Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պարարվեստի առաջընթացն այս տարվա առաջնահերթություններից է. Արմեն Ամիրյանը հանդիպել է պարարվեստի ներկայացուցիչների հետ

Պարարվեստի առաջընթացն այս տարվա առաջնահերթություններից է. Արմեն Ամիրյանը 
հանդիպել է պարարվեստի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պարարվեստի առաջընթացը ՀՀ մշակույթի նախարարության 2018 թվականի առաջնահերթություններից է: Նախարար Արմեն Ամիրյանը Լոս Անջելեսում հայկական պարային խմբերի ղեկավարների հետ վերջերս հանդիպելուց և համագործակցության շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո հունվարի 18-ին հանդիպել է Հայաստանի պարարվեստի ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարն ընդգծել է, որ Խոր Վիրապում կայանալիք «Քոչարի» փառատոնը պետք է կազմակերպել այնպես, որ երկու տարի անց այն այլևս չունենա պետության օժանդակության կարիքը և շարունակի գոյատևել ինքնուրույն:

«Մեզ համար չափազանց կարևոր է փառատոնի «բազմապատկող էֆեկտը», այն պետք է նպաստի հայկական պարի հանրահռչակմանը, նաև սոցիալական խնդիր լուծի: Այս տրամաբանությամբ ստեղծվող փառատոնին նախարարությունը պատրաստ է աջակցել»,-շեշտել է Ամիրյանը:

Նախարարությունը ցանկանում է սատարել նաև ոլորտի մասնագետների վերապատրաստմանը՝ հայտնի մասնագետների հրավիրելով, ինչպես նաև արտերկիր գործուղելով հայաստանցի մասնագետներին: Երևանի պարարվեստի ուսումնարանի երեք մասնագետ առաջիկայում կվերապատրաստվեն ռուսաստանցի բալետմայստեր Բորիս Էյֆմանի արվեստանոցում:

Ոլորտում առկա այլ խնդիրների շուրջ ևս քննարկումներ են եղել։

Մարզական պարերը Հայաստանում անկում են ապրում: Միջազգային փորձի պակաս կա: Ոլորտի ներկայացուցիչներն արձանագրեցին, որ վերապատրաստման լուրջ խնդիր կա նաև այս բնագավառում: Նախարարն առաջարկեց Հայաստանում մարզական պարերի փառատոն անցկացնելու ծրագիր ներկայացնել:

Հանդիպմանը քննարկվել է նաև պարարվեստին նվիրված գրականության սղության խնդիրը: Այս հարցում էլ կառուցողական համաձայնություն է ձեռք բերվել. նախարարությունը կօժանդակի ներկայացված երեք աշխատության և մասնագիտական մեկ կայքէջի ստեղծմանը:

Քննարկված ամենացավոտ խնդիրը, թերևս, բալետի պարողների՝ կենսաթոշակի անցնելու տարիքն ու պայմաններն օրենքով կարգավորելու խնդիրն է եղել. «Ե՞րբ է ի վերջո ընդունվելու թատրոնի մասին օրենքը, որպեսզի ոչ միայն բալետի պարողների սոցիալական խնդիրները, այլև անհրաժեշտ սերնդափոխության հարցերը լուծվեն»:

Հայկական բալետի ներկայացուցչի հարցադրմանն ի պատասխան, նախարարը նախ հիշեցրել է, որ տվյալ խնդիրը կարգավորվում է միանգամայն այլ օրենքով: Ինչ վերաբերում է Թատրոնի մասին օրենքին, ապա նախարարության՝ բազմիցս հնչեցրած, ինչպես նաև գրավոր ներկայացրած հարցադրումներին ի պատասխան, թատերական որևէ կոլեկտիվ այդպես էլ հիմնավոր որևէ առաջարկ կամ ձևակերպում չի ներկայացրել, թե ինչու է անհրաժեշտ Թատրոնի մասին օրենքի ընդունումը:

Քննարկված ծրագրերն առավել հստակ ներկայացնելու նպատակով առաջիկայում ևս կկազմակերպվեն նման հանդիպումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]