Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Հայաստանը պետք է լինի ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկ. Շարմազանով


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձանագրում է, որ Հայաստանի խորհրդարանում ձևավորվել է շատ լավ ավանդույթ, երբ բոլոր քաղաքական ուժերը՝ անկախ իրենց ներքաղաքական տարաձայնություններից,  ցեղասպանությունների դատապարտման հարցում ունեն միասնական դիրքորոշում: Ազգային ժողովում Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու հայտարարության նախագծի քննարկման ժամանակ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ երկու տարի առաջ Հայաստանի Ազգային ժողովը ճանաչել և դատապարտել  է Օսմանյան Թուրքիայում 1915-1923թթ. հույների և ասորիների ցեղասպանությունը, իսկ հիմա  4 խմբակցությունների առաջարկով քննարկում է եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու հայտարարության նախագիծը: «Ես կասկած չունեմ, որ այս նախագիծը կընդունվի միաձայն: Ցանկանում եմ ընդգծել, որ խորհրդանշական է, որ մենք սա ընդունում ենք 2018թ., քանի որ սա հոբելյանական տարի է ընդդեմ ցեղասպանության, որովհետև դեռևս 1948թ. ՄԱԿ-ը ընդունեց Ցեղասպանության դատապարտման կոնվենցիան, որի հիմքում նախևառաջ Հայոց ցեղասպանությունն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ ընդդեմ ցեղասպանության շարժումը պետք է առաջնորդի հենց Հայաստանի Հանրապետությունը՝ հիշեցնելով, որ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից այդ մասին հայտարարել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեր խնդիրը պետք է լինի ոչ միայն պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման համար և թուրքական ժխտողականության դեմ, այլ լինել ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկ»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա նաև առաջարկեց յուրաքանչյուր տարի հունվարի 16-ը նշել որպես ՀՀ խորհրդարանի կողմից եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպանության ճանաչման և դատապարտման հիշատակի օր:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ