Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

ՀՀ վարչապետի օրակարգը Դավոսում չափազանց հագեցած է լինելու


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավոսի ֆորումը այն հարթակն է, որտեղ յուրաքանչյուր երկրի ներկայացուցչի ձայնն առավելապես լսելի է: Դավոսի համաժողովին Հայաստանի մասնակցությունը նաև կարևոր է երկրի ընդհանուր առաջխաղացման և իմիջի բարձրացման տեսանկյունից։ Այս մասին նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

-Մի քանի տարի ընդմիջումից հետո Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին, որին մասնակցում են գերտերությունների, համաշխարհային կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ի՞նչ կտա մասնակցությունը Հայաստանին: Քննարկվելիք հարցերից որո՞նք են մեր երկրի համար առավել նշանակալի:

-Իրականում դժվար է գերագնահատել Դավոսի տնտեսական համաժողովի կարևորությունը ու նշանակությունը: Կարծում եմ այստեղ կարող ենք առանձնացնել 2 հիմնական ուղղություն: Առաջինն այն է, որ այս հարթակում գլոբալ օրակարգի, ներկայիս համաշխարհային մարտահրավերների վերաբերյալ քննարկումների մաս կազմելու և այդ հարցերի շուրջ Հայաստանի տեսակետը ներկայացնելու հնարավորությունն է, քանի որ Դավոսի ֆորումը այն հարթակն է, որտեղ յուրաքանչյուր երկրի կամ ընկերության ներկայացուցչի ձայնը առավելապես լսելի է:

Երկրորդ կետը, որը կցանկանայի ընդգծել այն է, որ այս հարթակը բնականաբար շատ լավ հնարավորություն է մեկ վայրում հանդիպումներ ունենալ բազմաթիվ երկրների և խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև նոր կապեր և հնարավորություններ ձևավորել՝ թե՛ քաղաքական, թե՛ առավելապես տնտեսական առումով։ Ամեն հանդիպում տալիս է նոր ծրագրեր քննարկելու հնարավորություն և մենք յուրաքանչյուր հանդիպման հետ կապված ունենք առանձին օրակարգ և յուրաքանչյուր գործընկերոջը հետաքրքիր առաջարկներ:  

Իհարկե ավելորդ է խոսել նրա մասին, որ Դավոսի համաժողովին Հայաստանի մասնակցությունը նաև կարևոր է երկրի ընդհանուր առաջխաղացման և իմիջի բարձրացման տեսանկյունից։ Իրականում այս ամենը իրականություն դարձնելու համար երկար ամիսների հետևողական աշխատանք է տարվել:

-Գլոբալ տնտեսության մարտահրավերներին դիմակայելու խնդիրների լուծման գործում ինչպիսին կարող է լինել Հայաստանի ներդրումը:

-Կարծում եմ, որ որոշ հարցերում Հայաստանն ունի համեմատական առավելություն այդ խնդիրների լուծման ուղղությամբ պիլոտային ծրագրեր իրականացնելու հարցում։ Օրինակ, ինչպես հայտնի է, Հայաստանը կազմում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 17 նպատակներին հասնելու գլոբալ օրակարգի մաս։ Այդ նպատակներին հասնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձևավորվել է աշխատանքային խումբ, որը քննարկել և սահմանել է այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ սկզբունքներն ու նախնական գործիքակազմը։ Ի լրումն, ՀՀ կառավարությունը՝ ՌՆԿ-ի միջոցով, և ՄԱԿ-ի զարգացման գործակալությունը համատեղ ստեղծել են ԿԶՆ Ինովացիոն Լաբորատորիա, որն իրականացնելու է տարբեր վերլուծություններ և փորձարկումներ, որոնց նպատակն է առաջարկել լուծումներ, թե ինչպես կարելի է հասնել համապատասխան նպատակին, հաշվի առնելով սահմանափակ ռեսուրսները և ստանալ անհամաչափ դրական արդյունք` հաշվի առնելով կատարված ներդրումները։ Ընդ որում, այս մոդելը ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից  դիտարկվել է որպես ինովացիոն լուծում և մեր ընդհանուր նպատակն է այս մոդելի կիրառումը հնարավոր դարձնել նաև այլ երկրներում։ 

-Ի՞նչպիսի պատվիրակությամբ և երբ կկայանա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Դավոս:

-Վարչապետը մեկնելու է Շվեյցարիա հունվարի 22-ին: Նրա գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը և Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Էրիկ Գյուլազյանը:

-Կա՞ն արդեն պլանավորված հանդիպումներ այլ երկրների, միջազգային կառույցների պատվիրակների հետ:

-Նախատեսված են վարչապետի մի շարք հանդիպումներ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափում: Հանդիպումներ են լինելու տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ տնտեսական հարաբերություններ, հանդիպելու ենք տարբեր խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, որոնց, մենք գտնում ենք, որ որոշակի առումով կարող է հետաքրքրիր լինել Հայաստան մուտք գործելը կամ որոնց մեր երկիրը գործնական առաջարկներ կարող է անել։ Բացի այդ, բնականաբար, վարչապետը մասնակցելու է նաև ընդհանուր՝ այսպես ասած գլոբալ օրակարգի վերաբերյալ պատվիրակությունների ղեկավարների քննարկումների ու հավաքների, մասնավորապես՝ ֆորումի ամենաբարձր մակարդակի նիստին՝ Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL): Այնպես որ Կարեն Կարապետյանի օրակարգը Դավոսում չափազանց հագեցած է:

Հարցազրույցը՝ Անի Նազարյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ