Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի մի խումբ սիրիահայ ուսանողներ երախտագիտության նամակ փոխանցեցին ՌԴ դեսպանատան ներկայացուցչին

Հայաստանի մի խումբ սիրիահայ ուսանողներ երախտագիտության նամակ 
փոխանցեցին ՌԴ դեսպանատան ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջեւ հավաքվել էին մի խումբ սիրահայ ուսանողներ՝ դեսպանին փոխանցելու երախտագիտության նամակ առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակական աջակցություն է ցուցաբերել Սիրիային պատերազմական դժվար  տարիներին երկիրն ազատագրելու եւ ժողովրդին օժանդակելու հարցում: Նախաձեռնության հեղինակները Հայաստանում Սիրիայի ուսանողական միությունը եւ «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակակական կազմակերպությունն էին:

Հայաստանում Սիրիայի ուսանողական միության նախագահ Ջուլիա Փամփալյանը նշեց, որ ակցիային մասնակցում են Սիրիայից Հայաստան ժամանած գրեթե բոլոր ուսանողները:

«Ես Հալեպ քաղաքից եմ, եկել եմ Հայաստան 2012 թվականին: Սովորում եմ Հայաստանի բժշկական համալսարանում: Ես Սիրիայից դուրս եկա, որովհետեւ այնտեղ վտանգավոր էր:  Ահաբեկչական շարժումներն էին սկսվել, նրանք ամենուր էին, մտնում էին համալսարաններ, եկեղեցիներ, նրանք խփում էին ամեն տեղ: Հարազատներս հիմա Սիրիայում են, մենք ունեցանք 3 երիտասարդ զոհ, այժմ այնտեղ ամեն ինչ փլված է: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում եւ՛ Ռուսաստանին, եւ՛ Հայաստանին, քանի որ Հայաստանը եւս աջակցություն է ցուցաբերել՝ մթերք ուղարկելով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:   

Նասրի Նասրին նույնպես Հայաստան է ժամանել 2012 թվականին, սովորում է Ֆրանս-հայկական քոլեջի ատամնատեխնիկական ֆակուլտետում: Հարազատները Սիրիայում են, միայն հորեղբայրն է Հայաստանում:

«Երեք տարի առաջ, երբ գնացի հետ, վատ էր վիճակը, բայց այս ամառ էլ էի գնացել այնտեղ, վիճակն ահագին բարելավվել էր: Այս տարի ավարտում եմ համալսարանը եւ վերադառնում եմ հարազատներիս մոտ»,-նշեց նա:

Միության նախագահը երախտագիտության նամակը փոխանցեց ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի խորհրդական Ալեքսանդր Վասիլյովին, ով իր հերթին խոստացավ նամակը փոխանցել դեսպանին եւ նշեց, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցությունը՝ այժմ հատկապես շեշտը դնելով հումանիտար ուղղության վրա:

«Ամենակարեւորը վերածնունդն է այդ երկրի, որը հեշտ խնդիր չէ: Կարծում ենք, որ մենք՝ բոլորս, այդ թվում՝ Հայաստանի օգնությամբ կկարողանանք այդ դժվար խնդիրը հաղթահարել»,-նշեց խորհրդականը:

Բացի Սիրիայի ուսանողական միությունից, երախտագիտության նամակին միացել են նաեւ «Ազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ն, «Հայրենանվեր երիտասարդների միավորում» ՀԿ-ն, Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցացիան, Տարածաշրջանային գիտական եւ կրթական  կենտրոնների միավորումը, ինչպես նաեւ «Զարգացում» հասարակական շարժումը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]