Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

ՀՀ ԱՆ փոխնախարարը ՀԿ-ների հետ քննարկել է հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակումը


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ հունվարի 12-ին  տեղի է ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018թթ. միջոցառումների ծրագրի և հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման քայլերին ուղղված աշխատանքային քննարկում: Դրան մասնակցել են հակակոռուպցիոն ծրագրերում ներգրավված հասարակական կազմակերպությունների շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը մասնակիցների հետ քննարկել է գործող ռազմավարության միջոցառումների ծրագիրը՝ կատարված և դեռևս կատարման ենթակա բաղադրիչներով, նոր ռազմավարության մշակմանն ուղղված առաջարկները և հետագա համագործակցության ձևաչափի ընտրությանը վերաբերող հարցերը: Այնուհետև, կողմերի միջև հաջորդել է ակտիվ քննարկում ներկայացված հարցերի վերաբերյալ:

 Անդրադառնալով նոր ռազմավարության տեսլականին՝ Սուրեն Քրմոյանն առանձնացրել է 3 հիմնական կետ՝ կանխարգելման բլոկ, որը ներառելու է պետություն-մասնավոր համագործակցության կանոնակարգում և պետական համակարգում համատարած էլեկտրոնային գործիքակազմի ներդրում՝ բացառելով կոռուպցին ռիսկերը, իրավապահ բլոկ, որը ներկայանալու է կոռուպցիոն հանցագործությունների քննման անկախ և արդյունավետ համակարգով, ինչպես նաև կրթության ու հանրային իրազեկվածության բլոկ, որը ներառելու է հակակոռուպցիոն համատարած հանրային իրազեկման քարոզարշավ:

Ամփոփելով քննարկումը՝ նախարարի տեղակալը հավաստիացրել է հանդիպման մասնակիցներին, որ նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու հարցում որևէ սահմանափակում չի լինելու, ավելին՝ ներկայացվելիք առաջարկությունների զգալի մասը տեղ կգտնի նոր ռազմավարության մեջ:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ