1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գայանե Սարգսյան. Մեկ անգամ Հայաստանում

Գայանե Սարգսյան. Մեկ անգամ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

 Օլեգ Եգորով-Ռակովսկին ԱՄՆ-ից է: Որպես Խաղաղության կորպուսի կամավոր աշխատում է Վանաձորում: Տեսնել ու լսել է պետք, թե ինչպիսի հիացմունքով է խոսում Հայաստանի ու հայ ժողովրդի մասին.

«Ես նախկինում երբեք չէի եղել Հայաստանում: Նախ՝ երեք ամիս Արարատյան դաշտավայրում գտնվող փոքրիկ գյուղում՝ Տափերականում, սովորեցի հայերենը: Ինձ շատ է դուր գալիս հայոց լեզուն, հայերենի մեղեդայնությունը շատ գեղեցիկ է: Հայերենն օտար ու հարազատ է միաժամանակ: 

Ընտանիքը, ում հետ ապրում էի Տափերականում, ինձ սովորեցրեց սիրել Հայաստանը:  Ընտանիքի հայրը մտածում էր, որ իսկական հայը պետք է ապրի Տափերականում՝ Արարատ լեռան ստվերում: Այդ ամենով հանդերձ նա Տափերականից դուրս գտնվող Հայաստանին նայում էր մեծագույն սիրով...

Հայաստանում ես մշտապես հետաքրքիր հանդիպումներ եմ ունենում: Վերջերս որոշեցի փոխել ժամացույցիս մարտկոցը: Վանաձորի քաղաքային շուկայում դժվարությամբ գտա այն փոքրիկ պատուհանը, որից այն կողմ մարգարեի տեսքով նստած էր ժամագործը: Նա վերցրեց ժամացույցս, փոխեց մարտկոցն ու ասաց՝  հաջողություն: Ասացի՝ կներեք, բայց ես պետք  է ձեզ վճարեմ, չէ՞: Ասաց՝ ոչ: Տեսնելով, որ անհարմար եմ զգում, ասաց՝ դե լավ, գուցե միասին սո՞ւրճ խմենք: Համաձայնեցի, մտածելով՝ միգուցե միայնա՞կ մարդ է: Պարզվեց՝ ոչ: Մինչ մենք սուրճ էինք խմում, շուկայի վաճառողներն անընդհատ գալիս-գնում էին նրա մոտ: Մեկը նուռ էր բերում, մյուսը՝ ծիրան... Նա վերցնում էր այդ ամենը, ինձ հետ կիսում ստացածը... Ֆենոմենալ է, չէ՞: Այդպիսի բան դժվար է պատկերացնել Նյու-Յորքում, շատ դժվար:

Ես բազմաթիվ երկրներում եմ եղել, որոնք հայտնի են իրենց հյուրընկալությամբ, բայց ամեն տեղ այդ հյուրընկալությունը պայմանավորված է ավանդույթներով կամ որովհետև այդպես է պետք: Իսկ Հայաստանում, Վանաձորում դա կա ուղղակի, առանց նախապայմանների:

Բոլոր հայերի մոտ ինչ-որ հուզիչ դրամա կա, բայց վանաձորցիների մոտ դրան գումարվում է նաև նաիվությունը: Դուք աշխարհին այլ կերպ եք նայում... 

 Վանաձորում կա այն ամենը, հանուն ինչի արժե սիրել այս քաղաքը:  Ես վանաձորցի չեմ, բայց ես սիրում եմ իմ ճանաչած Վանաձորը:

Այնպիսի լեռներ, որոնք Վանաձորի շուրջ են, ոչ մի տեղ չկա: Վանաձորում լեռները շատ բաց, անկեղծ ու բնական են: Վանաձորը նման է շատ անկեղծ ու ցածրաձայն երգի, որը դիպչում է սրտիդ ու շոյում հոգիդ...

Ես ապրել ու աշխատել եմ շատ երկրներում, բայց զգացողությունները, որ ունեցա Վանաձորում այս Նոր տարուն, երբևէ ոչ մի տեղ չեմ ունեցել: Դեկտեմբերի 31-ին կեսգիշերից հետո ինձ զանգահարեցին ընկերներս ու ասացին՝ գնում ենք մի լավ մարդու տուն: Գնացինք: Տանը մեծ, տոնական սեղան էր գցված: Ընտանիքի անդամներին ես չէի ճանաչում, բայց բոլորն այնքա՜ն սիրալիր էին... Երեկոյան, երբ մենք նստել էինք 8-րդ տան սեղանի շուրջ, մտածում էի՝ իմ այցելած բոլոր տներից ստացած ջերմությունն այնքա՜ն անսահման էր: 

Դուք շատ եք տարբերվում այս տարածաշրջանում ապրող բոլոր ազգերից:Հայերի մեջ ինչ-որ հուզիչ քնքշություն կա, որը չկա այլ ազգերի մեջ:

Ինձ համար Հայաստանը հայերն են: Խորհրդային տարիներին հայերը հայտնի էին որպես ճանաչված երաժիշտներ, ֆիզիկոսներ, ճարտարապետներ... Մոսկվայում շատ մայրեր էին երազում իրենց դուստրերին ամուսնացնել հայերի հետ, որովհետև այստեղ արևն ուրիշ էր, երկիրն ուրիշ էր, և ուրիշ էին հայ տղամարդիկ: Ես ուզում եմ, որ այդ ամենը վերադառնա: Ես ուզում եմ, որ հայերն իրենց տեսնեն իմ աչքերով ու լսեն իմ բառերով:

Ձեզ՝ հայերիդ, պետք է գտնել այն ուղին, որով կկարողանաք վերականգնել գենետիկ հիշողությունն այն մասին, թե որքա՜ն հզոր ժողովուրդ եք դուք: Հազարամյակներ անցած հայն այսօր էլ ապրում է յուրաքանչյուր հայի մեջ:

 Դուք՝ բոլորդ, ով էլ որ լինեք, որտեղ էլ լինեք, դուք բոլորդ ապրում եք Արարատի ստվերում: Դա չպետք է մոռանալ: Պետք է հպարտանալ դրանով...»:- Դեռ երկար ոգևորված պատմում էր Օլեգ Եգորով-Ռակովսկին…

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:

                                                                                                                        

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]