1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարի Հալաջյան. Մեկ անգամ Հայաստանում

Մարի Հալաջյան. Մեկ անգամ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

 Մոտ մեկ ամիս է, ինչ ծանոթացա մի անձի հետ, ով կարճ ժամանակամիջոցում գրավեց միտքս ու հոգիս և դարձավ ինձ շատ հարազատ: Պատմությունս գրելիս Հայաստանը պատկերել եմ հենց նույն անձի աչքերով, ով ծնված և մեծացած լինելով այլ երկրում՝ առաջին անգամ այցելել է իր հայրենիք՝ տեսնելու այն երկիրը, որի մասին այդքան լսել և կարդացել էր, բայց ոչ մի անգամ իր սեփական աչքերով չէր տեսել:

 Հայաստանը հրաշալի երկիր է իր բոլոր դրական և բացասական կողմերով: Այս երկրում գործում է օրենք, կանոն, ի համեմատ այն վայրի, որտեղ ես եմ ապրում: Ապրելով Հայաստանում, և շփվելով ժողովրդիս հետ՝ միասնության ոգին է ինձ պարուրում: Հատկապես այն փաստը, որ բոլորն այստեղ խոսում են մեկ լեզվով՝ հայերեն, ավելի է ուրախացնում սիրտս: Հայաստանում կարող եմ խոսել հայերեն ամենուր և բոլորի հետ. փողոցում անցորդների, խանութում՝ վաճառողների, տրանսպորտի մեջ՝ ուղևորների և վարորդի հետ, ամենուր… Իհարկե, պատահել են նաև դեպքեր, երբ հայտնվել եմ ծիծաղաշարժ իրավիճակներում, քանի որ լեզվական տարբերությունները հանգեցրել են թյուրըմբռնման: Հարցը նրանում է, որ որոշ բառեր և արտահայտություններ տարբեր բաներ են նշանակում հայերեն լեզվի այս երկու տարբերակներում, օրինակ՝ շորիկ /խոսակցական/ արևելահայերենում նշանակում է զգեստ, իսկ արևմտահայերենում՝ երեխայի տակդիր:

 Այցելել եմ Հայաստանի համարյա բոլոր տեսարժան վայրերը՝ Ծաղկաձոր, Սարդարապատ, Գառնի, Գեղարդ, Սևան, Ջերմուկ, ինչպես նաև եղել եմ Արցախում: Շատ եմ տպավորված հատկապես Տաթևի վանական համալիրով և ճոպանուղիով՝ Գինեսի ռեկորդակիր սյունյաց ամենաերկար հեքիաթով. հպարտ եմ, որ հենց հայերն են կառուցել աշխարհի ամենաերկար ճոպանուղին…

  Հայաստանը այն երկիրն է, որտեղ դեռ պահպանվել են ազգային ավանդույթները, սովորույթներն ու արժեքները, որոնց պահպանման համար մենք՝ սփյուռքահայերս դարերով պայքարում ենք ու քրտինք թափում. չնայած նրան, որ արդեն շատ երկար ենք ապրել օտար հողի վրա, այնուամենայնիվ անդադար աշխատում ենք  լեզվի, մշակույթի, ավանդույթների, սովորույթների և ազգային արժեքների պահպանման ուղղությամբ, որպեսզի հնարավորինս պահենք մեր ես-ը և չձուլվենք տեղաբնակների հետ:

 Հայաստանն այն երկիրն է, որտեղ կարող են հանգիստ քայլել փողոցներով թե՛ փոքրերը և թե՛ մեծերը, առանց որևէ վատ բան պատահելու վախի:

Եվ, վերջապես, Հայաստանում ունենում եմ այն ազատության զգացումը, որը միշտ փնտրել եմ, բայց չեմ գտել…

  Պատմությունս կամփոփեմ իմ բանաստեղծությամբ՝ նվիրված Հայաստանի լուսաբացին.

 

ԼՈՒՍԱԲԱՑ

Երկինքդ լազուր,
Սարերդ վսեմ,
Աչքերս բացել՝
Քեզ երգել կուզեմ:

Սիրուն է այնքա՜ն
Կանաչդ սարի,
Արևոտ այնքա՜ն,
Ծիծեռդ բարի:

Սիրուն ես այնքան, որ չեմ ուզենա 
Աչքս բաց անել լոկ մի ակնթարթ՝
Առանց տեսնելու հայացքդ թովիչ,
Բույրդ առնելու դյութիչ, զգլխիչ:

Ա՜խ միշտ կուզենամ, որ ինձ մոտ մնաս,
Դիտեմ, հիանամ, հեռու չգնաս,
Նստեմ քո կողքին, նայեմ ամենուր
Ու տեսնեմ միայն քո հայացքը լուռ:

Լուռ, բայց և խոսուն,
Խոսուն բնությամբ, արժեքով խոսուն 
Հնի, նորության...

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:

                                                                                                                                         

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]