օրակարգում Հայաստանին վերաբերող հարցեր կա՞ն կամ ինչ հարցեր կան, որոնք կարող են հետաքրքիր լինել մեզ համար: 

-Եթե Ձեր հարցադրումը վերաբերվում է ուղղակի Հայաստանի շահերի հետ առնչվող հարցերի, օրակարգում այդպիսի հարց չկա ընդգրկված: Կան հարցեր, որտեղ Հայաստանին վերաբերվող ձևակերպումներ եղել են, այժմ նման ձևակերպումներ չկան: Սակայն մենք չպետք է զգոնությունը կորցնենք և պետք է ուշադիր լինենք: Օրինակ զեկույցների թվում է Ադրբեջանի պատվիրակ Սևինջ Ֆատալիևայի կողմից ներկայացված զեկույցը «Զինված կոնֆլիկտների ընթացքում տուժած երեխաների պաշտպանության» թեմայով, որտեղ այս պահին Հայաստանին առնչվող կամ ոչ հայանպաստ ձևակերպում չկա: Ընդհանուր առմամբ օրակարգը բավականին հագեցած է: Սպասվում է ինչպես Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի`  իրենց նախագահության շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի այցը վեհաժողով: 

-Որքանո՞վ եք կարևորում Հայաստանի Հանրապետության Նախագահի մասնակցությունը միջազգային հեղինակավոր խորհրդարանական կառույցի նստաշրջանի աշխատանքներին հատկապես Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված նոր համաձայնագրի և ընդհանրապես կողմերի միջև հետագա համագործակցության խորացման և ամրապնդման համատեքստում: 

-Ես այդ այցը կարևորում եմ ոչ միայն Ձեր նշած հարցի համատեքստում: Անկասկած, Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի ստորագրումից հետո բազմակող ձևաչափով Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին մասնակցությունն է նմանատիպ կառույցի աշխատանքներին և անչափ կարևոր է ներկայացնել Հայաստանի Հանրապետության տեսակետը: Եվ, ըստ էության, շատ հետաքրքիր և խորհրդանշական պահ կա, որովհետև 2013թ. Հայաստանի Հանրապետության Նախագահը կրկին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթ էր ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու մասին, իսկ կոնկրետ այս դեպքում, Եվրոպական միության հետ համաձայնագիրը ստորագրելով, Հայաստանն արձանագրում է և իրեն ներկայացնում որպես միակ պետություն, որը կարող է նման երկու կառույցների հետ ստորագրված համաձայնագրեր ունենալ: Եվ այս տեսանկյունից, կարծում եմ, եվրոպացի գործընկերների համար հետաքրքիր կլինի լսել մեր փորձի մասին: Իհարկե, եվրոպացի պաշտոնյաները նշում են, որ Հայաստանն այս առումով եզակի է, կարելի է ասել` միակն է, որը նման ձևաչափերով ստորագրած համաձայնագրեր ունի: Իսկ առհասարակ, կարծում եմ, Հայաստանի Հանրապետության նախագահի մասնակցությունը վեհաժողովի նստաշրջանին չափազանց կարևոր է ընդհանրապես գլոբալ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների և առհասարակ Հայաստանի Հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող մի շարք հարցերի վերաբերյալ մեր երկրի տեսակետը ներկայացնելու առումով: 

-Տիկին Հովհաննիսյան, առաջիկա նստաշրջանի ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կընտրի նոր նախագահին: Ի՞նչ ընթացակարգով է ընտրվելու վեհաժողովի նոր նախագահը, հայտնի է՞, թե ում թեկնածությունն է այդ պաշտոնում առաջադրվելու: 

-Այո, թեկնածուն հայտնի է: Խոսքը Սոցիալիստների խմբի ղեկավար Միկելե Նիկոլետիի մասին է: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում արդեն երկար ժամանակ գործում է ընթացակարգը, երբ տարբեր քաղաքական խմբերի միջև համաձայնությամբ իրենց թեկնածուն ոչ թե անցնում է ընտրության բոլոր փուլերը, այլ պարզապես ի սկզբանե հայտարարվում է որպես ընտրված նախագահ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կա պայմանավորվածություն, որ յուրաքանչյուր երկու տարին մեկ այդ քվոտան պատկանում է կոնկրետ քաղաքական խմբին: ԵԽԽՎ նախորդ նախագահի քվոտան պատկանում էր Եվրոպայի Ժողովրդական կուսակցության քաղաքական խմբին, այս դեպքում` Սոցիալիստների խմբին: Ես այստեղ անակնկալներ չեմ սպասում, և կարծում եմ, որ Սոցիալիստների խմբի ղեկավարը կդառնա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ: Այսինքն, հունվարի 22-ին օրակարգի հաստատումից անմիջապես հետո Միկելե Նիկոլետին կհայտարարվի որպես ընտրված նախագահ: 

-Ընդունելի՞ թեկնածու է Հայաստանի պատվիրակության համար: 

-Մեր պատվիրակության համար այնքանով է ընդունելի, որ իրեն դրսևորել է որպես անաչառ, բոլոր հարցերին համակողմանի մոտեցող մարդ, ում հետ հայկական պատվիրակությունը երկար ժամանակ համագործակցել է` որպես Սոցիալիստների խմբի ղեկավար: Այս առումով ես դիտարկում եմ ոչ թե Հայաստանին լավ կամ ինչպես մեզ մոտ ընդունված է այսպես նեղ պրիզմայով դիտարկել, Ադրբեջանին վատ կամ հակառակը Հայաստանի համար վատ, Ադրբեջանի համար լավ, այլ հարցին նայում եմ այն տեսանկյունից, որ սա ոչ թե Հայաստանի  համար է լավ, այլ խորհրդարանական վեհաժողովի համար է լավ ունենալ նախագահ, որը կարող է լինել բոլորի նախագահը, ոչ թե ներկայացնել առանձին երկրների շահեր: 

-Եվս մեկ հարց` կապված արդեն ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հետ: Օրերս Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում Հերմինե Նաղդալյանին փոխարինեց Կարինե Աճեմյանը: Սրա հետ կապված մամուլում տարբեր մեկնաբանություններ եղան, նաև շրջանառության մեջ դրվեց Ձեր և տիկին Նաղդալյանի միջև հակասությունների մասին լուրը: Ինչո՞վ էր պայմանավորված Հերմինե Նաղդալյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից դուրս թողնելու որոշումը: Կխնդրեի անդրադառնալ նաև Ձեր և տիկին Նաղդալյանի միջև հակասությունների մասին լուրերին: 

-Գիտեք, ես առհասարակ կողմնակից չեմ լուրջ դեմքով մամուլում սպեկուլյացիաների մեկնաբանությունը տալուն, որովհետև չեմ համարում, որ դա իրականում ճիշտ գործելաոճ է: Բայց եթե հարցնում եք, հակիրճ կանդրադառնամ: Հերմինե Նաղդալյանի հետ նորմալ աշխատանքային հարաբերություններ կան, իսկ ինչ վերաբերվում է պատվիրակության կազմում տիկին Նաղդալյանի փոխարինմանը, տիկին Նաղդալյանն այդ հարցին սպառիչ անդրադարձել է, և չեմ կարծում, որ ես պետք է այդ թեման անընդհատ ու անընդհատ երկարաձգեմ ու շարունակեմ: 

 

Հարցազրույցը` Շանթ Խլղաթյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]