Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

ՀՀ ԱԳ նախարարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: «Խոսքը գնում է փաթեթային լուծման մասին՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, հայտարարել էր. «Այս հիմնախնդիրը մեկ փաստաթղթում մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի համաձայնությունն այն մասին, ինչ հնարավոր է հիմա և կհստակեցնի աշխատանքի ուղիները այն հարցերի շուրջ, որոնք կարիք ունեն հավելյալ քննարկումների՝ հանուն վերջնական կարգավորման, որը իր մեջ կներառի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:

Հունվարի 16-ի ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 16-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Կրակով ժամանած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել համանախագահներին՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում կազմակերպելու նախաձեռնության համար և ընդգծել, որ ինչպես միշտ հայկական կողմը կառուցողական տրամադրվածությամբ է մասնկացում բոլոր հանդիպումներին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Կրակովում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։ Այն մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվեց առանձնազրույցի ձևաչափով։ Հանդիպմանը շարունակվել են անցյալ դեկտեմբերին կայացած քննարկումները՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիների շուրջ։ Սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։ Հանդիպման արդյունքում որոշվել է, որ փետրվարի առաջին կեսին եռանախագահները կայցելեն տարածաշրջան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել:

Հունվարի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հայտարարություն է տարածել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 28-րդ տարելիցի կապակցությամբ: «Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու ադրբեջանահայության ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին  պատասխանատվության ենթարկելուն, կոչ է անում  միջազգային հանրությանը և խորհրդարանական կառույցներին՝ Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերին տալ իրավական գնահատական և քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվող հայատյացության քարոզչության դեմ՝ կանխելու դրա հնարավոր հետևանքները»,- նշված է հայտարարության մեջ։

Հայոց ցեղասպանության դատապարտում

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով այս օրերին գտնվում է Կանադայում, կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին՝ առաջ քաշելով «խնդիրը պատմաբաններին թողնելու»՝ թուրքական չարչրկված առաջարկը: «Պատմական հարցերը պետք է թողնել պատմաբաններին: Պատմության հետ կապված հարցերի վերաբերյալ որոշում ընդունելու համար պետք է դատական որոշումներ լինեն»,- ասել է Չավուշօղլուն: Նա հավելել է, որ Թուրքիան սկզբունքայնորեն դեմ է երկրի խորհրդարանների կողմից ցեղասպանությունների վերաբերյալ որոշումների ընդունմանը:

 Թուրքիայի իշխանությունները թիրախավորել են երկրի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ջանան Քաֆթանջըօղլուին, ով ԺՀԿ-ի կողմից նշանակվել է Ստամբուլի նահանգի կուսակցական գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում: Թուրքիայի նահագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով այս հարցին, քննադատել է Ժողովրդահանրապետական կուսակցության այս որոշումը՝ շեշտելով, որ ԺՀԿ-ն այդ պաշտոնում նշանակել է մի մարդու, ով ժամանակին ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Հայաստան և աշխարհ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ Չինաստանի արևելյան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նավթատարի hրդեհվելու ու խորտակման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են նավի անձնակազմի տասնյակ աշխատակիցներ: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Նիգերիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իբրահիմ Համզաթը (նստավայրը՝ Թեհրան):

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրապետության Նախագահի հրամանագրով հիմնված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ: Նախագահը հանդիպման սկզբում անցած ութ տարիների իրականացված աշխատանքի համար նախ շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին և բոլոր այն անձանց, ովքեր շահագրգռված են ոլորտի զարգացմամբ, ապա հետաքրքրվել, թե մրցանակի շնորհման անցած այդ տարիների արդյունքներից ելնելով՝ որքանով է այն ծառայել նպատակին, արդյոք մրցանակաբաշխությունն ավելի հանրայնացնելու խնդիր կա, ինչ են մտածում կազմակերպիչները ապագայում մրցանակն ավելի արդյունավետ և օգտակար դարձնելու, երկրի ճանաչելիությունը նաև այդ միջոցով բարձրացնելու, ՏՏ ոլորտի նկատմամբ հատկապես երիտասարդության շրջանում հետաքրքրությունը շարունակաբար մեծացնելու և տնտեսության շարժիչ ուժերից մեկը համարվող՝ գերակա ուղղություն հայտարարված ՏՏ ոլորտի զարգացմանն ավելի մեծ տեմպ հաղորդելու ուղղությամբ: 

ՀՀ-ի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2012 թվականին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում Իրանական «Ariana Tunnel Dam Co. (Iran)» ընկերությունը կիրականացնի ՀՀ և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարությունը։

Հայաստանի խորհրդարանը ճանաչեց 2014թ. Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումներից կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

Հայաստանի խորհրդարանը միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը:

Հայաստանը ներառվել է 2018թ. ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2018թ. հունվարի 10-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 7-ը:

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը, որում Հայաստանը ճանաչվել է մասամբ ազատ երկիր՝ 100 միավորից ստանալով 45-ը (յուրաքանչյուր երկիր գնահատվում է 100 բալանոց համակարգով, որտեղ առավելագույն բալեր ստացած երկրները համարվում են ամենաազատները): Հայաստանում քաղաքական իրավունքները գնահատվել են 7-ից 5 միավորով, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 7-ից 4: Մասամբ ազատ երկիր է ճանաչվել նաև Արցախը՝ 30 միավորով:

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ: Նախագահը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու` ևս մեկ անգամ ներկայացնելով իր պատկերացումները ապագա նախագահի որակական հատկանիշների մասին, որոնց, Նախագահի համոզմամբ, միանգամայն համապատասխանում է կուսակցությանն իր կողմից առաջարկված թեկնածուն: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի պաշտոնի թեկնածուին՝ դիվանագետ Արմեն Սարգսյանին: Հաշվի առնելով, որ նոր օրենքների համաձայն՝ նախագահին ընտրելու է ոչ թե երկրի բնակչությունը, այլ խորհրդարանը, պարտվելու հնարավորություն Արմեն Սարգսյանը գրեթե չունի: Այդ մասին գրել է kommersant.ru-ն՝ նշելով, որ նա ունի արտերկրում լայն կապեր ունեցող արևմտամետ քաղաքական գործչի իմիջ: «Արմեն Սարգսյանը Հայաստանում բավականին բարձր մակարդակի քաղաքական գործիչ է: Նա դիտարկվում էր որպես բարձր պաշտոնների համար ՀՀԿ-ի կադրային ռեզերվ դեռ շատ վաղուց: Նրա անունը նաև շրջանառվել է 2016 թվականին ապագա վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ՝ Կարեն Կարապետյանի անվան կողքին»,- թերթի հետ զրույցում նշել է Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ ավելացնելով, որ խորհրդարանական հանրապետության պայմաններում նախագահի խնդիրը, նախևառաջ դիվանագիտական հարցերով զբաղվելն է:

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի հրամանագրով պետական մրցանակների արժանացած անձանց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակները շնորհվել են` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները: 

ՀՀ Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է 2017թ. ընթացքում հանրապետությունում հանցավորության հակազդման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, օրինականության ապահովման շրջանակներում ՀՀ քրեական հետապնդման մարմինների իրականացրած աշխատանքները, դատախազության համար առաջնահերթություն համարվող առանձին ուղղություններով նախաձեռնված բարեփոխումներն ու դրանցից ակնկալվող արդյունքները: Կարևորելով հանցավորության դեմ պայքարում արձանագրված դրական ցուցանիշները՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իրավակարգի ապահովման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղություններով դեռևս անելիքներ կան:

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Քննարկվել են Սահմանադրության փոփոխությունների նոր կարգավորումների ներքո հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև կառավարության  նիստում հավանության արժանացած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով նախատեսվող փոփոխություններին:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ ծանոթանալու 2017 թվականի հարկային եկամուտների կատարողականին, կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին: «Այս տարի սկզբքունքերը նույնն են՝ ինչպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի գործարարը լավ զգա, ձեռնարկատիրությունը հեշտ լինի, օրինապահ դաշտում աշխատող մարդկանց համար խաղի կանոնները հավասար լինեն»,- նշել է Կարեն Կարապետյանը: Նա այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. ոլորտի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թվականի ոլորտի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Նա այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ.  գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Նա այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է հանրապետությունում վերջին շրջանում որոշ ապրանքատեսակների գների բարձրացմանը: Վարչապետն ընդգծեց, որ բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի թանկացումը խնդրահարույց չէ:

Կառավարությունը հավանություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Կառավարությունը հավանություն տվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Արցախի տնտեսության համար 2018 թվականը կլինի բեկումնային տարի կլինի, քանի որ զգալի աճ է կանխատեսվում բոլոր հիմնական ոլորտներում։ Ամփոփելով 2017 թվականի գործունեության արդյունքները եւ ներկայացնելով ընթացիկ տարվա հիմնական ծրագրերը՝  նման դիտարկում է կատարել Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց մարզերում տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար միասնական երթուղային ցանց ստեղծելու մասին օրենքի նախագիծը: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 58, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 27 պատգամավոր: Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրենսդրական նախաձեռնությունը: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց խաղատներ մուտք գործել ցանկացող անձանց անձնագրերը և անձը հաստատող այլ փաստաթղթեր ստուգելու մեխանիզմի ներդրում ենթադրող նախագիծը։ Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց անչափահասների կողմից խաղադրույք կատարելու համար տուգանքները շեշտակի բարձրացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Հայաստանում ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների համակարգումը, հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձևավորումն ու ընդհանուր ղեկավարումը երկրի նախագահից անցնելու է վարչապետին: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ընթացիկ տարվա հունվարին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ շաքարավազը, հավի թարմ միսը, ձեթը, ոսպը, ոլոռը, ալյուրը, կաթնամթերքի որոշ տեսակներ էժանացել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: «Դրանք հիմնականում պայմանավորված են, մի կողմից` ԵԱՏՄ անդամակցությամբ, քանի որ առևտրային պայմանները բարելավվել են, հեշտացել է ԵԱՏՄ երկրներից ապրանքներ ներկրելը, մյուս կողմից` մուտքի խոչընդոտների վերացումն է` պայմանավորված հարկային և մաքսային վարչարարության բարելավմամբ»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը:

Հայաստանում անոմալ ձմեռը շարունակվում է: Պատասխանատուները, սակայն , այս պահի դրությամբ  գյուղատնտեսության համար վտանգներ չեն տեսնում:  ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը վստահեցրեց՝ այս պահի դրությամբ հանրապետությունում ցրտահարության վտանգ չկա, ցրտահարված ոչինչ չկա, այդ թվում եւ աշնանացան ցորենը: «Եթե եղանակը տհաճ անակնկալներ մատուցի եւ ջերմաստիճանի կտրուկ անկում ունենանք, ցանկալի կլինի, որ ձյան տեսքով տեղումներ լինեն, որ աշնանացան ցորենը ծածկվի ձյան շերտով»,-նշեց նա:

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստին ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը:

Սփյուռք

Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Կարապետյանը:

Դինքն իր ողջ կյանքի ընթացքում պաշտպանեց խաղաղության, արդարության մեջ միասին ապրելու կամքը: Սակայն, դժբախտաբար, սրանից ուղիղ 11 տարի առաջ սպանվեց պետության հետ առնչություն ունեցող կազմակերպության կողմից: Այս մասին Թուրքիայի մեջլիսում իր ելույթն այս խոսքերով է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը: «Հարգելի գործընկերներ, դեռևս շատ չենք ուշացել: Գիտեմ, որ հիմա վեր կկենաք և կասեք՝ գործում ներգրավված երկու գյուլենական կա, նրանք են մեղավորները: Սակայն ոչ, միայն գյուլենականները չեն, այստեղ մի ամբողջ պետության հավաքական պատասխանատվություն կա: Հիշեք, ցանկացած անպատիժ հանցագործություն նոր հանցանքի պատճառ է դառնում: Մի մոռացեք, հանցագործներին թաքցնողը ևս հանցակից է»,- հայտարարել է մեջլիսի հայ պատգամավորը: Նա նշել է, որ իրենք՝ Դինքի ընկերները շարունակելու են արդարության հասնելու իրենց պայքարը: Խոսքի վերջում դիմելով Հրանտ Դինքին նա հայերենով ասել է. «Աստված հոգիդ լուսավորի: Շատ ապրես, Հրանտ»: Ուշագրավ է, որ մեջլիսի արձանագրություններում Փայլանի կողմից հնչեցված հայերեն այս խոսքերը արտացոլվել են «X» նշանով:

Հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերից մեկում հրապարակել է Օհանյանների ընտանիքի չորս սերունդներին պատկերող լուսանկար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լուսանկարում Ալեքսիսի հայրն է ու պապը, ով գրկել է նրա դստերը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանին: «Օհանյանների 4 սերունդները: 96 տարեկանից մինչև 4 ամսական: Ծնունդդ շնորհավոր, պապիկ»,- գրել է Ալեքսիսը՝ չմոռանալով տեղադրել նաև Հայաստանի դրոշը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցելու է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Այս տարի ընթրիքը տեղի է ունենալու հունվարի 30-ին “Hotel du Collectionneur” հյուրանոցում: Ընթրիքը կկայանա Ֆրանսիայի նախագահի բարձր հովանու ներքո: Ընթրիքի ժամանակ ակնկալվում է Ֆրանսիայի նախագահի ելույթը:

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւ երաժիշտ Քանյե Ուեսթը ծնողներ են դարձել երրորդ անգամ:

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հակադարձել է թուրքական «Աքշամ» պարբերականի կողմից հրապարակված տեղեկությանը, որում իշխանամետ լրատվամիջոցը հայ պատգամավորին մեղադրել էր Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունները մանիպուլյացիայի ենթարկելու մեջ: «Ի տարբերություն արված հրապարակման՝ մինչ օրս չեմ հայտարարել, թե պատրիարքի թեկնածուներից ում եմ աջակցում: Ինձ համար կարևոր է հասարակության կողմից հարգանքի արժանի ցանկացած թեկնածու, ով հավուր պատշաճի կկատարի իր պարտականությունները»,- հայտարարել է Փայլանը:

Միջազգային խճանկար

Ղազախստանում 52 մարդ է զոհվել Ակտյուբինսկի մարզի Սամարա- Շիմքենտ ավտոճանապարհին ավտոբուսի բռնկման հետեւանքով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսի հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:

Վաշինգտոնը չի ցանկանում պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այժմ այն գործողությունները, որոնք մենք տեսնում ենք, ցույց են տալիս, որ Միանցյալ Նահանգները չի ցանկանում պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը,-նշել Է նախարարը:-Բառացիորեն երեկ հայտարարվել Է նոր նախաձեռնության մասին, ըստ որի ԱՄՆ-ը ցանկանում Է օգնել այսպես կոչված Սիրիայի ժողովրդավարական ուժերին՝ ստեղծելու սահմանային անվտանգության ինչ-ինչ գոտիներ: Մեծ հաշվով դա նշանակում Է հսկայական տարածքի առանձնացում Թուրքիայի եւ Իրաքի հետ սահմանների երկայնքով»: Սիրիայում «սահմանի անվտանգության ուժեր» ստեղծելու ԱՄՆ-ի պլանները կհանգեցնեն երկրում ճգնաժամի խորացմանը: Այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին: «Սիրիայում անվտանգության նոր սահմանապահ ուժեր կազմակերպելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը բացահայտ միջամտություն Է այդ երկրի ներքին գործերին եւ ճգնաժամի խորացման պատճառ»,-ասված Է գերատեսչության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) Կենտրոնական խորհուրդը Ռամալլահում կայացած քննարկման ընթացքում կոչ Է արել կասեցնել Իսրայելի՝ որպես պետության ճանաչումը՝ ի պատասխան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման:

Մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների կորուստներն «արաբական գարնան»՝ մի շարք հեղաշրջումների եւ ժողովրդական զանգվածային հուզումների հետեւանքով, որոնք 2011 թվականին ծայր առան արաբական բազմաթիվ պետություններում, եւ դրանց հաջորդած իրադարձությունների հետեւանքով, կազմում են 900 միլիարդ դոլար: Այս տվյալները հայտնել Է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին «Հայրենիքի պատմությունը» համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Մշակույթ

Ժնևի «Բատիման դե ֆողս մոտրիս» (Bâtiment des Forces Motrices) երաժշտասրահում «Սեր առ Հայաստան» խորագրի ներքո տեղի է ունեցել աշխարհահռչակ ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոյի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի` դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ բացառիկ համերգը՝ նվիրված «Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան» (KASA - Komitas Action Suisse-Arménie) բարեգործական միության գործունեության 20-ամյակին։

 «Դեպի եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջը հրապարակել է մրցույթի առաջին հինգ մասնակիցների երգերը, մյուս հինգ մասնակիցների երգերը: Հրապարակվել են ևս հինգ մասնակիցների երգեր, ինչպես նաև վերջին հինգ մասնակիցների երգերը։

Լոռի Բերդը Հայկական լեռնաշխարհի բրոնզի և երկաթի դարաշրջանների ամենանշանավոր հուշարձաններից է: Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանն ասաց, որ Լոռի Բերդի 56-րդ դամբարանի գեղարվեստական բարձրարժեք իրերի մեջ առանձնանում է գավաթը, որը պատրաստված է արծաթյա թիթեղից՝դրվագման եղանակով: 

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը գաղտնազերծում է աշխարհահռչակ երկու արվեստագետների՝ հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի և իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր Սալվադոր Դալիի հանդիպման մասին թանգարանային լեգենդը. նման հանդիպում իրականում չի կայացել:

Սպորտ

Ծաղկաձորում Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մասնաճյուղի բազայի վրա կկառուցվի նոր, գերհզոր եւ գերժամանակակից մարզահամալիր:

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը դարձել է Բրազիլիայի շախմատի չեմպիոն:

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակում անցկացվող շրջանային մրցաշարը: Իրանը ներկայացնող գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն և Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Կլիմենտի Սիչովը 9 հնարավորից վաստակեցին 6.5-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները:

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Մարիա Կուրսովան ժամանակից շուտ դարձավ Հայաստանի չեմպիոն:

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանին միջազգային ֆեդերացիան ընդգրկել է 2016-2017 թվականների բարձր դասի մարզիկների ցանկում: Հայ մարմնամարզիկն արժանացել է միջազգային ֆեդերացիայի շքանշանին: Նա Հայաստանից չորրորդ մարմնամարզիկն է, ով արժանացել է այդ շքանշանին:

Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը Եվրոպայի առաջնությունում 15-րդ է:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերջնական համաձայնության է եկել  «Արսենալ»-ի հետ: Այս մասին գրում է Sky Sport-ի եւ The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր միկրոբլոգում: Ըստ լրագրողի՝ Մխիթարյանի գործակալ Ռայոլան վերջին մանրուքներն է քննարկել «զինագործների» հետ և հայ կիսապաշտպանը հունվարի 21-ին բուժզննում կանցնի Լոնդոնում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ