Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նարինե Մուսաելյան. Հալիձորի սարերում

Նարինե Մուսաելյան. Հալիձորի սարերում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Հերթական հանգիստս որոշեցի անցկացնել հարազատ գյուղում՝ Հալիձորում։ 2014 թ. սեպտեմբերն էր՝ տաք ու գունավոր աշուն։ Բնականաբար, հնարավոր չէր տանը նստել։

Արդեն ցերեկվա ժամը 3-ն էր, երբ որոշեցի Տաթևի Մեծ անապատ գնալ։ Ոտքով։ Բոլորի համար դա խենթություն էր։ Բացի նրանից, որ ամբողջ ճանապարհը ոտքով պետք էր գնալ ու հետ գալ, պետք էր հիշել նաև, որ ձորերում մութը շուտ է վրա հասնում։ Վերջապես համոզեցի հորեղբորս տղային միասին իջնել։

Ճանապարհը հետաքրքիր էր ու դժվար։ Գնում էինք ոչ հիմնական ճանապարհով՝ փորձելով կրճատել տարածությունը։ Երբ արդեն ձորում երևաց Տաթևի Մեծ անապատը, ոգևորված սկսեցինք իջնել։ Պարզվեց՝ առաջին կածանն ավարտվում էր կիրճով։ (Այսպիսին են Հալիձորի լեռները. միշտ այնքան մոտ ու այնքան հեռու)։ Հասանք Որոտանին, իսկ գետը խաղալ էր ուզում. ջրով ծածկվել էին բոլոր ծանծաղուտները…

Վանք հասանք մայրամուտից առաջ։ Անապատը խորհրդավոր էր իր լռության մեջ։ Շրջապատված բարձր լեռներով՝ ձորում ծվարած վանքը թվում էր հեռու աշխարհի աղմուկից, կարծես լսվում էր մեղվի թևերի թափահարման, խոտի աճելու ձայնը։

Մեծ էր վանքում, ձորում ու Որոտանի ափին մնալու գայթակղությունը։ Սարերի զավակներ լինելով՝ զգում էինք, որ պետք է շուտ վեր բարձրանալ։ Հասանք մայրուղուն, երբ արդեն ամբողջովին մութ էր. ձորից գայլերի ձայներ էին լսվում։ Ես ու եղբայրս իրար նայեցինք ու ժպտացինք։ Մեզ գայլերից բաժանում էր… 5 րոպե։ Գյուղի ուղղությամբ գնացող ոչ մի մեքենա չկար, իսկ հեռախոսների լիցքավորումն արդեն ավարտվել էր։

Հակառակ ուղղությամբ մի մեքենա անցավ։ Րոպեներ անց նույն մեքենան ետ դարձավ, կանգնեց մեր կողքին, և վարորդն առաջարկեց գյուղ հասցնել։ Դերասան Շանթ Հովհաննիսյանն էր: Հայրենի գյուղ էր եկել ու, ըստ սովորության, ամեն գիշեր իջնում էր Սատանի Կամրջի աղբյուրից ջուր տանելու։ Մեծական խրատ ստանալուց հետո հետաքրքիր զրույցի բռնվեցինք։ Շանթը պատմում էր մեր ձորերում նկարահանած ֆիլմի ու դրանում իր կերտած՝ Նժդեհի կերպարի մասին։ Տպավորիչ էր խոսքը։

Երբ տուն հասանք ու իջանք մեքենայից՝ Շանթը մեր ետևից կանչեց. «Սիրե՛ք ձեր սարերը, որովհետև նրանք ձեզ շատ են սիրում»։

Անցել են տարիներ, և գնալով խտանում է Հայաստանի սարերի սերը հայի նկատմամբ։

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]