Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Երևանում ընտանեկան հանգստի և ժամանցի նոր կենտրոնի ստեղծման նպատակով կիրականացվի 22 մլն դոլարի ներդրում


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող մոտ 27 հա հողամասը 99 տարով «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ին վարձակալության և կառուցապատման իրավունքներով տրամադրելու որոշման նախագծին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ ներդրումային ծրագրով նախատեսվում է ստեղծել մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն: «Ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ներդնել 22 մլն դոլար և ստեղծել 350 մշտական աշխատատեղ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց քաղաքապետը:

Նշված 27 հեկտար տարածքն այժմ համարվում է անտառային գոտի, սակայն նպատակային նշանակությամբ չի օգտագործվում: Ներդրումային ծրագրի իրականացմամբ նախատեսված է տարածքի 70 տոկոսը կանաչապատել՝ տնկելով ավելի քան 2000 ծառ, ստեղծելով ծաղկազարդ եւ կանաչապատ տարածք: Հողամասի 25-30 տոկոսը պետք է կազմեն ճանապարհները, արահետները, մարզահրապարակները, խաղահրապարակները եւ ջրային մակերեսները, իսկ այցելուների սպասարկման համար նախատեսված ատրակցիոնների եւ կառուցապատման այլ տարրերի զբաղեցրած մակերեսը չպետք է գերազանցի տրամադրված հողամասի 7 տոկոսը:

Ներդրումային ծրագրի համաձայն՝ ժամանցի կենտրոնում կկառուցվի 35 մետր բարձրությամբ պտտվող անիվ, 70 կմ/ժ արագությամբ ընթացող ամերիկյան կոստեր, 60 մետր բարձրությունից ազատ անկման աշտարակ եւ այլն: Կենտրոնում կլինի նաեւ 5000 քմ մակերեսով ծածկված սրահ, որտեղ այցելուները կկարողանան վայելել իրենց ժամանցը վատ եղանակային պայմանների դեպքում:

Կենտրոնի բացման առաջին իսկ տարում նախատեսվում է ավելի քան 300 հազար այցելու:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ