Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Սփյուռքի նախարարությունը ներկայացրել է գերակա խնդիրների կատարման ուղղությամբ արված աշխատանքները

Սփյուռքի նախարարությունը ներկայացրել է գերակա խնդիրների կատարման 
ուղղությամբ արված աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունը ներկայացրել է ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2017թ. գերակա խնդիրները եղել են վեցը, որոնց ուղղությամբ կատարվել են բոլոր նախատեսված ծրագրերը:

  1. Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրման գործընթացի արագացում

Նպատակային աշխատանքներ են տարվել Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերի ինտեգրման, կեցության, կրթության, առողջապահության, աշխատանքի տեղավորման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ: Մշակվել և կատարելագործվել են տարբեր գերատեսչությունների հետ համագործակցության մեխանիզմները. գործում են միջգերատեսչական հանձնաժողով, աշխատանքային խումբ, արագ արձագանքման խումբ և թեժ գիծ: Իրականացվել են տասնյակ ձեռնարկներ, հանդիպումներ, քննարկումներ, ապահովվել է հետադարձ կապ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ կազմակերպվել է 5 գործարանների բացում, օժանդակություն է ցուցաբերվել բիզնես ծրագրերի մշակմանը: Մշակվել և շահագրգիռ կառույցներին է ուղարկվել «Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022 թվականների ռազմավարության» նախագիծը: Ներկայումս ամբողջացվում և համակարգվում են առաջարկությունները և դիտողությունները:

  1. Հայապահպանության համար և ուծացման դեմ պայքարում սփյուռքի երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացում
  • 2017թ. «Սփյուռք» ամառային դպրոցի 5 ուղղություններով դասընթացներին մասնակցել է 266 սփյուռքահայ 30 երկրից, նախորդ տարվա համեմատությամբ մասնակիցների թիվն ավելացել է 100 ով:
  • 2017թ. Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանության ծրագիրն իրականացվել է 9 փուլով, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 1055 սփյուռքահայ երիտասարդ՝ 36 երկրից: Ծրագրի շրջանակներում (ամեն օր) կազմակերպվել են հայոց լեզվի արագացված դասընթացներ:
  • ԱՄՆ-ի հայկական կրթօջախներում Երևանից ուղարկված մասնագետի ուժերով կազմակերպվել են 27 կրթօջախի 50 ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:
  • Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ, իրականացվել է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար-2017» ամենամյան մրցանակաբաշխությունը: Ստացվել են ավելի քան 160 անհատի և կազմակերպության հայտեր մոտ 20 երկրներից: Արդյունքները կամփոփվեն 2018 թվականի սկզբին:
  • Նախարարության կողմից 37 երկրի ավելի քան 200 Սփյուռքի հայկական կրթօջախների առաքվել է մոտ 87 000 կտոր դասագիրք և ուսումնաօժանդակ նյութեր:
  • Նախարարության աջակցությամբ Սփյուռքում ստեղծվել է 16 նոր մեկօրյա դպրոց:
  • Մայրենի լեզվի հեռավար ուսուցման ՀԲԸՄ AVC վիրտուալ համալսարանի ուսուցման մասին տեղեկատվությունը տարածվել է Սփյուռքի հայ համայնքներում: Նախարարության ծրագրերի մասնակիցների համար կազմակերպվել են AVC-ի շնորհանդեսներ և շրջայցեր:
  1. Հայաստանի Հանրապետության ներդրումային ծրագրերին սփյուռքահայերի մասնակցության ապահովման գործուն մեխանիզմների ներդրում

Սփյուռքահայերին խորհրդատվական ծառայություններ տրամադրելու, բիզնես ծրագրեր առաջարկելու, ներդրումների սահուն իրականացմանն օգնելու համար նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ և «Մեկ պատուհան» կառուցակարգը:

Նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Ներդրումներ Հայաստանում» բաժին, որտեղ ներկայացված են ներդրումներին առնչվող օրենսդրությունը, արտոնությունները, այլ նյութեր, բիզնես ծրագրեր (ավելի քան 200 ծրագիր) և այլն: Սփյուռքի գործարարներին ու հայկական առևտրաարդյու­նաբերական պալատներին են ուղարկվել բիզնես ծրագրեր, ինչպես նաև նրանց տեղեկացվել է Հայաստանում ներդրումներ իրականացնելու բոլոր հարթակների մասին (ընդհանուր առմամբ շուրջ 1200 գործարարի):

Կազմակերպվել են 3 կլոր-սեղան քննարկումներ, Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառք: Նախարարությունում կազմակերպվել են 30-ից ավելի հանդիպումներ սփյուռքահայ գործարարների հետ, որոնց ներկայացվել են Հայաստանի համար մշակված բիզնես ծրագրերը:

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) 3-րդ գործարար ֆորումը, իսկ սեպտեմբերի 20-ին` ՀԱՑ-ի 5-րդ ընդհանուր ժողովը, որոնց մասնակցել է շուրջ 200 գործարար:

  1. Հայոց ցեղասպանության միջազ­գային ճանաչմանը և դատա­պարտմանն ուղղված քաղա­քա­կա­նության շրջանակներում սփյուռքա­հայ երիտասարդության շրջանում պատմական հիշողության ամրապնդմանն աջակցություն

Նախարարությունը կազմակերպել է «Հրանտ Դինք. 10 տարի անց» խորագրով կլոր սեղան-քննարկում` ՀՀ ԳԱԱ հայագիտական ինստիտուտների հետ:

Նախարարության պատվերով մի շարք գիտական հաստատություններ իրականացրել են Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներին նվիրված գիտահետազոտական աշխատանքներ, որոնք հրապարակվել են:

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի «Արտաքին քաղաքականության օրակարգի» թեմատիկ ուղղության շրջանակներում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ճանաչում, ցեղասպանությունների կանխարգելում. քաղաքական և իրավական գործընթացները» նիստը:

  1. «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման ձևավորում և զարգացում

2016թ. հոկտեմբերի 20-24-ը Հայաստանում և Արցախում կայացած Լրագրողների 8-րդ համաժողովում սկիզբ է դրվել «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը: Շարժումը մեծ ոգևորություն է առաջացրել և դրան միացել են Սփյուռքի համայնքային կառույցներ, կրթօջախներ, լրատվամիջոցներ: 2017թ. նախարարությունը հռչակել է «Արցախի տարի», որի շրջանակներում Սփյուռքի համայնքներում կազմակերպվել են Արցախի պատմությանը, մշակույթին, տնտեսությանը նվիրված ձեռնարկներ, դրամահավաքներ, նյութական օգնություն, լավագույն փորձի փոխանակում և այլն:

  1. Սփյուռքում ըստ մասնագիտությունների համահայկական ցանցերի ընդլայնում և մասնագիտական ներուժի օգտագործում՝ ՀՀ-ի և Արցախի տնտեսության զարգացման համար

Սեպտեմբերի 18-20-ը Երևանում անց է կացվել «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը: Համաժողովը անցկացվել 4 ուղղություններով (3 լիագումար և 16 թեմատիկ նիստ): Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել 3 կլոր-սեղան քննարկում: Համաժողովի ավարտին ընդունված հայտարարությունում ուղենշվել են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հիմնական ուղղությունները և հետագա անելիքները: Համաժողովին մասնակցել է 1837 հոգի 71 երկրից (16 երկրից մասնակցել են առաջին անգամ), ընդ որում` 1363-ը` Սփյուռքից: Համաժողովին հիմնական զեկույցով հանդես է եկել 106 մասնակից 17 երկրից: Համաժողովին հարակից ելույթներով և հարցադրումներով հանդես է եկել 168 մասնակից 26 երկրից:

ՀՀ սփյուռքի նախարարությունը ակտիվ համագործակցել է «Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության, «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» ՀԿ-ի, Հայկական առևտրային ցանցի հետ` իրականացնելով մի շարք միջոցառումներ: Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվել նոր համահայկական ընկերակցությունների ստեղծման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]