Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Երեւանի կենդանաբանական այգու վերակառուցման աշխատանքներն ավարտական փուլում են


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի կենդանաբանական այգու վերակառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արջերի և գայլերի, աֆրիկյան առյուծների ազատավանդակների կառուցման աշխատանքներն արդեն իսկ ավարտված են:

«Առյուծներն արդեն տեղափոխվել են նորակառույց ազատավանդակ: Քայլուղիներ ու դիտաշտարակ է կառուցվել արջերի ու գայլերի ազատավանդակում, իսկ ձիարշավարանից առյուծների ազատավանդակ տանող քայլուղիներն ընդլայնվել են: Այգում գործում է նաև կարանտինային կենտրոն, որտեղ նախապահվում են նոր ձեռք բերված կենդանիները»,-տեղեկացրին կենդանաբանական այգուց՝ հավելելով, որ  այգին առաջիկայում դառնալու է ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան՝ բնապահպանական, կրթամշակութային ու տեղական ֆաունայի պահպանման ու վերարտադրման կենտրոն:

Ձմռան սեզոնին կենդանաբանական այգու դռները բաց են այցելուների համար 10։00-ից մինչև 17։00-ն, կենդանիների մեծ մասը ցուցադրվում է, իսկ ջերմասեր կենդանիներն առայժմ բնակվում են իրենց համար նախատեսված ձմեռանոցներում: «Կապիկներն էլ ցուցադրվում են ժամը 12։00-ից 14:00-ն, քանի որ ցրտադիմացկուն չեն: Նրանք նախորդ տարվա այս ժամանակահատվածում առհասարակ դուրս չէին գալիս: Փիղը ժամանակ առ ժամանակ դուրս է գալիս ազատավանդակի փակ հատվածից ու շրջում, առայժմ չեն ցուցադրվում նաև կատվազգիները»,-տեղեկացրին կենդանաբանական այգուց:

Հունվարի մեկին այգու մուտքն անվճար էր: Այդ օրը այգին ունեցել է տասնյակ այցելուներ` հիմնականում արտասահմանից:

1940-ական թվականներին մայրաքաղաքում հիմնված Կենդանաբանական այգում առաջին անգամ են իրականացվում վերակառուցման լայնածավալ աշխատանքներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ