Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/94. «Չի վաճառվում», «Տափաստանի գայլը», «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գրքերն ամենավաճառվածների ցանկում են

Երևանյան բեսթսելեր 4/94. «Չի վաճառվում», «Տափաստանի գայլը», «Ծաղիկներ 
Էլջերնոնի համար» գրքերն ամենավաճառվածների ցանկում են

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին՝ Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ լույս տեսած երկհատորյակը: Կազմել և խմբագրել է Աշոտ Գաբրիելյանը:

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն բարելավել է իր դիրքերը և աղյուսակում երկրորդն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:

Բրազիլացի հանրահայտ գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը», երրորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Գիրքը թարգմանել է Աննա Մարությանը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը:

Չորրորդ հորիզոնականում Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունն է: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում» գիրքը վերադարձել է մեր ցանկ՝ գրավելով հինգերորդ տեղը:: Գրքում տեղ գտած պատմվածքները 20 տարվա ժամանակահատված են ընդգրկում՝ ներկայացնելով հեղինակի անցած ճանապարհը ուշ պատանեկությունից մինչև միջին տարիք, այդ ճանապարհին տեղի ունեցած աշխարհայացքային, գեղագիտական, ոճական փոփոխությունները։ Միաժամանակ գրքում երևակվում է տվյալ ժամանակաշրջանի գրականության հետագիծը։ Խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:

Իր դիրքերը զիջել և վեցերորդ տեղն է զբաղեցրել «Խատուտիկի գինի» գիրքը: Այն ամերիկացի ականավոր գրող Ռեյ Բրեդբըրիի ամենաճանաչված գործերից է (1957): Կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը, հեղինակի բնորոշմամբ, իր պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Յոթերորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Առաջին անգամ այն հրապարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակին որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվանմամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը՝ որպես 1966 թվականի լավագույն վեպ։ Թարգմանել է Հայկ Ֆելեքյանը:

Ութերորդ տեղում նոր գիրք է: Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը: Այն պատմություն է բարձր սարերում ծվարած մի գյուղի և նրա փոքրաթիվ բնակիչների մասին, որոնցից յուրաքանչյուրը մի քիչ խենթ է, մի քիչ փնթփնթան, և որոնցից յուրաքանչյուրի հոգում իրական գանձեր են թաքնված: Ռուսերենից թարգմանել է Նաիրա Խաչատրյանը, խմբագրել է Հայարփի Խաչատրյանը:

Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» վեպը իններորդն է: Գերմանացի մեծանուն գրողի այս երկը նրա ամենահայտնի գործն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը: Թարգմանիչ՝ Արա Առաքելյան, խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան:

Թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»  վեպը եզրափակում է ամենավաճառվածների ցանկը: Ստեղծագործությունում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը`որպես թուրքի հոգեբանության չհաղթահարված բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը շահել է դատը, դրանից հետո միայն այն վաճառելու հնարավորություն է ստացել: Գիրքը Թուրքիայում կա և վաճառվում է, սակայն մինչ վաճառքի հանվելը բազմաթիվ արգելանքների միջով է անցել: Թարգմանել է Արփի Աթաբեկյանը, խմբագրել՝ Ներսես Աթաբեկյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Վարդգես Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ» Դարակ 55
2 Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» Անտարես 35
3 * Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» Անտարես 18
4 -1 Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» Բուկինիստ 17
5 * Արփի Ոսկանյան «Չի վաճառվում» Անտարես 15
6 -2 Ռեյ Բրեդբըրի «Խատուտիկի գինի» Անտարես 14
7 * Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» Անտարես 14
8 Նոր Նարինե Աբգարյան «Երկնքից երեք խնձոր ընկավ» Օրակուլ 13
9 * Հերման Հեսսե «Տափաստանի գայլը» Անտարես 10
10 * Էլիֆ Շաֆաք «Ստամբուլի բիճը» Անտարես 9

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]