1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը մանրամասներ ներկայացրեց  Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի վերաբերյալ: Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծեց, որ զոհված զինծառայողը խոցվել է հակառակորդի դիպուկահարի կողմից, սակայն շեշտեց, որ զինծառայողը որևէ խախտում չի իրականացրել: «Միանշանակ փաստ է, որ զինծառայողը խոցվել է հակառակորդի կողմից: Հրամանատարը, ով նետվել է զինծառայողին օգնություն ցուցաբերելու, ևս վիրավորվել է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի մեքենան ևս ընկել է հակառակորդի կրակի տակ: Մեքենայում եղած զինվորներից ևս մեկը թեթև վիրավորվել է»,- պատմեց Հակոբյանը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները նախորդ ամիս այցելել են ադրբեջանական սահմանն անցած և գերի ընկած Արսեն Բաղդասարյանին և Զավեն Կարապետյանին: ԿԽՄԿ աշխատակիցների միջնորդությամբ` գերիները տեղեկություններով են փոխանակվել ընտանիքների հետ:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ հանդիպման օրվա և վայրի մասին տեղեկատվություն այս պահին չի կարող տրամադրել: 

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Իսրայելցի փաստաբան Էիթայ Մաքը և Հայոց ցեղասպանությունը ճանաչած գիտնական Յաիր Աուրոնը երկրի ԱԳ նախարարությունից պահանջել են տվյալներ տրամադրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ առկա հնարավոր համաձայնությունների վերաբերյալ: «Դժբախտաբար Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել Իսրայելի Պետության կողմից՝ չնայած այդ երկրում հայկական համայնքի առկայությանը և հասարակական, ակադեմիական ու քաղաքական ոլորտում տարվող շարունակական պայքարինԿարծես թե Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի պաշտոնական ժխտման պատճառը կապված է Թուրքիայի հետ դիվանագիտական ու ռազմական հարաբերություններով, իսկ վերջերս էլ նաև Ադրբեջանի հետ գոյություն ունեցող հարաբերություններով»,-ասվում է հարցման մեջ:

Թուրքական «Հուրիեթ» պարբերականն անդրադարձել է Մուրադ Աթաշի վերջերս Ստամբուլում լույս տեսած «Արմինե. Չարաք լեռան աքսորը» վեպին, որն առնչվում է Հայոց ցեղասպանության թեմային: Այս մասին հաղորդում է  թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Գրքում Մուրադ Աթաշը, հակառակվելով Թուրքական պաշտոնական պատմագրության պաշտպանած գծին, որի համաձայն` թուրքերը մեղավոր չեն հայերի հետ կատարվածի համար, ցույց է տվել Հայոց ցեղասպանության գործում Օսմանյան կայսրության իշխանությունների մեղավորությունը:

Հայաստան և աշխարհ

Համաշխարհային բանկը 2018-ին Հայաստանի տնտեսական աճի 3.8 տոկոսանոց աճ է կանխատեսում: Այն ամրագրված է Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» 2018 թվականի զեկույցում: 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանում տնտեսական աճը նախատեսված է 4.5 տոկոսի չափով:

Էստոնիան վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Տալլինից ստացվել է համապատասխան պաշտոնական գրություն, որի համաձայն  Էստոնիան ավարտել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը»,- ասաց Բալայանը: Էստոնիան այսպիսով դարձավ Եվրոպական Միության անդամ երկրներից առաջինը, որը իր համաձայնությունը տվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև նոր համաձայնագրին:

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Լիբանանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը:

 «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել և բարձրացրել է Երևանի վարկանիշը՝ «B+» մակարդակում «Կայուն»-ից սահմանելով այն «Դրական», ինչը կարևոր ձեռքբերում է ինքնուրույն վարկային քաղաքականություն վարելու առաջին քայլերն անող համայնքի համար։

Ուրուգվայի Պունտա դել Էստե նահանգի Մալդոնադո քաղաքում բացվել է Հայաստանի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղադրվել է Իջևանից քանդակագործ Գոռ Դավթյան հայ կնոջ կերպարով քանդակը:

ՀՀ ԱԺ ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստում քննարկեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» հայտարարության նախագիծը: Ինչպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, այդպես էլ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հայտարարության նախագծին, որը կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում:

Արցախի Հանրապետության տարբեր քաղաքների հետ բարեկամության համաձայնագրեր կնքած ֆրանսիական քաղաքներում անցկացվում են մշակութային բազմապիսի միջոցառումներ: Դրանք իրականացվում են Ֆրանսիայում Արցախի օրերի շրջանակում: Հերթը Մարսելի Լե Պեն Միրաբո քաղաքինն է, որն այս օրերին լցված է արցախյան մշակույթի շնչով: Արցախն իրական ժողովրդավարություն է, որի նմանը չկա տարածաշրջանում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի Լե Պեն Միրաբո քաղաքի քաղաքապետ Մոնիկ Սլիսան:

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ: Նախագահը նշել է, որ թեև պարբերաբար հանդիպում է ունենում ԱԺ նախագահի, այլ պատգամավորների հետ, սակայն նման ձևաչափով հանդիպումն աննախադեպ է և նպատակ ունի առավելապես կենտրոնանալու Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի պայմաններում իրականացվելիք մեծ ծավալի աշխատանքի, բոլորին հուզող արդիական մի շարք հարցերի վրա։ «Այս հանդիպումը որոշ չափով աննախադեպ է: Թեև ես պարբերաբար հանդիպում եմ Ազգային ժողովի նախագահի, այլ պատգամավորների հետ, բայց անհրաժեշտություն համարեցի այսօր հանդիպում կազմակերպել այս ձևաչափով: Ազգային ժողովի գործունեության իմ տեսլականը մանրակրկիտ ներկայացրել եմ անցյալ տարվա մայիսի 18-ի ծավալուն ելույթում և բնականաբար այսօր չեմ կրկնի այդ ուղերձի դրույթները, այլ կկենտրոնանամ բոլորիս հուզող այլ հարցերի վրա: Մեզ յուրահատուկ առաքելություն է վիճակվել Հայաստանի կառավարման համակարգը վերափոխելու ուղղությամբ: Ապրիլի 9-ից Հայաստանի Հանրապետությունն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, և պետք է ասեմ, որ բավարարված եմ այս ուղղությամբ Ազգային ժողովի կողմից իրականացվող աշխատանքներով. անցած տարվա մայիսի 18-ից ի վեր դուք ընդունել եք 286 օրենք, որոնցից 15-ը լիովին նոր օրենքներ են: Սրանք լավ և, իհարկե, դրական միտումներ են, այդուհանդերձ, չպետք է պարզապես արձանագրենք այս ցուցանիշը և բավարարվենք արվածով: Պարտավոր ենք պահպանել աշխատանքի այս տեմպը, որպեսզի կարողանանք ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տալ առկա բոլոր խնդիրներին»,- նշել է ՀՀ Նախագահը: 

ՀՀ Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2017 թվականի հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքները, ինչպես նաև դեռևս 2018 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, այդ քաղաքականության հիմքում դրված առանցքային սկզբունքներն ու մոտեցումները, ակնկալվող արդյունքները: Նախագահը հանձնարարել է երկարաժամկետ կայուն մակրոտնտեսական միջավայր ապահովելու տեսանկյունից մեծ ուշադրություն դարձնել ոչ միայն ընթացիկ տարում իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության կայունությանը և պարտքի կառավարելիությանը, այլ նաև տնտեսվարողներին ներկայացնել, թե միջին ժամկետում ինչպիսին է լինելու պարտքի հետագիծը և վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը: 

Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը զեկուցել է 2017 թվականի պետական եկամուտների հավաքագրմանը զուգահեռ համակարգում իրականացված բարեփոխումները` ուղղված ինչպես հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը, այնպես էլ գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, թափանցիկության մեծացմանը: Նախագահը հանձնարարել է՝ շարունակել աշխատանքները բյուջեով նախատեսված մուտքերն ապահովելու նպատակով՝ առանց խոչընդոտելու տնտեսվարողների բնականոն գործունեությունը:

ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։ Զեկուցվել են 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Նախագահի կողմից տրված հանձնարարականի կատարման արդյունքում մշակված այդ ծրագրի նախագծի հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները: Ընդգծվել է, որ, հաշվի առնելով առկա մարտահրավերները, 2018-2024թթ. ծրագիրը մշակելիս կանխատեսվել են իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակները, ուղենշվել են դրանց հակազդման ուղիները, ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ առկա ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար: Նախագահը կարևորել է ներկայացված ծրագրի նախագծի առարկայական քննարկումը՝ ընդգծելով, որ դրա արդյունքներից է կախված լինելու զինված ուժերի կառավարման արդյունավետությունը, պատրաստականության ու մարտունակության աստիճանի բարձրացումը, որը հնարավորություն կտա, ունենալով ժամանակակից զինված ուժեր, անձեռնմխելի պահել պետության սահմանները:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել՝ հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Խորհրդակցության արդյունքներով Հանրապետության Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: Մասնավորապես, կառավարությանը հանձնարարել է կազմել սոցիալապես կարևոր ապրանքների ցանկ: Շարունակաբար ուսումնասիրել այդ ապրանքների գների դինամիկան, ներկայացնել գնային փոփոխությունները պայմանավորող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, գնահատել դրանց թանկացման ռիսկերը և առաջարկել միջոցառումներ թանկացման ազդեցությունը մեղմելու նպատակով: Արդյունքները պարբերաբար ներկայացնել հանրությանը: Հանձնարարվել է նաև առաջարկել գնաճի հետևանքների մեղմման տարբերակներ այն սոցիալապես կարևոր ապրանքների համար, որոնք հարկային կամ այլ օրենսդրական փոփոխությունների արդյունքում թանկացել են: Կառավարությանը հանձնարարվել է նաև մշտադիտարկում իրականացնել սեղմված գազի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում և հայտնաբերված խնդիրները փոխանցել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ կտրուկ միջոցներ ձեռնարկելու նպատակով: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2018 թվականի հունվարին բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված բնական գազի գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով: 

Նախորդ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6 տոկոս գնաճով:  Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 3.2 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.1 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.1 տոկոսով:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքներ։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքներում։

ՀՀԿ-ն ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ պաշտոնական քննարկում դեռ չի սկսել. իշխող կուսակցությունն այս հարցում նախաքննարկումների փուլում է։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Մինչև հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը խորհրդարանը պետք է առաջադրի և ընտրի Բարձրագույն դատական խորհրդի 5 ներկայացուցչի։ Դա մենք կանենք փետրվարի ընթացքում, իսկ քննարկումները կսկսենք հաջորդ շաբաթվա ընթացքում: Նախագահի թեկնածուի հարցով մենք պաշտոնական քննարկում դեռ չենք սկսել: Մյուս շաբաթվանից, միգուցե, այդ քննարկումն էլ սկսենք»,- նշեց Շարմազանովը:

Հայաստանում մեկնարկել է 2018թ. ձմեռային զորակոչը. զորակոչի առաջին օրը 26 զորակոչիկ վիճակահանության արդյունքներով կիմանա իր ծառայության վայրը և կմեկնի զինվորական ծառայության:  «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող բոլոր զինծառայողները կծառայեն նույն զորամասում, նույն ստորաբաժանման կազմում. ծառայության վայրը պաշտպանության նախարարությունն առաջիկայում կներկայացնի: Կենտրոնական զինվորական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Հայկական բանակի 65 տոկոսը կազմում են պայմանագրային զինծառայողները, և միայն 35 տոկոսն են պարտադիր ժամկետային ծառայություն իրականացնելու համար զորակոչված զինվորները: Կենտրոնական զինվորական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Մովսես Հակոբյանը: «Այսօր բանակի մոտավորապես 65 տոկոսը պայմանագրային զինծառայողներ են, ընդամենը 35 տոկոսն են կազմում պարտադիր զորակոչված զինծառայողները»,- նշեց Հակոբյանը:

ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Գործադիրն ընդունել է «ՀՀ կառավարության 2018 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշում: Գերակա խնդիրներն ու միջոցառումներն արտացոլում են ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով 2018 թ. նախատեսված միջոցառումները, որոնք ուղղված են արդյունքային ցուցանիշների ապահովմանը:  

Կառավարությունը հաստատեց երկու որոշման նախագիծ, որոնցով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ: Նախագծերով նախատեսվում է նաև մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը Հայաստան ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը.  գործող սեփականատերերը, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց տրանսպորտային միջոցները: Արցախի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքը կազմելու է շուրջ 267 միլիարդ դրամ: Այս մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ նշելով, որ 2017թ.-ի համախառն ներքին արդյունքի կանխատեսվող աճը կկազմի 15 տոկոս: Արցախում 2017 թվականին զբոսաշրջային այցելությունները 2016-ի համեմատ աճել են 41 տոկոսով:

ՀՀ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի հարևանությամբ հնագետները նոր բացահայտում են արել: «Լեռնագոգ-1» հնավայրում բացահայտվել է տարածք, որը թվագրվում է Ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով- 7-րդ հազարամյակի սկզբով: Այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն  Պավել Ավետիսյանը՝ ամփոփելով 2017-ի աշխատանքները: «Առաջին անգամ այս տարածաշրջանում արձանագրել ենք ստացիոնար բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են Ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով-7-րդ հազարամյակի սկզբով: Մինչ այդ Հայաստանի տարածքում հնագույն բնակատեղիների շերտերն առավելագույնը, որ կարողանում էինք թվագրել, Ք.ա. 6-րդ հազարամյակի առաջին քառորդն էր: Սա 2017 թ. հիմնարար հետազոտությունների փայլուն արդյունքներից է»,- ասաց Պավել Ավետիսյանը:

 «Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը պարգևատրվել է Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով: Նա պարգևատրվել խորհրդարանի աշխատանքներն օբյեկտիվ լուսաբանելու համար: Նարինե Նազարյանին շնորհակալագիրը հանձնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Սփյուռք

Սերժ և Անժելա Թանկյանները միացել են Հայաստանում կարիքավոր ընտանիքներին սննդամթերքով ապահովելու ծրագրին: Նրանք արդեն երկրորդ տարին անընդմեջ «Օրրան»-ի՝ կարիքավոր ընտանիքներին ամանորյա տոներին ընդառաջ քաղցրավենիքով և սննդով լի տոպրակներ են նվիրաբերել: Նրանց նվիրատվության շնորհիվ «Օրրան»-ի 215 շահառու ընտանիքներին զուգահեռ մեծաքանակ պարենամթերք են ստացել ևս 212 կարիքավոր ընտանիք, որոնք ընտրվել են Գյումրիից, Վանաձորից և հեռավոր գյուղերից: 

Պոլսո Հայոց պատրիարքարանում սուրբծննդյան տոնին նվիրված ընդունելության ժամանակ պատրիարքի ընտրության հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել: Պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի նախագահությամբ հրավիրված ընդունելությանը ներկա են եղել մեջլիսի հայ պատգամավորներ Սելինա Դողանը և Գարո Փայլանը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը, Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն, համայնքի այլ ներկայացուցիչներ:

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն Անկարայի արդարադատության պալատում ցուցմունք է տվել դատախազին այն հայտարարության առնչությամբ, համաձայն որի Եվրոպայում Թուրքիայից հաստատված անձանց, այդ թվում և ալևիների ու հայերի դեմ մահափորձեր են նախապատրաստվում: Փայլանն իր փաստաբանի հետ գնացել է դատախազություն և ցուցմունք է տվել: «Թուրքիայում կա Հրանտ Դինքի իրողությունը: Նա իմ ընկերն էր: Այն ժամանակաշրջանում թիրախավորվել էր: Ուզում էի, որ երկրից դուրս գնա, սակայն չգնաց և սպանվեց: Այժմ էլ մի շարք անձինք, այդ թվում և Ջան Դյունդարը (խմբ.- հայտնի ընդդիմադիր թուրք լրագրող) քաղաքական գործիչների և մեդիայի կողմից թիրախավորվել են: Տեղեկություններ ունենք, որ Գերմանիայում այդ անձանց դեմ մահափորձեր են կազմակերպվում: Այս հարցում հստակ տեղեկություններ ու փաստաթղթեր չկան: Հայտարարություն եմ արել բանավոր տեղեկատվության հիման վրա»,- իր ցուցմունքում ասել է Փայլանը:

Թուրքիայում շարունակվող հետապնդումների հետևանքով Գերմանիայում հաստատված հայ լրագրող Հայկո Բաղդաթը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել այդ երկրում բնակություն հաստատած Թուրքիայի քաղաքացիների դեմ հնարավոր մահափորձեի մասին տեղեկատվության վրա:

Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա եւ իրենից մեծ գումար հափշտակել: Տուժողը Հայաստանի քաղաքացի է` 31-ամյա Արթուր Սուքիասյանը: Գուրիայի շրջանում նա մի քանի խանութների սեփականատեր է:

Միջազգային խճանկար

 2018 թվականին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կբարձրանան մինչեւ 3,1 տոկոս, բայց հետագա աճի ներուժը մտահոգություն Է հարուցում, ասված է Համաշխարհային բանկի (ՀԲ) «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցում:

Պաշտոնական Անկարան հրաժարվում է մասնակցել Սիրիայի ազգային երկխոսության առաջիկա համագումարին, որը տեղի է ունենալու Ռուսաստանի Սոչի քաղաքում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ իրենք նախկինում էլ հայտնել էին, որ Թուրքիան չի մասնակցի այն միջոցառմանը, որին մասնակցում է Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քրդական YPG-ն:

Իրանում ներկայում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը: «Ցույցերի ակտիվությունը մարել է, առերևույթ հավաքներ, բողոքի ցույցեր չկան, իրավիճակը հանգիստ է ու վերահսկելի: Գիտեք, այս խնդիրներն առաջացան` կապված սոցիալ-տնտեսական հարցերի հետ: Դրան գումարվեց քաղաքական վեկտորը,  ինչը դրսի ուժերի ազդեցության հետևանք է»,-ասաց Կարեն Խանլարյանը: Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա Կարեն Խանլարյանը նշեց, որ յուրաքանչյուրն ազատ իր տեսակետն է արտահայտում: Տնտեսական հարցերն առնչվում են Իրանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում հայերին:Նրա խոսքով՝ Իրանի նկատմամբ գործադրվող այդ նույն տնտեսական պատժամիջոցների արդյունքում զգալիորեն տուժեց Իրանի շատ քաղաքացիների, այդ թվում հայերի փոքր և միջին բիզնեսը:

«Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտն իր կատարած հետազոտությունների հիման վրա հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը 2017թ-ին կորցրել են 59 զինծառայող:

ԱՄՆ պետդեպարտամենտը ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների իրազեկման նոր համակարգ, որում աշխարհի բոլոր երկրները բաշխվել են 4 կատեգորիայի: Համակարգում ԱՄՆ պետդեպն Ադրբեջանին ընդգրկել է ահաբեկչական վտանգ պարունակող և «ուժեղացված նախազգուշացումներով» երկրների շարքում, որոնցում խորհուրդ է տրվում տեղեկացված լինել անվտանգությանը սպառնացող վտանգների մասին և խիստ զգուշավորություն պահպանել:  ԱՄՆ պետդեպի ներկայացրած համակարգում Հայաստանն ընդգրկվել է այն երկրների շարքում, որտեղ ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկները կարող են հանգիստ լինել՝ պահպանելով նախազգուշական տարրական միջոցները:

Սեուլը եւ Փենյանը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները ռազմական հարցերի շուրջ, ասված Է ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման արդյունքների վերաբերյալ հունվարի 9-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ:

Մշակույթ

Լոնդոնում տեղի է ունեցել ամերիկյան հեղինակավոր Յեյլ Յունիվերսիթի պրես/Yale University Press, հրատարակչութան կողմից  լույս ընծայված՝ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի անգլերեն տարբերակի շնորհանդեսը, որն առաջադրվել է PEN America-ի մրցանակի «Լավագույն թարգմանություն» անվանակարգում՝ ամենալավ տասը այլ թարգմանությունների շարքում։      

Սպորտ

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն հունվարի 13-ին այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, որտեղ հետևել է հունվարի 9-17-ն անցկացվող Անդրանիկ Մարգարյանին նվիրված 8-րդ հուշամրցաշարի ընթացքին:

Թուրքիայի Էրզրում քաղաքում անցկացված դահուկավազքի մրցաշարին մասնակցել են նաև հայ մարզիկները: Գյումրեցի Աննա Մխիթարյանը հաղթել է 10 կմ ազատ ոճում: Աննան սրանով նվաճել է օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքը։

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է Լաոսի շախմատի մրցաշարի հաղթող: ԱՄԷ Ալ-Աին քաղաքում կայացած շախմատի պատանեկան մրցաշարում հաղթել է Տիգրան Հարությունյանը:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Հունահռոմեական ըմբշամարտի նոր ցուցակում միանգամից երկու հայ ըմբիշ առաջին հորիզոնականում են: 98 կգ քաշային կարգում դասակարգման աղյուսակը գլխավորում է օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր  Ալեքսանյանը, իսկ 80 կգ քաշում՝ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]