Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Մանկական բեսթսելեր 4/23. Հարրի Փոթերի մասին պատմող երեք գրքերը ամենավաճառվածների ցանկում են


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Մեր առաջին հորիզոնականում այս անգամ «Մոխրոտը. գիրք համայնապատկեր» գեղեցիկ ու պատկերավոր գիրքն  է: Հեքիաթը պատմում է աղքատ գեղեցկուհի Մոխրոտի մասին, որը հրաշագործ կախարդուհու օգնությամբ մասնակցում է թագավորի պալատում անցկացվող պարահանդեսին: Թագավորի որդին` արքայազնը, սիրահարվում է Մոխրոտին, և նրանք ապրում են երկար ու երջանիկ:

Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և երկրորդն է: Անդերսենյան գործերը քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

«Երեք պատմվածք Շերլոկ Հոլմսի արկածներից» գիրքը վերադարձել է մեր աղյուսակ` հայտնվելով երրորդ հորիզոնականում: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածները:

Չորրորդ տեղում «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն է: Այն 2015 թվականին «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության կողմից ճանաչվել է նախորդ տարվա մանկական բեսթսելեր: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստնության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը հինգերորդն է: Հեղինակի լավագույն գործերը զետեղված են այդ գրքում:

«Հայկական հեքիաթներ» գիրքը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը: Այն ներառում է զարմանահրաշ ստեղծագործություններ, որոնք մեծ հետաքրքրությամբ են ընթերցում ինչպես փոքրիկները, այնպես էլ` մեծահասակները:

Յոթերորդ տեղում  Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքն է:  Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները: 
Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք: 

Մեր ցանկ է վերադարձել և ութերորդ հորիզոնականը զբաղեցրել Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»:
Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին: 

 Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» գիրքը իններորդն  է:  Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Բլեքը ճակատագրով ինչ-որ կերպ կապված է Հարրիի հետ: Թեև դպրոցում Հարրին շրջապատված է նվիրված ընկերներով և իմաստուն ու հմուտ ուսուցիչներով, Հոգվորթսում կա մեկը, որ խիստ վտանգավոր է նրա համար, սակայն որևէ մեկի մտքով չի անցնում կասկածել նրան: 

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Կատարինա Մացուրովայի «Ինչպես ծաղկեց գազարը» գիրքը:  Այն արջուկի մասին է, որն ամեն օր ջրում էր բույսը, հովանոցով պաշտպանում արևի ճառագայթներից և երբեք չէր մոռանում քնելուց առաջ բարի գիշեր մաղթել նրան: Բայց բույսը ոչ մի կերպ չէր արձագանքում: «Ախր, ինչու՞ չես ծաղկում»,- տրտում մտածում էր արջուկը: Բայց արի ու տես, որ նա չէր էլ պատկերացնում, թե ի՜նչ է կատարվում հողի տակ:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ. Քանակ
1 «Մոխրոտը. Գիրք համայնապատկեր» Բուկինիստ 210
2 Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» Արևիկ 106
3 «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» Անդրանիկ 102
4 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ Պրինտ 100
5 Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» Ջի Էս Էմ 97
6 «Հայկական հեքիաթներ» Ջի Էս Էմ 67
7 Ջ. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» Զանգակ 10
8 Ջ. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» Զանգակ 10
9 Ջ. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» Զանգակ 10
10 Կատարինա Մացուրովա «Ինչպես ծաղկեց գազարը» Զանգակ 7

«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը




Այս թեմայով

... վերջին լուր "Մանկական բեսթսելլեր" թեմայով

Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ