Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ միջազգային շրջանակում Արմեն Սարգսյանի նկատմամբ գործընկերային մեծ վստահությունը կարող է փոխանցվել նաև Հայաստանին

Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ միջազգային շրջանակում Արմեն Սարգսյանի 
նկատմամբ գործընկերային մեծ վստահությունը կարող է փոխանցվել նաև Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմեն Սարգսյանը ճանաչելի է գրեթե բոլոր աշխարհաքաղաքական միավորումների կողից: Նրա անձի նկատմամբ ձևավորված գործընկերային վստահությունն, անկասկած, կփոխանցվի նաև Հայաստանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի վերաբերյալ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Իմ պատկերացմամբ՝ նախագահի պաշտոնը շատ կարևոր է դառնալու ներքին կյանքն իր բնականոն հունի մեջ պահելու առումով: Թեև նախագահի պաշտոնը սահմանադրորեն ներկայացուցչական է, սակայն դա այն պաշտոնն է, որին անհատն է բովանդակություն հաղորդելու: Եվ հանրության գիտակցության մեջ պաշտոնի դերակատարումը մեծապես կախված է նրանից, թե ով կստանձնի այն: Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանի դերակատարումը հենց այս համատեքստում ներքին կյանքում նոր շունչ կհաղորդի: Բացի այդ՝ նա մեծ կապեր և շփում ունի արտաքին աշխարհի հետ, շատ շրջանակներում ճանաչելի և ընկալելի է: Նրան ճանաչում են թե ԱՊՀ շրջանակներում՝ հատկապես Ռուսաստանում, Ղազախստանում, թե եվրոպական երկրներում և թե Միացյալ Նահանգներում: Նրա անձի նկատմամբ ձևավորված է  գործընկերային վստահություն: Եվ, անկասկած, այդ վստահությունը կփոխանցվի նաև Հայաստանին»,-ասաց  Հարությունյանն ու հավելեց, որ այդ ճանապարհով կկարողանանք նաև մեծ շունչ ապահովել ներդրումների հոսքին:

Հարությունյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Սարգսյանը, երկար ժամանակ ապրելով բրիտանական քաղաքական միջավայրում, որը շատ ժողովրդավարական է, նման  ավանդույթները Հայաստանում նորովի կսերմանի:

«Էական եմ համարում, որ արտաքին աշխարհում Հայաստանը կարող է ներկայացվել ի դեմս Արմեն Սարգսյանի: Սերժ Սարգսյանը ևս բավականին մեծ համարում ունի միջազգային հանրության շրջանակներում: Եվ այս տանդեմը կարող է շատ վստահելի գործընկերային հարաբերություններ ձևավորել ամենատարբեր աշխարհաքաղաքական դերակատարների հետ: Դա շատ կարևոր կլինի Հայաստանի համար ճանաչելիության և որպես գործընկեր վստահության բարձրացման համար, որոնք էլ իրենց ազդեցությունը կթողնեն ներդրումների ներգրավման և տնտեսության դինամիկ զարգացման համար»,-ասաց Հարությունյանը:

Պատգամավորը Արմեն Սարգսյանի հետ աշխատել է նրա վարչապետ եղած ժամանակ: Եվ տպավորությունները Արմեն Սարգսյան քաղաքական գործչի վերաբերյալ ձևավորվել են հիմնականում այդ ժամանակահատվածում: Ինչպես ինքն է ասում՝ բավականին դրական պատկերացումներ ունի Սարգսյանի վերաբերյալ, որոնք սուբյեկտիվ և անհիմն չէ: «Նա ունի այնպիսի հատկություններ, որոնք շատ կարևոր են ղեկավարի համար: Կարևոր է հատկապես կոլեկտիվ միջավայր ձևավորելու իր ձիրքը»,-եզրափակեց Հարությունյանը:

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հունվարի 19-ին նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել նրա հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]