1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԿԲ խորհուրդն արձանագրել է՝ առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ խորհուրդն արձանագրել է՝ առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար 
բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը մանրամասներ է հրապարակել ԿԲ խորհրդի՝ 2017 թ. դեկտեմբերի 26-ի նիստից՝ տվյալներ ներկայացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ:

Նիստին մասնակցել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը: Խորհրդի նիստը սկսվել է դեկտեմբերի 26-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները: Արձանագրվել է, որ, ինչպես և սպասվում էր, 2017թ-ի չորրորդ եռամսյակի անցած ժամանակահատվածում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ նոյեմբերի վերջին կազմելով 2.2%: Գնաճին գերակշռող մասով նպաստել է «Սննդամթերք» խոշոր ապրանքախմբի ապրանքների գների աճը, որի կառուցվածքում սեզոնային բնականոն աճ են դրսևորել «Միրգ» և «Բանջարեղեն» ապրանքախմբերի ապրանքների գները: Եռամսյակի ընթացքում արձանագրվել է նաև կարագի և մսի գների էական աճ՝ պայմանավորված կարագի և խոզի մսի միջազգային գների աճով և տավարի մսի արտահանմամբ, ինչը զգալիորեն նպաստել է բնականոն գնաճի շարունակական աճին: Վերջինս էլ իր հերթին վկայում է վերականգնվող ներքին պահանջարկի և գնաճային սպասումների աճի մասին:

Ընդ որում, բնակչության գնաճային սպասումներն ավելի արագ են ավելանում՝ պայմանավորված պարենային ապրանքների միջազգային շուկայում վերը նշված ապրանքների գների աճի և 2018թ-ից ՀՀ-ում ակցիզային հարկի ու մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության՝ ներքին գների վրա գերագնահատված ազդեցության վերաբերյալ մամուլում պարբերաբար շրջանառվող տեղեկատվությամբ: Միևնույն ժամանակ Խորհուրդն ակնկալում է գնաճային միտումների պահպանում նաև դեկտեմբերին, ինչի հետևանքով ամսվա գնաճը կգերազանցի նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը և 12-ամսյա գնաճը կշարունակի ավելանալ՝ տարեվերջին ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ:

Խորհրդի նիստում քննարկվել է ձևավորված տնտեսական իրավիճակը. ներկայացվել է, որ 2017թ-ի անցած 11 ամիսների ընթացքում ձևավորվել և մշտապես պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ հիմնականում պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերով:

Այսպես, վիճակագրական փաստացի տեղեկատվության համաձայն հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական աճը կազմել է 5.0%, իսկ հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար այն գնահատվում է 6.4%՝ չորրորդ եռամսյակի ԴՎՔ ծրագրում գնահատված 4.6%-ի դիմաց: Միաժամանակ արձանագրվեց, որ չորրորդ եռամսյակում ևս ներքին պահանջարկի վերականգնումը զգալիորեն գերազանցել է սպասվող տեմպերը, ինչի արդյունքում թե՛ մասնավոր սպառման և թե՛ մասնավոր ներդրումների մասով ակնկալվում են ավելի քան 2.0 տոկոսային կետով բարձր ցուցանիշներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նշվել է, որ ներքին պահանջարկի արագ վերականգնմանը շարունակել են նպաստել իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը, պահպանվող համեմատաբար ցածր գնաճային միջավայրը և դրամական փոխանցումների բարձր աճը: Ներքին բարձր պահանջարկն իր հերթին արտահայտվել է ներմուծման, առևտրի, տնտեսության վարկավորման աճերի և բնականոն գնաճի արձանագրված տեմպերում:

Խորհրդի նիստում ներկայացվել են նաև արտաքին հատվածի զարգացումները, որոնց համաձայն չորրորդ եռամսյակում հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի տեմպերը գերազանցել են սպասումները՝ պայմանավորված ներքին պահանջարկի վերականգնման արագ տեմպերով: Միջազգային ապրանքահումքային շուկայում գնաճային զարգացումներն ընթացել են հիմնականում ԿԲ կանխատեսումներին համահունչ, միայն նավթի գնի մասով է արձանագրվել սպասվածից ավելի աճ՝ պայմանավորված արտադրության ծավալների կրճատմամբ:

Քննարկման արդյունքում Խորհուրդը գնահատել է. առաջիկա ամիսներին միջազգային ապրանքային շուկաներում գնաճային միտումները կպահպանվեն և նման իրավիճակում արտաքին հատվածից ակնկալվում են չափավոր գնաճային ազդեցություններ: Խորհրդի նիստում քննարկվել են ֆինանսական շուկայի զարգացումները՝ փաստելով, որ եկամտաբերության կորի կարճաժամկետ հատվածի տոկոսադրույքներն հիմնականում կայունացել են քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում, իսկ երկարաժամկետ տոկոսադրույքները մնացել են գրեթե անփոփոխ:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցել է դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Քննարկվել են վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու կամ 0.25 տոկոսային կետով բարձրացնելու տարբերակները: Գնաճային սպասումների և գնաճային ռիսկերի շարունակվող ավելացման պարագայում, Խորհուրդը դեռևս նախապատվությունը տվել է քաղաքականության գործիքի տոկոսադրույքն անփոփոխ թողնելուն՝ հաշվի առնելով ներքին պահանջարկի վերականգնման տևականությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Ամփոփվել է, որ վերոնշյալ բոլոր գնաճային գործոնները ներառված են չորրորդ եռամսյակում արված կանխատեսումներում և ԿԲ-ն մշտապես հետևում է գնաճային զարգացումներին ու առկա ռիսկերի դրսևորմանը: Միևնույն ժամանակ Խորհուրդն առավել հաստատակամ է, որ կանխատեսված զարգացումների ներքո և միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման առումով առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որի արդյունքում 12- ամսյա գնաճը կանխատեսվող հորիզոնում կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում՝ հորիզոնի վերջում կայունանալով գնաճի նպատակային 4% միջին մակարդակի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]