Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանն Ազգային ժողովը դիտարկում է որպես մեծամասնության և փոքրամասնության երկխոսության կարևոր հարթակ

Սերժ Սարգսյանն Ազգային ժողովը դիտարկում է որպես մեծամասնության և փոքրամասնության երկխոսության կարևոր հարթակ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը բավարարված է կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու ուղղությամբ Ազգային ժողովի իրականացրած աշխատանքներով: Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպմանը ՀՀ Նախագահը նկատել է, որ անցած տարվա մայիսի 18-ից ի վեր խորհրդարանն ընդունել է 286 օրենք, որոնցից 15-ը լիովին նոր օրենքներ են: «Ձեր աշխատանքի անցած գրեթե ութ ամիսները ցույց տվեցին, որ Ազգային ժողովը հիրավի հանդիսանում է Հայաստանի հասարակական և քաղաքական գործընթացների կենտրոնական և հիմնական հարթակը: Այս հանգամանքը լիովին արտացոլվեց ոչ միայն Ազգային ժողովի լիագումար նիստերում, այլև մշտական հանձնաժողովների աշխատանքներում, ինչպես նաև տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում: Կարևոր դերակատարություն է վերապահված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր մարմնին` Ազգային ժողովի խորհրդին: Այն պետք է զարգանա և ամրապնդվի՝ էապես նպաստելով ձեր աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է ՀՀ Նախագահը: 

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ազգային ժողովը պետք է հանդես գա որպես մեծամասնության և փոքրամասնության երկխոսության և համատեղ աշխատանքի կարևոր հարթակ: «Այս առումով, ինչպես և աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, ամեն ինչ չէ, որ հարթ և սահուն է ընթանում: Լիագումար նիստերում երբեմն ոչ միայն ընդդիմությունը, այլև կառավարող ուժի ներկայացուցիչները տեղի են տալիս հույզերին և շիկացնում մթնոլորտը, բայց սրանք ժողովրդավարական զարգացման և աճի բնականոն խնդիրներ են, որոնք, համոզված եմ, ժամանակի հետ, հանդարտվելու են:  Այստեղ պետք է նշեմ, որ ես գնահատում եմ Ազգային ժողովի նախագահի հետևողականությունը և համբերությունը որոշ պատգամավորների հետ շփումներում: Բոլոր պարագաներում մենք պետք է շարունակենք ամրապնդել հանդուրժողականությունը և փոխադարձ հարգանքը ծավալվող քաղաքական քննարկումներում: Կառավարող ուժի ներկայացուցիչները պետք է լինեն ավելի զուսպ՝ հաշվի առնելով իրենց կարգավիճակը»,- նշել է Սերժ Սարգսյանը: 

ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ  խորհրդարանական դիվանագիտության աշխատանքները ևս չեն տուժի այս ընթացքում՝ լինեն դրանք բազմակողմ կառույցներ, թե երկկողմ համագործակցություն: «Այս հարցին դեռևս մանրակրկիտ անդրադառնալու, իհարկե, առիթներ մենք ունենալու ենք: Եթե կուզեք այսօր էլ կարող ենք այս հարցերին անդրադառնալ, եթե ոչ՝ ապագա քննարկումների ընթացքում: Տարեվերջին՝ դեկտեմբերին տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը, որի կազմակերպման և անցկացման գործում Ազգային ժողովը, ըստ ավանդույթի, իր յուրահատուկ ներդրումը պետք է կատարի»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:

Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլև իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: ՀՀ Նախագահը շեշտել է, որ այդ ուղղությամբ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]