1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի եզդիների համայնքն ակնկալում է իրենց ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանության ճանաչում 

Հայաստանի եզդիների համայնքն ակնկալում է իրենց ժողովրդի հանդեպ իրականացված 
ցեղասպանության ճանաչում 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եզդի ժողովրդի համար կարեւոր է յուրաքանչյուր երկրի ձայն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Էզդիխանա» թերթի գլխավոր խմբագիր Խդր Հաջոյանը՝ ընդգծելով, որ հունվարի 11-ին ՀՀ ԱԺ արտաքին, ինչպես նաեւ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների կողմից դրական եզրակացության արժանացած «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» հայտարարության նախագիծը կարեւոր է եզդիների համար, քանի որ եւս մեկ անգամ հիշեցվում է աշխարհին, որ այդ ժողովրդի նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն:

«Մինչեւ այսօր էլ այդ վիճակը շարունակվում է, քանի որ, ճիշտ է, այսօր կոնկրետ ցեղասպանություն չի գործվում, բայց այդ ստեղծված պայմանները ստիպում են եւ տանում են անկման:  Բազմաթիվ եզդիներ, ովքեր փախստականներ են դարձել, տարբեր երկրներ անցնելիս,  խորտակվում են, վրաններում այս ցրտին բազմաթիվ երեխաներ են հիվանդանում,  այսինքն՝ այնպիսի պայմաններ են ստեղծված, որոնք նպաստում են անկմանը»,-նշեց Խդր Հաջոյանը՝ ընդգծելով հատկապես «ցեղասպան գործողություններ» եզրույթը, որի փոխարեն, ըստ նրա, նպատակահարմար է օգտագործել հենց «ցեղասպանություն» եզրույթը, քանի որ եզդիների նկատմամբ հենց ցեղասպանություն է իրականացվել:  

Նա ընդգծեց, որ Հայաստանից ակնկալիքներ ունեն ոչ միայն այս երկրում ապրող եզդիները, այլեւ երկրից դուրս ապրողները, քանի որ Հայաստանը միակ երկիրն է, որը բարյացակամ եւ հատուկ վերաբերմունք է ցուցաբերում եզդիների նկատմամբ:

«Անձամբ իմ ակնկալիքներն այն են, որ եզդիներին, որոնք այսօր չունեն պետականություն, որ Հայաստանը պաշտպան լինի, միջազգային ասպարեզում լինի մեր ձայնը: Հայաստանը, ունենալով ձայնի հնարավորություն միջազգային հարթակում, ատյաններում, կարող է այս հարցը բարձրացնել»,-նշեց «Էզդիխանա» թերթի գլխավոր խմբագիրը: Նրա խոսքով՝ Եզդիների ազգային միությունն աշխատանքներ է տանում մի շարք երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը եզդիների խնդրին լուրջ մոտեցում ցուցաբերի: Խդր Հաջոյանի տեղեկացմամբ՝ ներկայումս այս հարցով բավականին ակտիվ աշխատանքներ են սկսել տանել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Կանադան, Ֆրանսիան, Շոտլանդիան:

«Սակայն կան երկրներ, որոնք, օգտագործելով եզդիների խնդիրը, այլ հարցեր են փորձում լուծել»,-ասաց նա:

ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկվելիք հայտարարության նախագծում

ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է, որ ճանաչում եւ խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունները, 
Խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսեւորումները եւ ծայրահեղական գաղափարախոսությունը, ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ, ազգային, քաղաքական կամ կրոնական պատկանելությունից ելնելով թիրախավորված գործողությունները` նրանց նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային, դաժան վերաբերմունքը, բռնի տեղահանումը, կանանց, աղջիկների եւ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները, քաղաքացիական, կրթական, բժշկական եւ հասարակական նշանակություն ունեցող այլ օբյեկտների դիտավորյալ թիրախավորումը, կրոնական եւ պատմական նշանակություն ունեցող շինությունների ոչնչացումը, եւ կոչ է անում միջազգային հանրությանը միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել եւ պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց…»:

Աշխարհի ու Հայաստանի եզդիների միությունների նախագահ Ազիզ Թամոյանը եւս ողջունում է նախաձեռնությունը:

«Եթե Հայաստանը ճանաչի, ճիշտ կլինի, քանի որ հայերը՝ որպես ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, պետք է հարգեն այլ ցեղասպանված ժողովուրդներին: Մենք բազմաթիվ անգամ այս հարցով դիմել ենք Հայաստանի նախագահին, կառավարության ղեկավարին, Ազգային ժողովի նախագահին»,-ասաց Ազիզ Թամոյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]