1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սամվել Հարությունյան. Մեկ անգամ Հայաստանում

Սամվել Հարությունյան. Մեկ անգամ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Նիդերլանդներից Կորածո Շփոթավերիի արկածները կստիպեն նրան ամբողջ կյանքում չմոռանալ հայաստանյան այցը։

Մայիսի վերջն էր, երբ Կորածոն ժամանեց Հայաստան։ Որոշել էր արշավը սկսել Մեղրաձոր գյուղից, ապա գնալ Որոտան, Խնձորեսկ, նոր միայն անցնել ճամփորդության բուն մասին՝ Մեղրի,Սատանի կամուրջ, «Տաթևեր» ճոպանուղի ու վանք։ «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գալուց հանդիպած առաջին իսկ տաքսին նստեց, բացեց նշումների տետրը, կարդալով իր համար դժվար հնչող Մեղրաձոր անունը` վարորդին հազիվ հասկացրեց իրեն տանել այդ գյուղը։ Տաքսու վարորդը, լսելով հարազատ գյուղի անունը, ուրախացավ․ ինքն էլ արդեն տասը տարի չէր եղել սեփական գյուղում։ Կորածոն ուզում էր տեսնել նաև Շաքիի ջրվեժը, չէ՞ որ այն էլ էր Սյունիքում։

Դժվարությամբ հասկացրեց նաև ջրվեժի մասին։ Տաքսու վարորդը անմիջապես հասկացավ՝ հյուրին պիտի տանի Մեղրաձորի ջրվեժ։ Բայց․․․ Ա՜խ, այդ Մեղրաձորը։ Բանն այն է, որ Հայաստանում երկու Մեղրաձոր կա, մեկը հարավում, մյուսը հյուսիսում՝ Հրազդանի մոտ։ Հրազդանցի վարորդին թվաց, թե իր գյուղի մասին է խոսքը, որտեղ էլ հենց սլանում էր, իսկ նրա կողքին՝ պատահականությանը զոհ դարձած զբոսաշրջիկը։

Երկու ժամ անց նրանք հասան գյուղ, վարորդը Կորածոյին հասցրեց ջրվեժից 2 կիլոմետր ներքև գտնող մի վայր. ավտոմեքենան ավելի վերև չէր բարձրանում։ Վարորդը հասկացրեց, որ Կորածոն պետք է ջրվեժ հասնելու համար ճամփով բարձրանա։ Կորածոն բարձրացավ մոտ երկու կիլոմետր, և նրա աչքի դիմաց անմոռանալի տեսարան բացվեց․ «Շաքին» ուղղակի հրաշք էր, միայն որի համար արժեր հազարավոր կիլոմետրեր կտրել։ Իսկ քարերն ու ժայռերը այնպես էին շրջապատել Կորածոյին, որ նա այլևս չէր ուզում լքել տարածքը։ Արդեն մթնում էր, Կորածոն հանգիստ էր․ մոտակա հյուրանոցներից մեկում կգիշերի։ Սակայն նա դեռ չէր էլ կասկածում, որ ինքը Սյունիքում չէ։ Արդեն երեկոյան յոթն էր․Կորածոն որոշեց բարձրանալ վերև՝ իջևանատուն գտնելու, փոխարենն ավելի էր ընկղմվում վայրի բնության մեջ։ Հանկարծ նրա վրա փորձեց հարձակվել մի շնագայլ։ Կորածոն, թողնելով իր ճամպրուկը, խուճապահար փախավ ու բարձրացավ մի ծառ։

Վերջապես հասկացավ՝ գազաններից կրակով պիտի պաշտպանվի․ ծառից մի ճյուղ պոկեց, պատռեց շապիկն ու ջահ պատրաստեց։ Ծառի ճյուղը կոտրվեց, Կորածոն գահավիժեց ցած, հազիվ հասցրեց ջահը վառել, ճամպրուկը վերցնել ու արագ վազել դեպի ներքև։ Մի լույս երևաց մոտակայքում, Կորածոն որոշեց շարժվել այդ ուղղությամբ, շուտով հասավ ու մտավ ներս։ Նա մտել էր անասնագոմ, որտեղ մի պառավ կիթ էր անում։ Պառավը, տեսնելով Կորածոյին, կարծեց՝ գող է ու փայտով հարվածեց Կորածոյի գլխին։ Կորածոն ուշաթափվեց։ Պառավը զգուշացրեց ամուսնուն, որոշեցին գերուն կապկպել ու սենյակը գցել՝ մինչև առավոտյան որոշեին իրենց անելիքը։ Կորածոն գիշերը դժվարությամբ ազատվեց կապանքներից, բարձրացավ, մեկ էլ, ա՜յ քեզ փորձանք․ ոտքը դրեց հոսանքի լարի վրա ու․․․

Արթնացավ միայն մի քանի ժամ հետո, զգուշորեն սենյակից դուրս գալով, կատաղած շան նման փախավ դեպի այն կողմ, որտեղ տաքսու վարորդն իջեցրել էր իրեն։ Կորածոն ուշքի չէր գալիս, միայն արագորեն վազում էր։ Մեկ էլ հանկարծ՝ շը՜րըխկ։ Մեքենան հարվածեց Կորածոյին։ Վարորդը Կորածոյին հասցրեց հիվանդանոց, որտեղ էլ վերջապես ավարտվեցին Կորածոյի արկածները։ Բարեբախտաբար, նա լուրջ վնասվածքներ չուներ։ Հիվանդանոցում Կորածոն պատմեց եղելությունը։ Բոլորը հասկացան, որ Կորածոյին ուղղակի ճակատագիրն էր հեգնել։ Սարեցի պառավն ու ամուսինը, տեսնելով իրենց մոտ մնացած ճամպրուկը, մտածել էին այն պայթուցիկ է ու հանձնել էին ոստիկաններին։ Կորածոյին հանձնեցին իր ճամպրուկը ու ճանապարհեցին այս անգամ իսկական Սյունիք։

Կորածոն չէր սխալվել․ Սյունյաց լեռնաշխարհի գեղեցկությունն արբեցրեց նրան։ Հայաստանը Շփոթավերիի սրտում մնաց որպես իր կյանքի ամենահետաքրքիր ու արկածային ճամփորդության երկիր։ Կորածոն որոշեց․ ամեն տարի այցելել ու ամեն գնով բացահայտել առեղծվածների ու լեռների երկիր Հայաստանը։

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]