1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ-ֆրանսիական կրթական համագործակցությունը զարգանում է. Ֆրանսիական համալսարանում՝ նոր ֆակուլտետ, միջազգային դպրոցում՝ ավագ դասարաններ    

Հայ-ֆրանսիական կրթական համագործակցությունը զարգանում է. Ֆրանսիական 
համալսարանում՝ նոր ֆակուլտետ, միջազգային դպրոցում՝ ավագ դասարաններ

 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերից Հայաստանի ֆրանսիական համալսարանում կգործի նոր՝ ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը:

«Մեր նպատակն է հետագայում մեր շրջանավարտներին ապահովել աշխատանքով, եւ մենք չէինք կարող համալսարանում ֆակուլտետ բացել առանց հաշվի առնելու ներկա իրավիճակը եւ ուսումնասիրություններ կատարելու»,-ասաց համալսարանի ռեկտորը՝ ընդգծելով, որ ֆակուլտետը ծառայելու է Հայաստանի զարգացմանը, քանի որ այն ամեն տարի պատրաստելու է այդ ոլորտի շուրջ 100 ֆրանկոֆոն ուսանողի, ովքեր ստանալու են հայկական եւ ֆրանսիական դիպլոմներ:

«Այն, որ Հայաստանում զարգանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ես չէ, որ նշում եմ, այլ միջազգային կառույցները»,-ասաց ռեկտորը:

Ժան-Մարկ Լավեստի խոսքով՝ Թուլուզի «Պոլ Սաբատիե Թուլուզ 3» համալսարանի հետ համագործակցությամբ Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա կրթական ծրագրի ներդրմամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանը շարունակում է հավատարիմ մնալ իր առաջնային առաքելությանը՝ «ապահովել գերազանց ուսուցում» եւ «ձեւավորել ֆրանկոֆոն վերնախավ Հայաստանում»:

Բակալավրիատի առաջին կուրսից կրթական ծրագիրը նախատեսում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության շնորհիվ նորարարական եւ ձեռնարկատիրական նախագծերի իրականացում եւ Եվրամիության եւ «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի կողմից համաֆինանսավորմամբ համագործակցության կենտրոնի ստեղծում:

Ռեկտորն ասաց, որ նախատեսում են արդեն իսկ սեպտեմբերից ունենալ 50 ուսանող, ովքեր մաթեմատիկայից եւ օտար լեզվից խորացված քննություն են հանձնելու:

«Եվս մեկ անգամ կցանկանայի հիշեցնել, որ ֆրանսիական համալսարան ընդունվելու համար ֆրանսերենի իմացությունը պարտադիր չէ, քանի որ խորացված դասընթացներ են կազմակերպվում ուսման ընթացքում»,- ասաց ռեկտորը:

Հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանն առնչվող եւս մեկ հատկանշական իրադարձություն է առաջիկայում Հայաստանում արդեն 11 տարի գործող ֆրանսիական միջազգային դպրոցում ավագ դասարանների բացումը:

Դպրոցի տնօրեն Մարտեն Բեկերը ներկայացրեց, որ այս բաժինն ուղղված է այն աշակերտներին, ովքեր ցանկանում են ընդունվել Հայաստանում ֆրանսիական համալսարան:   

«Աշակերտները կընտրվեն իրենց դպրոցական արդյունքների, ինչպես նաեւ մաթեմատիկայի գրավոր քննության եւ բանավոր հարցազրույցի հիման վրա: Ֆրանսերենի նախնական իմացությունը պարտադիր չէ, քանի որ դպրոցը ում ապահովելու է 700 ժամ ֆրանսերենի ուսուցում, ինչը բավարար է համալսարան ընդունվելու համար»,-ասաց նա:

Դպրոցի այս ծրագրի համար նախատեսված տարեկան վարձավճարն է 650 հազար դրամ:  

Իսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ամփոփելով ֆրանսիական կրթական հաստատություններում սպասվող փոփոխությունները, նշեց, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանն  ու ֆրանսիական միջազգային դպրոցը երկրում ֆրանսիական ուսուցում կազմակերպող միակ  հաստատություններն են, որոնք նաեւ Հայաստանի զարգացման գործում մեծ դերակատարում ունեն:

«Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավելի քան 80 տոկոսն ունի աշխատանք, ավելի քան 90 տոկոսը մնում է Հայաստանում, իսկ ֆրանսիական դպրոցի աշակերտների 40 տոկոսից ավելին տեղաբնակ հայեր են,-ասաց Ֆրանսիայի դեսպանը՝ հատկապես կարեւորելով այն, որ փոփոխությունները տեղի են ունենում հենց այն տարում, երբ Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]