1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում նախատեսվում է Համահայկական թվային գրադարան ստեղծել. Տիգրան Զարգարյանն ամփոփել է նախորդ տարին

Հայաստանում նախատեսվում է  Համահայկական թվային գրադարան ստեղծել. Տիգրան 
Զարգարյանն ամփոփել է նախորդ տարին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանը  2017 թվականին մի շարք ձեռքբերումներ է ունեցել` մատենագիտական աշխատանքների կազմում, Գրատպության թանգարանի բացում և այլն: Նախորդ տարի կատարված աշխատանքի և այս տարի սպասվող ծրագրերի մասին հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

«Նախորդ տարվա ամենածանր իրադարձությունը Հայաստանի ազգային գրապալատի ձուլումն էր Հայաստանի ազգային գրադարանին: Մենք գրապալատի ողջ  հավաքածուն տեղափոխեցինք մեզ մոտ: Աշխատակիցներից ոչ մեկը դուրս չմնաց: Այն գործառույթները, որոնք կատարում էր գրապալատը, այժմ շարունակում է իրականացնել  գրադարանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Զարգարյանը:

Նրա խոսքով` իրենք նկուղային ապահով տարածք են հատկացրել «ազգային անձեռնմխելի հավաքածու» համարվող գրքերին: Այնտեղ են պահվում տարբեր հրատարակիչների տրամադրած արժեքավոր գրքերից օրինակներ, որոնք կփոխանցվեն սերունդներին:

Տնօրենը շեշտեց, որ գրադարանում գրանցված է  31 755 ընթերցող: «2017-ին գրանցվել է  3367 մարդ, նրանցից  2357-ը ուսանողներ են, 1010-ը` գիտական ընթերցասրահի ընթերցողներ:  Գրքատածքը կազմել է 1 մլն 499 հազար միավոր, այսինքն` տարվա ընթացքում այդքան անգամ գիրք է սպասարկվել, իսկ ընթերցողների հաճախումների թիվը հասել է 247 828-ի»,-ասաց նա:

Անդրադառնալով միջազգային համագործակցություններին` Տիգրան Զարգարյանը նշեց`նախորդ տարի ռուսերեն և հայերեն հրատարակել են մատենագիտական կատալոգ «Պատրաստված է ԽՍՀՄ-ում. Հայաստան 1950-1991  թվականներ» խորագրով: Այնտեղ ներառված են Հայաստանի գիտնականների ատենախոսություններ, ընդգրկվել են գիտության բոլոր ճյուղերը:

Կազմվել է Բոստոնում հրատարակվող «Armenian review» հայագիտական հանդեսի հոդվածների մատենագիտությունը 1950-ական թվականներից մինչև  2010-ը:

Գրադարանի համար մեծ ձեռքբերում էր Գրատպության թանգարանի բացումը: Այն  գործում է, ունի և’ հայ, և’ օտարազգի այցելուներ, շատ են դպրոցականներն ու ուսանողները:

«Մեր ուշադրության կենտրոնում է գրքերի թվայնացումը: Մենք աշխարհով մեկ սփռված տպագիր գիր և մամուլ ունենք: Շատ համարներ մեզ մոտ չկան: Դրանք գտնելով, թվայնացնելով և թվայնացված պատճենները մեզ մոտ պահելով, հասանելի ենք դարձնում ընթերցողներին, հետազոտողներին: Այդ նպատակով ստացել ենք նոր թվայնացման սարքեր: Սա մեզ հնարավորություն տվեց առաջ քաշել  Համահայկական թվային գրադարան ստեղծելու գաղափարը, որը ամբիցիոզ է, բայց իրականանալի»,-ընդգծեց տնօրենը:

«Նշանակալի էր համագործակցությունը Ստամբուլի Աթաթուրքի անվան գրադարանի հետ: Հոկտեմբերին մեր գրադարանից մասնագետներ այցելեցին այնտեղ և, ստուգելով գրքերի հայատառ հավաքածուների կեսը, գտան  57 գիրք, որոնք հայ մատենագիտական ցանկերից ոչ մեկում ներառված չէին: Նկարեցին և չորս հնատիպ գիրք բերեցին, որոնք մենք  ընդգրկեցինք համապատասխան ցանկում:

Երուսաղեմում գտանք Ոսկան Երևանցու Աստվածաշնչի այն օրինակը, որը հրատարակվել է հատուկ կաթոլիկ եկեղեցու համար»,-ասաց նա:

Խոսելով խնդիրներից` Զարգարյանը նշեց, որ լուրջ բացթողումներ կան համայնքային գրադարաններում: «Շարունակում ենք դրանց վերազինումը: Նախորդ տարի Մարալիկի և Ամասիայի համայնքային գրադարանները դրամաշնորհ են շահել»,- եզրափակեց նա:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]