Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Շնորհակալ եմ ձեր նվիրումի և մեծ աշխատանքի համար. ՀՀ Նախագահը՝ պետական մրցանակի դափնեկիրներին

Շնորհակալ եմ ձեր նվիրումի և մեծ աշխատանքի համար. ՀՀ Նախագահը՝ պետական 
մրցանակի դափնեկիրներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստի և գիտության բնագավառի մեկ տասնյակից ավելի անհատներին շնորհվող պետական մրցանակները պետության և ժողովրդի գնահատականն են քրտնաջան կատարված աշխատանքի և նվիրումի համար: Հունվարի 19-ին ՀՀ նախագահական նստավայրում կայացած պարգևատրման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Հարգելի դափնեկիրներ, այսօր հաճելի պարտականություն ենք կատարում, պետական մրցանակներ ենք հանձնում մեր արվեստագետներին ու գիտնականներին, մեր դափնեկիրներին, ովքեր նախորդող 2-3 տարիների ընթացքում ուշագրավ գործեր են ստեղծել: Միշտ շեշտում եմ այն հանգամանքը, որ այս մրցանակներն առաջին հերթին պետք են հանրությանը: Այսպիսով` մենք փորձում ենք ուղենիշներ ու չափանիշներ  առաջարկել մեր հասարակությանը, նրանց ուշադրությունը գրավել իսկապես արժանի գործերի վրա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ Նախագահը:

Գիտության և հրապարակախոսության ոլորտում 2017 թվականի պետական մրցանակի արժանացավ Գուրգեն Խանջյանը «Տուր ձեռքդ, պստլո» վեպի համար,  երաժշտության ոլորտում` Էդուարդ Հայրապետյանը կոնցերտ դաշնամուրի համար սիմֆոնիկ նվագախմբի հետ ստեղծագործության համար: Կինոարվեստի ոլորտում պետական մրցանակի արժանացան «Կյանք ու կռիվ» խաղարկային ֆիլմի ստեղծագործական թիմի մի խումբ անդամներ` ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, օպերատոր Վահագն Հակոբյանը, դերասան Սամվել Թադևոսյանը, պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանն ու Կարեն Ղազարյանը: Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում 2017 թվականի պետական մրցանակ շնորհվեց Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն համալիրի համար ճարտարապետներ Սարգիս Սարդարյանին, Ռուզաննա Մամյանին, ճարտարագետ Լևոն Ազնավուրյանին հետմահու, շինարար Սուրեն Հակոբյանին, ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում` պրոֆեսոր Համլետ Ավետիսյանին ռելյատիվիստիկ ոչ գծային էլեկտրադինամիկա ուղղության իր անգլալեզու աշխատության համար: 

Արժանի գործեր չլինելու և անհրաժեշտ թվով ձայներ չստանալու կապակցությամբ մի քանի ոլորտներում մրցանակներ չհանձնվեցին, մասնավորապես, կերպարվեստի, թատերական արվեստի, հումանիտար և հասարակագիտական գիտությունների բնագավառում:

Հանձնախմբերի ղեկավարները նաև առաջարկություններ ներկայացրեցին, մասնավորապես, երաժշտության հանձնախմբի նախագահ Դավիթ Ղազարյանն առաջարկեց մրցանակ սահմանել նաև կատարողական արվեստի բնագավառում:

Հումանիտար և հասարակագիտական գիտությունների հանձնախմբի նախագահ Յուրի Սուվարյանն էլ առաջարկեց, որպեսզի մրցանակների շնորհման կանոնակարգի մեջ կատարվի ճշգրտում, որ հնարավոր լինի կոլեկտիվ կատարված արժեքավոր ուսումնասիրությունները ևս արժանացնել պետական մրցանակների:

Նախագահն ափսոսանք հայտնեց, որ որոշ անվանակարգերում հաղթողներ չարձանագրվեցին` հույս հայտնելով, որ հաջորդ տարիներին տվյալ անվանակարգերում կլինեն այնպիսի գործեր, որոնք անկասկած արժանի կլինեն պետական մրցանակի: «Տեսնում եմ, որ անհրաժեշտ է կատարել որոշակի աշխատանք, վերլուծել այս կամ այն ոլորտի զարգացման խոչընդոտները: Թող իմ այս խոսքն ազդակ լինի Մշակույթի, Գիտության և կրթության նախարարներին, որ նրանք համատեղ ուսումնասիրեն այս ոլորտներում առկա խնդիրները: Եվ նաև մեծ ուշադրությամբ դիտարկվեն առաջարկները»,-եզրափակեց Նախագահ Սերժ Սարգսյանը: 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ