Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/93. «Խատուտիկի գինի», «Կույր կետադրություն», «Գիշերային լողորդը» գրքերը ամենավաճառվածների ցանկում են

Երևանյան բեսթսելեր 4/93. «Խատուտիկի գինի», «Կույր կետադրություն», «Գիշերային 
լողորդը» գրքերը ամենավաճառվածների ցանկում են

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին՝ Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ լույս տեսած երկհատորյակը: Կազմել և խմբագրել է Աշոտ Գաբրիելյանը:

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն բարելավել է իր դիրքերը և երկրորդն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:

Երրորդ հորիզոնականում Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունն է: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Մեր աղյուսակ է վերադարձել և չորրորդ տեղը զբաղեցրել «Խատուտիկի գինի» գիրքը: Այն ամերիկացի ականավոր գրող Ռեյ Բրեդբըրիի ամենաճանաչված գործերից է (1957): Կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը, հեղինակի բնորոշմամբ, իր պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը պատմություն է պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին: Այն հինգերորդ տեղում է:  Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար: Գիրքը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Գերմաներենից թարգմանել է Վանուհի Բաղմանյանը, խմբագրել Լուսինե Համբարյանը:

Վեցերորդ հորիզոնականում  Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում հրեաների հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց երկար ժամանակ անց: Գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք: Վիպակը լույս է տեսել Ռուզան Ազիզյանի թարգմանությամբ, խմբագիրն է Արմեն Սարգսյանը:

«Աննա Ֆրանկի օրագիրը» մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը և յոթերորդն է: Այն հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից է: Այս մանկական պարզ օրագրի մեջ լսվում է միլիոնավոր անմեղ մարդկանց անժամանակ ընդհատված ձայնը. թերևս, հենց սա է պատճառը, որ տասներեքամյա աղջկա խոսքը հասավ ընթերցողին և սիրվեց աշխարհի բոլոր ծագերում: Այս օրագիրը երազանքների, դրանց հասնելու ճանապարհի, ցավի ու կորստի արանքում գտած հարաբերական երջանկության, մարդու ու նրա պայքարի մասին է: Իսկ այդ պայքարը երբեք չի վերջանում: Թարգմանել և խմբագրել է Լուսինե Համբարյանը։

Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գործը վերադարձել է և ութերորդն է: Այն ընդգրկում է «Գիրք 1․ Տեսունակ կուրություն», «Գիրք 2․ Անհետացող քաղաքի քարտեզը», «Գիրք 3․ Կետադրության համընդհանուր պատմություն» բաժինները (բանաստեղծություններ), ինչպես նաև երիտասարդ պատմաբան Երվանդ Վարդանյանի «Մեծ աչքի համաստեղություն» վերջաբանը։ Խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:

Իններորդ տեղում շվեյցարացի ժամանակակից հեղինակ  Հանսյորգ Շերթենլայբի  «Գիշերային լողորդը» վեպն է: Այն տարանցիկ ժամանակների հետաքրքիր հյուսվածք է առաջին սիրո, կարոտի, գաղտնիքների, վախերի, հույզերի ու ատելության, ինքնակայացման, ծնողների ու միջավայրի դեմ ընդդիմության  բարդ ճանապարհի մասին։ Գրքում ներկայացվում է պատանի հերոսի կենսագրությունը՝ սիրուն ու հաստատմանը հասնելու ճանապարհը լցնելով գեղեցկության, նվիրումի արժևորմամբ, պայքարելու կամքով: Թարգմանել է Լիանա Սաֆարյանը:

Ամենավաճառվածների աղյուսակը եզրափակում է Յունաս Յունասսոնի «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ» գործը: Ծերանոցի իր սենյակում հանգիստ նստած` Ալան Կառլսոնը սպասում էր հավաքույթի, բայց այնքան էլ չէր ցանկանում, որ այն սկսվի. իր հարյուրամյա տարեդարձի հավաքույթն էր լինելու: Ներկա էր լինելու քաղաքագլուխը: Ներկա էր լինելու մամուլը: Սակայն ինչպես պարզվում է, ներկա չէր լինելու Ալանը: Նրա փախուստի պատմությանը զուգահեռ բացահայտվում է նրա անցյալը, մի կյանք, որի ընթացքում նրա մատը խառն է եղել XX դարի պատմության մի քանի նշանակալից իրադարձությունների`հետին պլանում… Թարգմանել են Արծվի, Աշխեն Բախչինյանները:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Վարդգես Պետրոսյան

«Ապրած և չապրած տարիներ»

Դարակ 48
2 +2

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 23
3 -1

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 22
4 *

Ռեյ Բրեդբըրի

«Խատուտիկի գինի»

Անտարես 17
5 +2

Էրիխ Մարիա Ռեմարկ

«Երեք ընկեր»

Էդիթ Պրինտ 15
6 -1

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերազգեստով տղան»

Վերնատուն 14
7 -1

Աննա Ֆրանկ

«Աննա Ֆրանկի օրագիրը»

Էդիթ Պրինտ 11
8 *

Արամ Ավետիս

«Կույր կետադրություն»

Անտարես 10
9 *

Հանսյորգ Շերթենլայբ

«Գիշերային լողորդը»

Զանգակ 5
10 *

Յունաս Յունասսոն

«Հարյուրամյա ծերուկը, որը բարձրացավ պատուհանին և անհետացավ»

Զանգակ 5

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]