Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անժելա Գրիգորյան. Մեկ անգամ Հայաստանում

Անժելա Գրիգորյան. Մեկ անգամ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Ռոդնին 67 տարեկան էր, պատմության ու քաղաքագիտության նախկին դասախոս։ Հայաստան էր եկել Ավստրալիայից։ Գարուն էր։ Եղանակն էլ դեռ բավականին ցուրտ էր, և քաղաքում  շատ զբոսաշրջիկների չէիր հանդիպի։ Երևանում զբոսավարի հետ շրջելուց հետո եկան ինձ էլ թեյի կանչեցին։ Հոսթելում էի աշխատում, որտեղ իջևանել էր Ռոդնին։

Թեյը տաքացրեց ու վերականգնեց նրա սպառված ուժերը։ Սկսվեցին ջերմ զրույցներ։ Պարզվեց՝ Ռոդնին գրականության մեծ սիրահար է, և գրական զրույցների մի անվերջ շղթա սկսվեց։ Ուրախ էի, որ նման զրուցակցի էի հանդիպել. շատ էի սիրում հյուրերի հետ գրականությունից խոսել։ Սակայն Ռոդնին գերազանցում էր բոլորին։ Այնպիսի գրքերի, մարդկանց, երևույթների մասին էր խոսում, որ ստիպված էի արագ-արագ գրի առնել՝ հետագայում կարդալու համար։

Հետո խոսելու հերթը մերն էր։ Հայկական մշակույթն էինք ներկայացնում` Թումանյանից մինչև «Սուսերով պար», Չարենցից՝ Նարեկացի, մի դարից մյուսը թեյի մի բաժակով անցնելով։ Ֆիլմերից էլ խոսեցինք։ Ասացի, որ «Սուսերով պարը» հնչում է բազմաթիվ հայտնի ֆիլմերում։ Խոստացավ գտնել ու լսել։ Հետաքրքրությունը մեծ էր հայ գրականության նկատմամբ, ու մի ուրիշ հետաքրքրվածություն էր։ Մի պահ անգամ նախանձում էի նրա լսելու ու մտապահելու ունակությանը։

Ոչ բոլոր զբոսաշրջիկներն են ժամանակ հատկացնում թանգարաներին, օպերային, բալետին։ Ռոդնին այն քչերից էր, որ ժամանակ էր գտնում ամեն ինչի համար։

Գնաց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Չարենցի, Թումանյանի թանգարաններ ու ետ էր գալիս՝ հսկա ինֆորմացիայով զինված։ Հետո, երբ Երևանից Թբիլիսի էր գնացել, այցելել էր Թումանյանի տունն Ամաղլեբա փողոցում և նրա գերեզմանը՝ Խոջիվանքի պանթեոնում։ Ոչ մի սոցիալական ցանցից չօգտվող Ռոդնիի հետ էլեկտրոնային հասցեներ էինք փոխանակել, և նամակագրության միջոցով մեզ տեղեկացնում էր այդ ամենի մասին։

 Երբ եկավ Ռոդնիի հեռանալու ժամանակը, որոշեցինք որևէ հայ հեղինակի գիրք նվիրել։ Մինչ այդ անգլերեն Աստվածաշունչ էինք նվիրել, հետո երկար մտածում էինք, թե հայ հեղինակներից ինչ կարելի է նվիրել, որ հետաքրքրի օտարերկրացուն։ Մտածում էինք անգլերեն Չարենց նվիրել՝ Սամվել Մկրտչյանի հոյակապ թարգմանությամբ, բայց վերջը կանգ առանք Նարեկացու «Մատյան ողբերգության» վրա: Ինչպես Նարեկացու մասին հոդվածներից մեկում գրականագետ Հրանտ Թամրազյանն է ասում. «Այ սա է համամարդկային ստեղծագործությունը…», երբ հանգիստ նվիրում ես օտարերկրացուն՝ վստահ լինելով, որ այն չի մնա պահարանի մի անկյունում ու անպայման կկարդացվի։ Հետո մեզ գրել էր, որ վայելում է «Նարեկ» ընթերցելու ողջ ընթացքը ու ամեն օր Աստվածաշնչի հետ մեկտեղ անպայման կարդում է մի էջ Նարեկից։ Ինչքա՜ն ուրախացանք, որ աշխարհում մի մարդու համար բացահայտեցինք Նարեկը, և որ այդ մարդն անթաքույց հիացմունքով ու ակնածանքով է խոսում մեր գրականության մասին։ Ռոդնին հետո Չարենցի «Դանթեական առասպել»-ն էր գնել՝ կարծես ուզում էր հայ գրականությունից որքան հնարավոր է շատ բան հետը տանել։

Ռոդնին էլ մեզ համար նվերներ ուներ։ Ինձ ու զբոսավարին գրքեր նվիրեց ու մեկական շիշ տնական օղի, որից շատ-շատ էր գնել մարզերում, ենթադրում եմ, ցանկանալով գյուղացիներին որևէ բանով օգտակար լինել։ Ինձ Ջոն Դոնի բանաստեղծությունների գիրքը և Իրանից բերված Օմար Խայամի՝ պարսկերեն և անգլերեն լեզուներով քառյակները նվիրեց ու մի թուղթ, որի վրա ձեռագիր գրել էր գրքերի մի հսկայական ցանկ։ Խոստացա անպայման կարդալ։

Ահա այսպես հազարավոր հյուրերից հիշվում է մեկը, ընթերցված ու սիրված գրքի նման թողնում է հուշեր՝ իր հետ տանելով փոքրիկ Հայաստան, որ չես իմանա որտեղ և ում հետ կկիսի հետո։

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:

                                                                                                            


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]