Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Դեսպան Սեյրանյանը  հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հետ

Դեսպան Սեյրանյանը  հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների 
պալատի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հունվարի 18-ին հանդիպել է  ANO-2011 քաղաքական շարժումը ներկայացնող, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նորընտիր նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի (Radek Vondráček) հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Զրույցի ընթացքում քննարկվեց հայ-չեխական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը գոհունակությամբ փաստեցին երկկողմ միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը՝ կարևորելով հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում փոխադարձ բարձրաստիճան այցելությունների միջոցով։ 

Տիգրան Սեյրանյանն առանձնակի նշեց Միջխորհրդարանական միության շրջանակներում գործող բարեկամության խմբերի դերը՝ վստահություն հայտնելով, որ, ի թիվս մյուս խմբերի, մոտ ապագայում Չեխիայի խորհրդարանի նորընտիր ստորին պալատում կձևավորվի նաև Հայաստանի հետ բարեկամության խումբը։

Դեսպանը Պատգամավորների պալատի նախագահին շնորհակալություն հայտնեց պալատի կողմից 2017թ. ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու կապակցությամբ, զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Ռադեկ Վոնդրաչեկը վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ Չեխիայի դիրքորոշումը։

Կողմերը կարևորեցին Հայաստանի՝ Եվրամիության հետ համագործակցության ծրագրերի շարունակականությունը: Դեսպանը հույս հայտնեց, որ Պատգամավորների պալատը հնարավոր սեղմ ժամկետում կվավերացնի 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ 

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը հաջողություն մաղթեց Ռադեկ Վոնդրաչեկին իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ»: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ