Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Իմաստնության որոնումը հակադրությունների հարթման միջոցով և հավասարակշռությունը Հայաստանի բարգավաճման չափանիշներն են. Արտաշես Գեղամյան


Նվիրվում է Խորհրդային Հայաստանի ականավոր կուսակցական, պետական գործիչ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանի ծննդյան (1918 թ. հունվարի 14) 100-ամյակին։

Նվիրվում է աշխարհահռչակ կինոռեժիսոր, Երևան քաղաքի Պատվավոր քաղաքացի Արտավազդ Աշոտի Փելեշյանի ծննդյան (1938 թ. փետրվարի 22) 80-ամյակին։

Նվիրվում է ականավոր գիտնական, խոշոր պետական և հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանի ծննդյան (1922 թ. մարտի 17) 96-ամյակին։

Նվիրվում է աշխարհահռչակ խմբավար, Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Հարությունի Չեքիջյանի ծննդյան (1928 թ. դեկտեմբերի 23) 90-ամյակին։

 

Եվ այսպես, 2018 թ. հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) Խորհրդի անդամները հրավիրվել էին ՀՀ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի նստավայր՝ խորհրդակցության, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի կառավարման խորհրդարանական ձևի անցման հետ կապված հարցեր։ Անկասկած, ՀՀ Նախագահի հետ հանդիպման օրակարգը խիստ արդիական էր։ Չէ՞ որ ՀՀ VI գումարման ԱԺ պատգամավորների վրա մեծ պատասխանատվություն է դրված ոչ միայն Հայաստանի կառավարման խորհրդարանական ձևի անցման որակյալ օրենսդրական ապահովման, այլև այդ անցման համար ժամանակի հրամայականներին ներդաշնակ համապատասխանության պատշաճ նախադրյալներ ստեղծելու առումով՝ արդի գլոբալ մարտահրավերների հաշվառմամբ։ Փոքր-ինչ հանգամանալի կանգ առնենք այս հարցի վրա։

2017 թ. նոյեմբերին միջազգային ազդեցիկ մի կազմակերպություն, որը միավորում է համաշխարհային քաղաքական, ֆինանսական, մշակութային և գիտական էլիտայի ներկայացուցիչներին, և որը հայտնի է «Հռոմի ակումբ» (այսուհետ՝ Ակումբ) անվամբ, ներկայացրեց իր «Come On! Կապիտալիզմը, կարճատեսությունը, բնակչությունը և մոլորակի ոչնչացումը» Հոբելյանական զեկույցը (այսուհետ՝ Զեկույց)՝ իր հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ։ Նշենք, որ Զեկույցը երկրորդն էր հիսուն տարվա մեջ, որն արտահայտում էր Ակումբի միասնական դիրքորոշումը, ինչով էլ պայմանավորված է հրապարակման եզակիությունը, ինչպես նաև այդ իրադարձության բացառիկությունը։ Ամենատարբեր ոլորտների միջազգային շատ ճանաչված փորձագետների կարծիքով՝ Զեկույցն արդեն ընդունվում  է որպես կարևորագույն փաստաթղթերից մեկը, որը պարունակում է գլոբալ հիմնախնդիրների բազմակողմանի վերլուծություն, որում բացահայտվում են մարդու և բնության հարաբերությունների ներդաշնակեցման հարցերը։ Հաշվի առնելով Ակումբի պատկառելի ազդեցությունն աշխարհի երկրների համար գլոբալ օրակարգի ձևավորման հարցում, ինչպես նաև Զեկույցի հեղինակների՝ հանձինս «Հռոմի ակումբի» նախագահներ Էրնստ Վայցզեքերի և Անդերս Վիյքմանի, փորձաքննության խորությունը, նաև Ակումբի մյուս երեսունչորս ամդամների հեղինակությունը, որոնք օգնել են նրանց Զեկույցը կազմելիս, կարելի է առանց չափազանցության փաստել, որ Հոբելյանական զեկույցն ընդունվում է որպես համաշխարհային ինտելեկտուալ և քաղաքական էլիտայի ամենաառաջադեմ հատվածի մոտեցումների իմաստավորված ինտեգրալ արտահայտություն։

Զեկույցում պարունակվող դարակազմիկ խնդիրների խոր վերլուծությունը, իմ խորին համոզմամբ, պետք է դրվի ՀՀ առնվազն մինչև 2040 թ. զարգացման Պետական ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) մշակման հիմքում, որի անհրաժեշտության մասին նշվում է ՀՀ VI գումարման ԱԺ-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հղած Ուղերձում։ Ընդ որում, Ծրագրին ներկայացվող գլխավոր պահանջներից մեկը, ըստ իս, պետք է լինի Հայաստանի Հանրապետության, համայն հայության տեղի և դերի սահմանումը նոր աշխարհակարգի ձևավորման գլոբալ գործընթացներում։ Ծրագիրը պետք է հենվի մեր դարաշրջանի մարտահրավերներին համարժեք նոր փիլիսոփայության վրա, որը հաշվի է առնելու արդիականության աշխարհայացքային խնդիրները։ Եվ այդ հարցերը հատուկ նշանակություն են ձեռք բերում Զեկույցում պարունակվող՝ հակիրճ ձևակերպված եզրահանգման համատեքստում, այն է՝ աշխարհը վտանգված է, և փրկությունը աշխարհայացքը փոխելն է։

Ուշադիր ընթերցելով Զեկույցը՝ կարելի է առանց չափազանցության փաստել, որ դրա մասերից յուրաքանչյուրը պետք է դրվի Ծրագրի մշակման հիմքում։ Միևնույն ժամանակ նշենք, որ Զեկույցի առաջին մասը ցույց է տալիս կապիտալիզմի ճգնաժամի ողջ խորությունն ու դրա խորացման միտումը, որում հստակ գնահատական է տրվում այսօրվա իրողություններին. «կապիտալիզմի այլասերում, որի շրջանակներում շահույթի հիմնական աղբյուր են դարձել ֆինանսական շահարկումները»։ Իսկ Զեկույցի երկրորդ մասը նվիրված է տիրապետող աշխարհայացքի քննադատությանը և «նոր Լուսավորության» այլընտրանքային փիլիսոփայության նկարագրմանը։ Եվ վերջապես, Զեկույցի երրորդ մասը կրում է կիրառական բնույթ, առաջարկվում է հեղինակների տեսլականն արդի դարաշրջանի ակտուալ խնդիրների գործնական լուծումների վերաբերյալ։ Դրանում ընդհանրացվում են կառավարման, կրթության, հասարակական զարգացման վերաբերյալ փորձնական մոտեցումները։ Ավելին, բերվում են դրանց հաջող կենսագործման օրինակներ։ Միևնույն ժամանակ, կուզենայի հատկապես նշել, որ Զեկույցի բոլոր երեք մասերն իրենց եռամիասնության մեջ ներկայացնում են արդի աշխարհի ամբողջական պատկերը և ընթերցողին բերում մեկ եզրահանգման. անհրաժեշտ է, ավելին՝ ակնհայտ է աշխարհակարգի գլոբալ կանոնների ստեղծման անխուսափելիությունը, որոնք պարտադիր պետք է լինեն բոլոր երկրների համար։ Առանձին պետություններ իրավունք չունեն անել այն ամենը, ինչ կփչի իրենց խելքին, մանավանդ, երբ դրա հետևանքները կանդրադառնան Երկիր մոլորակի վրա։

Ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. իսկ որքանո՞վ է իրական առանձին երկրների պետական մարմինների աշխատանքում լրիվ չափով հաշվի առնել Զեկույցում պարունակվող գնահատականներն ու հանձնարարականները, օրինակ, Հայաստանի պայմաններում, որը որոշակի պարտավորություններ է ստանձնել 2015 թ. հունվարի 2-ին Եվրասիական տնտեսական միություն մտնելով և 2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր) Եվրոպական միության հետ։ Վերցնենք թեկուզ Զեկույցի առանձին դրույթներ, որոնք, փաստորեն, արժեզրկում են, օրինակ, Համաձայնագրում պարունակվող որոշ դրույթներ։ Զեկույցում «կապիտալիզմի այլասերման» մասին միանշանակ գնահատականի կողքին հատուկ բաժին է նվիրված Արևմուտքում տիրապետող աշխարհայացքի քննադատությանը՝ ապագայի այլընտրանքային փիլիսոփայության՝ «նոր Լուսավորության» ներկայացմամբ։ Ըստ էության, Համաձայնագիրն ընդգրկում է տնտեսական, ֆինանսական և հումանիտար հարցերի լայն շրջանակ, որոնց բովանդակային հիմքը Զեկույցի հեղինակները ոչ միայն սխալ, այլև վտանգավոր են համարում, ինչը հարկ է վերաիմաստավորել և ենթարկել արմատական փոփոխության՝ «նոր Լուսավորության» փիլիսոփայությանը համապատասխան։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, առանձին մեջբերումներ կատարենք Համաձայնագրի երկրորդ մասից՝ «Քաղաքական երկխոսություն և բարեփոխումներ» վերնագրի ներքո։ Համաձայնագրի այս մասում, մասնավորապես, նշվում է, որ «ներքին բարեփոխումները նախատեսում են ժողովրդավարացմանը, մարդու իրավունքների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր»։ Այս հորդորները կարող են ընկալվել որպես ծամծմված դեմագոգիա, եթե դրանք դիտարկենք Զեկույցում պարունակվող առանձին եզրահանգումների համատեքստում. օրինակ՝ ֆինանսական գործողությունների 98 %-ը ներկայումս սպեկուլյատիվ բնույթ ունի, իսկ օֆշորային գոտիներում «քսանմեկից մինչև երեսուներկու տրիլիոն դոլար է նստած»։ Կամ՝ վերցնենք Զեկույցի հեղինակների մեկ այլ պնդում. «Հարկերի վճարումից խուսափող կորպորացիաների ներկայացուցիչները մշտապես ասում են, որ ոչ մի օրենք չեն խախտում։ Հաճախ այդպես է, որ կա. ուրեմն, հարկավոր է փոխել օրենքները»։ Այո, ամեն բան ճիշտ է, սակայն օրենքները տասնամյակներով չեն փոխվում։ Սեփական «միամտությունից» ելնելով կարելի է, չէ՞, դրանում քաղաքական կոռուպցիայի նշաններ տեսնել։ Կամ՝ մեկ այլ օրինակ։ Հայաստան – ԵՄ Համաձայնագրում նշվում է մարդու իրավունքների պահպանման, դատական համակարգի արդյունավետության բարձրացման կարևորությունը, բայց և, չգիտես ինչու, լռության են մատնվում սպառման հարցում աղաղակող անհավասարության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանդեպ անպատասխանատու վերաբերմունքի փաստերը, ինչի մասին բավական կոշտ խոսվում է Զեկույցում։ Այսպես, ամենահարուստ ամերիկացիների մեկ տոկոսը տարեկան գեներացնում է երեք հարյուր տասնութ տոննա ածխաթթվի գազի (CO2) արտանետում մթնոլորտ՝ մեկ մարդու հաշվարկով, այն դեպքում, երբ երկրի միջին բնակիչը գեներացնում է վեց տոննա, այսինքն՝ հիսուներեք անգամ պակաս։ Կամ՝ մեկ այլ ցուցանիշ, որը ներկայացվում է Զեկույցում. «Աշխարհի ամենահարուստ տնային տնտեսությունների տասը տոկոսը արտանետումների քառասունհինգ տոկոսի պատճառ է հանդիսանում։ Հատկանշական է, որ Զեկույցի հեղինակներ Էրնստ Վայցզեքերը և Անդերս Վիյքմանը, խոսելով համաշխարհային ֆինանսական «ջոջերի» մասին, ո՛չ առանց հեգնանքի նշում են, որ «նրանք իրենց «չափից ավելի մեծ են դարձրել՝ տանուլ տալու» կամ էլ բանտ ուղևորվելու համար»։ Կարելի է ԵԱՏՄ շրջանակներում կամ Հայաստան – ԵՄ Համաձայնագրով Հայաստանի ստանձնած այլ պարտավորություններ էլ նշել, որոնք նույնպես լուրջ վերլուծություն և վերաիմաստավորում են պահանջում՝ «Հռոմի ակումբի» Հոբելյանական զեկույցում պարունակվող եզրահանգումներից ելնելով։ Կարծում եմ, որ վերը թվարկվածի համատեքստում կարևորվում է Հայաստանում ու նրա շուրջ ընթացիկ իրավիճակի գլոբալ և համակողմանի վերլուծության անհրաժեշտությունը՝ Զեկույցում պարունակվող դրույթների ու եզրակացությունների լույսի ներքո և հաշվի առնելով ավելի վաղ Հայաստանի ստանձնած պարտավորությունները, իսկ այնուհետև այդ վերլուծության հիման վրա հարկ է մշակել օրակարգ ՀՀ Ազգային ժողովի համար։ Սա կոչ չէ, այլ ժամանակի հրամայականը։ Չէ՞ որ Զեկույցի հեղինակներ Է.Վայցզեքերը և Ա.Վիյքմանն ու նրանց գործընկերներն աշխարհում ստեղծված իրավիճակը բնութագրում են հետևյալ կերպ. մոլորակը դեգրադացվում է, ավտորիտարիզմն ու արմատականությունը վերելք են ապրում, սպեկուլյատիվ կապիտալը հաղթանակում է։ Կապիտալիզմի այսօրվա ճգնաժամը բնութագրելով՝ Զեկույցի հեղինակները նշում են. «Ճգնաժամը ցիկլիկ չէ, բայց սաստկացող է։ Այն չի սահմանափակված մեզ շրջապատող բնությամբ, այլ ներառում է սոցիալական, քաղաքական, մշակութային, բարոյական ճգնաժամը, դեմոկրատիայի, գաղափարախոսությունների և կապիտալիստական համակարգի ճգնաժամը»։ Կրկնում եմ՝ Զեկույցում տեղ գտած և Հայաստանի նկատմամբ կիրառելի հարցերի ու խնդիրների ստեղծարար իմաստավորումն ու առաջիկա երկու տասնամյակի համար երկրի զարգացման Պետական ծրագրի հետագա մշակումը պետք է այդ հարցերի ակտուալությանը հարիր՝ իրենց արժանի տեղը գտնեն ՀՀ VI գումարման Ազգային ժողովի աշխատանքում։

Սակայն ճիշտ չէր լինի, եթե ՀՀ զարգացման Պետական ծրագիրը կազմելիս տեսադաշտից դուրս մնային ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև համայն հայության ազգային անվտանգության ապահովման հարցերը։ Մեր երկրի համար ազգային անվտանգության ապահովման հարցերը, բնականաբար, հարկ է դիտարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության համատեքստում։ Ընդ որում, սկզբունքայնորեն կարևոր է ՀՀ ԱԺ գործունեության կոնկրետ ոլորտների սահմանումը արտաքին քաղաքականության հարցերում։ Չէ՞ որ խորհրդարանական դիվանագիտության հատուկ կարևորության մասին նշվում է նաև Նախագահ Սերժ Սարգսյանի՝ VI գումարման Ազգային ժողովին հղած Ուղերձում. «...առաջնային կարևորություն է ձեռք բերում խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացմանն ուղղված սկզբունքների ներդրումը, ինչպես նաև կոնկրետ քայլերի ու գործողությունների իրականացումը»։ Իրենց ամբողջության մեջ այս բոլոր խնդիրները պետք է դրվեն ՀՀ ԱԺ-ի կողմից իրականացվող խորհրդարանական դիվանագիտության հիմքում, որը, անկասկած, պետք է մշակվի այդ թվում և Սպիտակ տան կողմից 2017 թ. դեկտեմբերի 18-ին պաշտոնապես տարածված ԱՄՆ Ազգային անվտանգության նոր ռազմավարության համակողմանի վերլուծության հիման վրա և դրանում պարունակվող դրույթների հաշվառմամբ։ Ինքնին հասկանալի է, որ ՀՀ ԱԺ մասնակցությունը խորհրդարանական դիվանագիտության մշակմանը պետք է հենվի համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների շահերի ընդհանրության մանրակրկիտ համադրման վրա։ Իսկ դա արդի պայմաններում  բնավ դյուրին խնդիր չէ։ Ինքներդ դատեք։ Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) (National Security Strategy of United States of America) երրորդ բաժինը վերնագրված է՝ «Preserve Peace Through Strength», ինչը նշանակում է «Խաղաղության պահպանում ուժի միջոցով»։ Եվ ահա, այդ բաժնի երրորդ նախադասությունը սահմանում է աշխարհում «երեք հիմնական մարտահրավեր-սպառնալիք՝ ռևիզիոնիստական տերություններ Չինաստան և Ռուսաստան, վտարյալ պետություններ Իրան և Հյուսիսային Կորեա, և անդրազգային սպառնալիքներ, հատկապես ջիհադական ահաբեկչական կազմակերպությունները (Three main sets of challengers – the revisionist powers of China and Russia, the rogue states of Iran and North Korea and transnational threat organizations, particularly jihadist terrorist groups…)։ Այս ձևակերպումների ֆոնին, համաձայնեք, կշռադատված արտաքին քաղաքականության մշակումը բացառիկ հրատապություն է ձեռք բերում։ Իսկ կառավարման խորհրդարանական ձևի անցման պայմաններում դժվար կլինի այս գործում գերագնահատել ՀՀ ԱԺ դերն ու նշանակությունը։ Չէ՞ որ, ըստ էության, Ռազմավարությունում,  ԱՄՆ-ի համար հիմնական մարտահրավեր-սպառնալիքների թվում նշված են մեր մերձավորագույն ռազմավարական դաշնակից (ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի գծով) Ռուսաստանի Դաշնությունը, բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետությունը, որի հետ Հայաստանի անկախության տարիների ընթացքում հաստատվել են բարիդրացիական, բարեկամական հարաբերություններ, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։ Օրինակ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին Չինաստանի Կոմունիստական կուսակցության Գլխավոր քարտուղար ընտրվելու (2017 թ. հոկտեմբերի 25) կապակցությամբ ուղղած շնորհավորական ուղերձում, բնորոշելով ՉԺՀ-ի հետ հարաբերությունները, նշել է. «Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետևողական ամրապնդմանը և խորացմանը: Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում երկկողմ կապերի և փոխանակումների շարունակական ակտիվացումը, ինչպես նաև արդյունավետ գործակցությունը միջազգային ասպարեզում բխում են մեր բարեկամ երկրների և ժողովուրդների կենսական շահերից... Պատրաստ ենք նաև հնարավորինս նպաստելու Ձեր կողմից առաջ քաշված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի իրականացմանը՝ դիտելով այն որպես բազմագործառույթ նախագիծ, որը կոչված է ապահովելու դրանում ընդգրկված երկրների և ժողովուրդների անվտանգությունը, խաղաղությունը և բարօրությունը»: Էլ չեմ անդրադառնում չինական կողմի հետ Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության ոլորտում բավական խոշոր ներդրումային նախագծերի վերաբերյալ նախնական պայմանավորվածությունների մասին։

Իսկ ինչ վերաբերում է Իրանի հետ մեր կապերին, վերստին ասենք, որ հայ-իրանական հարաբերություններն առանձին խոր վերլուծության թեմա են։ Սակայն շատ կարևոր է նշել Հայաստանի բացառիկ շահագրգռվածությունը բարեկամական Իրանում խաղաղության և կայունության պահպանմամբ, երկիր, որի դերը մեր տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում դժվար է գերագնահատել, ինչի մասին բավական համոզիչ արտահայտվել է ՀՀ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանն իրանական ԻՌՆԱ տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում, Թեհրան կատարելիք այցի նախօրեին, որտեղ մասնակցել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությանը 2017 թ. օգոստոսի 5-ին։ Պատասխանելով տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում խաղաղության և կայունության ամրապնդման վրա Իրանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության ազդեցության մասին հարցին՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Իրանը, Հայաստանը և Ռուսաստանը բարեկամական երկրներ են թե՛ երկկողմ հարաբերությունների, թե՛ եռակողմ համագործակցության տեսակետից: Մեր երկրների վարած խաղաղասիրական քաղաքականությունը տարածաշրջանում ինքնին հանդիսանում է խաղաղության և կայունության կարևոր գրավական: Միաժամանակ, կարծում եմ, մեր երկրներն ունեն եռակողմ ձևաչափով համագործակցության ընդլայնման ներուժ: Ներկայումս մեր տարածաշրջանում դիտարկվող գործընթացների պայմաններում կարևոր է, որ Հայաստանն ու Իրանը, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, էլ ավելի միատեղեն իրենց ջանքերը տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում՝ ամուր պատվար դառնալով ծայրահեղականության դեմ մղվող պայքարում»: Սկզբունքորեն կարևոր էր ՀՀ Նախագահի կողմից այն փաստի ամրագրումը, ըստ որի՝ «Հայաստան-Իրան հարաբերությունները հրաշալի օրինակ են այն բանի, թե ինչպիսի բարիդրացիական հարաբերություններ կարող են ունենալ քրիստոնյա և մահմեդական պետությունները, բարեկամական և մշակութային ինչպիսի ամուր կապեր կարող են լինել երկու ժողովուրդների միջև: Եվ դրանք կարող են ընդօրինակման առարկա հանդիսանալ աշխարհի մյուս երկրների համար»:

Իհարկե, կարելի է վերլուծել նաև Զեկույցում տեղ գտած սկզբունքային այլ եզրահանգումներ ևս, օրինակ՝ հեղինակների կողմից ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) այնպիսի դերակատարումը չընդունելը, որի արդյունքում մշտական ներգործություն է կատարվում քաղաքական որոշումների ընդունման վրա, երբ ՀՆԱ-ի կառուցվածքում դրվում է դրա անսահմանափակ աճի ձգտումը։ Մինչդեռ, Զեկույցի հեղինակների կարծիքով, ՀՆԱ-ն արտացոլում է ծախսերը, այլ ոչ թե բարեկեցությունը կամ սուբյեկտիվ երջանկությունը, դրա հետ մեկտեղ շուկայից դուրս բարիքներ չտեսնելով։ Այս պատճառով նրանք հակված են հետևյալ եզրակացությանը. միակ բանը, որ չափում է ՀՆԱ-ն, դա արագությունն է, որով փողը շրջանառվում է տնտեսությունում։ Այս առնչությամբ վերլուծաբաններից մեկը շատ նուրբ նկատել է, որ Զեկույցի հեղինակները պարադոքսալ դեպքեր են նշում, երբ, օրինակ, նավթի վթարային արտահոսքը մեծացնում է ՀՆԱ-ն՝ վթարի վերացման հետ կապված ծախսերի պատճառով, ինչպես նաև նշում են այն պարադոքսները, երբ հիվանդությունները, աղետները և դժբախտ պատահարները, անգամ այն բոլոր գործոնները, որոնք ակնհայտորեն խաթարում են մարդկանց բարեկեցությունը, հանգեցնում են ՀՆԱ-ի աճի։

Ամփոփելով՝ կուզենայի նշել, որ դժվար է չհամաձայնել «Հռոմի ակումբի» Հոբելյանական զեկույցի գլխավոր եզրահանգումներից մեկի հետ, որն ասում է. միջազգային համագործակցության և գլոբալ կառավարման ընթացիկ ձևաչափերն արդյունավետ չեն, բայց նրանք, որոնք գալիս են դրանց փոխարինելու, կարող են անհամեմատ ավելի լավը լինել։ Միևնույն ժամանակ շեշտենք, որ «Հռոմի ակումբը» իրեն համարում է դեմոկրատիայի, երկարաժամկետ մտածողության, բնության, երիտասարդ սերնդի և դեռ չծնված սերունդների պաշտպան, որոնք կապիտալիզմի ժամանակ և ընթացիկ քաղաքական բանակռիվներում զրկված են ձայնից։

Վստահ եմ, որ արդիականության, անշուշտ, ակտուալ այս խնդիրների պատասխանների իրենց տեսլականը կներկայացնի նաև ՀՀ VI գումարման Ազգային ժողովը։ Եվ այդ պատասխանները պետք է կազմեն մինչև 2040 թ. Հայաստանի Հանրապետության զարգացման Պետական ծրագրի էությունը։ Չէ՞ որ ՀՀ VI գումարման Ազգային ժողովին հղած իր Ուղերձում ՀՀ Նախագահն ինտեգրալ խնդիր է առաջադրել Հայաստանի և համայն հայության համար. «2016 – 2040 թվականների ընթացքում ևս մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ և հասնենք ավելի քան 57 – 60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ և կես անգամ աճ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականի մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040 թվականին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի՝ հաշվի առնելով ինչպես ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները... Աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշը աղքատների տոկոսն է ընդհանուր բնակչության թվում, և այդ ցուցանիշը առաջիկա 5 տարում առավելագույնը պետք է կազմի 18 տոկոս, իսկ 2040 թվականին՝ 7 – 8 տոկոս»։

Մինչև 2040 թ. ՀՀ-ի առջև դրված նպատակներին հասնելու համար հարկավոր են «նոր Լուսավորության» գաղափար, մտածողության հիմնարար փոփոխություն, որի արդյունքը պետք է դառնա ամբողջական աշխարհայացքի ձևավորումը. այսպիսին է առանցքային եզրահանգումը, որը հետևում է Զեկույցից։ «Հռոմի ակումբը» սիներգիա է տեսնում որոնվող իմաստնության՝ հակադրությունների հարթման միջոցով և հավասարակշռության հասնելու անհրաժեշտությամբ, հավասարակշռություն, մասնավորապես՝ մարդու և բնության միջև, կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարի, արագության և կայունության, անհատականի ու հավաքականի, կանանց և տղամարդկանց, հավասարության ու արդար հատուցման, պետության և կրոնի միջև հավասարակշռության հասնելու անհրաժեշտության փոխգործակցության մեջ։ Վստահ եմ, վերը թվարկվածը շատ համահունչ է հազարամյակների ընթացքում մշակված մեր ազգային աշխարհայացքին և ձևավորված հայի ինքնությանը։

Իմաստնության որոնումը՝ հակադրությունների հարթման միջոցով, և հավասարակշռությունը Հայաստանի բարգավաճման չափանիշներն են։             

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ