1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Նիգերիայի նորանշանակ դեսպանը

ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Նիգերիայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին հունվարի 18-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իբրահիմ Համզաթը (նստավայրը՝ Թեհրան): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանն ու Նիգերիան միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությունից բացի կզարգացնեն երկկողմ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ժամանակակից աշխարհում աշխարհագրական հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ փոխգործակցության զարգացման համար: 

Նախագահ Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև իրավապայմանագրային անհրաժեշտ հիմքի ստեղծումը, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացումը: 

Դեսպան Իբրահիմ Համզաթը նշել է, որ Նիգերիան շահագրգռված է հատկապես տնտեսական ոլորտում Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ և տեղեկացրել, որ իր երկիրն այժմ ակտիվ քայլեր է ձեռնարկում տնտեսության բազմազանեցման ուղղությամբ: Դեսպանն ընդգծել է, որ փոխգործակցության զարգացման հետաքրքրություն կա մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում, որտեղ Հայաստանը զգալի փորձ է կուտակել, ինչպես նաև գյուղատնտեսության, առողջապահության, կրթության բնագավառներում: Նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ ջանք չի խնայի պաշտոնավարման ժամանակահատվածում լավագույնս իրականացնելու իր առաքելությունը՝ նպաստելով հայ-նիգերիական հարաբերությունների ամրապնդմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]