Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս 2022

Աղետների ռիսկի նվազեցման ճապոնական փորձը կարող է կիրառվել Հայաստանի համայնքներում

Աղետների ռիսկի նվազեցման ճապոնական փորձը կարող է կիրառվել Հայաստանի 
համայնքներում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հունվարի 18-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տնօրեն Հաջիմե Տանիգուչիին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև համագործակցության նոր ծրագրերի մշակման հնարավորությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Բարձր գնահատելով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով աղետների ռիսկերի նվազեցման և կանխարգելման գործընթացում հայ-ճապոնական համագործակցության արդյունքները՝ ԱԻ նախարարը պատրաստակամություն հայտնեց ներգրավվել համատեղ նոր ծրագրերի մշակման գործընթացում:

Կողմերը քննարկեցին Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելիչ գործողությունների իրականացման համատեքստում ենթակառուցվածքների զարգացման և կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Ըստ Դ. Տոնոյանի՝ ճապոնական փորձը կարող է օգտակար լինել համայնքային մակարդակում աղետների ռիսկի գնահատման, նվազեցման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման գործընթացում, ինչը կհանգեցնի յուրաքանչյուր համայնքում բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացմանը: Իր խոսքում նախարար Տոնոյանը շեշտեց, որ աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչի ներառումը համայնքային բյուջեում մեծապես կնպաստի համայնքի ընդհանուր տնտեսական զարգացմանը, քանի որ կանխարգելիչ աշխատանքներն ավելի արդյունավետ և քիչ ծախսատար են, քան հետևանքների վերացման գործընթացը: Կողմերը դիտարկեցին նաև հայ-ճապոնական հնարավոր համագործակցությունը աղետների բժշկության ոլորտում և վերահաստատեցին «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագիրը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար պարոն Հաջիմե Տանիգուչին նշեց, որ հաշվի առնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ տարիների համագործակցության բարձր արդյունավետությունը, իրենց համար Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ ներդրումների իրականցումը մնում է առաջնահերթությունների շարքում:

Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային ու Աղետների բժշկության կենտրոններ՝ տեղում ստորաբաժանումների կարողություններին ծանոթանալու նպատակով: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]