Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Լիանա Եղիազարյան. Եկեղեցի, որ դիմացդ է, բայց չես տեսնում. «Վիմափորի» հրաշքը

Լիանա Եղիազարյան. Եկեղեցի, որ դիմացդ է, բայց չես տեսնում. «Վիմափորի» հրաշքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Հյուրերս գերմանացի են: Նրանց համար Հայաստանն անծանոթ անուն չէ: Երկրում առաջին անգամ չեն, ու երբ խոստանում եմ ցույց տալ ապշեցնող մի վայր, ժպտում են ու վարժ արտաբերում՝ «Գառնի, Գեղա՞րդ»: Պարզ է՝ հայաստանյան տեսարժան վայրերով ու պատմամշակութային կոթողներով հասցրել են զարմանալ, ճանաչել:

Բայց իմ խոստացած տեղը, վստահ եմ, կհիացնի: «Եզակի ճարտարապետական կոթող»՝ արդեն Վայքում ներկայացնում է Հուշարձանների պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության պետի տեղակալ Համլետ Եղիազարյանը՝ ուղեկցելով Մարտիրոս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ հայտնի որպես «Վիմափոր»՝ 1286թ.: Եկեղեցի, որ դիմացդ է, բայց չես տեսնում: Սարի մեջ է, տեղը չիմանաս ու ցուցանակը չհուշի՝ կողքով կանցնես, չես տեսնի: Միայն մուտք գործելով ես հասկանում ու սարսռում: Անպատկերացնելի է:

«Ճարտարապետությամբ բացառիկ եկեղեցի է՝ կառուցված վերեւից. քանդելով իջել են, իսկ դուռը հետո է բացվել: Դրա համար է կոչվում ժայռափոր, վիմափոր:

Միայն գավիթն է առանձին քար, մնացածը մեկ ամբողջական ժայռաբեկորի մեջ է»,-մանրամասնում է Եղիազարյանը:

«Վիմափորը» ծառայել է որպես բերդ-ամրոց, թաքստարան: Եկեղեցու ներսից մինչեւ գետ կա մարդաբոյ բարձրությամբ ստորգետնյա ուղի: Մարդիկ, պատահել է, ամիսներով այստեղ պաշարված են մնացել ու հենց եկեղեցուց այդ ուղով գնացել, 700-800 մետրից՝ գետից ջուր են բերել: Ստորգետնյա ուղին հիմա փակ է, փլուզումներ են եղել, մի անգամ էլ գյուղի արկածախնդիր երիտասարդներն են դրանում արգելափակվել:  
Վանքի մասին լեգենդներ կան.  ներսում հավաքվող ջուրն անցկացնում է վախերը, բուժում:

«Ամռանն օրական տասնյակ զբոսաշրջիկ ենք ընդունել. նախկինում տեղը չգիտեին: Գալիս են, երբեմն դժվարանում բացատրել, քարտեզի վրա մատնանշում են, հասկանում ենք՝ «Վիմափորն» են ուզում: Աշխարհում չկա այդպիսին, նման է միայն Գեղարդը: Սա  եկեղեցի չէ, այլ եկեղեցական համալիր՝ խցերով, խորանով: Մեծ, հիասքանչ, հոյակերտ»,-հյուրերին ներկայացնում է Եղիազարյանը:

Ժպիտները սառում են նոր Մարտիրոսից հին Մարտիրոս անբարեկարգ ճանապարհին: Իսկ երբ հին գյուղից էլ ենք դուրս գալիս ու դաշտերի, հանդակների միջով՝  լեռնոտ ճանապարհով ուղեւորվում եկեղեցի, բառերն էլ են կորչում: Փոխարենը չափազանց շատ պատմելու բան ունի մշակութագետ զրուցակիցս:

Կառույցը բնորոշվում է այնպիսի բառերով, որոնց համարժեքը գերմաներենով դժվարանում եմ գտնել. նախադասություններ են պետք: Հասնում ենք: Եկեղեցի են փնտրում: Չկա: Ցուցանակն է հուշում եկեղեցու ու մեր տեղը՝  Նազար լեռան ստորոտ:

Վիմափորը կառուցվել է Պռոշ Իշխանի կարգադրությամբ, որի մարմինը թաղված է այս եկեղեցու գավթում, գլուխն՝ այլ վայրում: Այս խոշոր ժայռափոր համալիրն իր ներքին հնչեղությամբ առաջինն է հայ եկեղեցաշինության մեջ իր կառուցողական բարձր արվեստով:

Ծովից մոտ 2030 մետրի վրա ենք: Վիմափորից ներքեւ ու վերեւ՝ ամեն սեզոնի յուրովի շլացուցիչ գեղեցիկ:  Հյուրերս եվրոպական սիրալիրությամբ լսում են նաեւ Մարտիրոսի պատմությունը: 7 գաղթ է ունեցել: Միակ գյուղն է, որ ունի անձնագիր՝ մեծ հոյակերտ խաչքար՝ հին Մարտիրոսի կենտրոնում՝ 1283թ.:  
Համառ, հումորով, խելացի, երբեմն՝ սուր, կռվարար. մարտիրոսցիներն են: «Մարտիրոսի, մարտիրոսցիների մասին լեգենդներ են պատմում: Ունեցել ենք աժդահա, հսկա մարդիկ»,-հպարտանում է Համլետ Եղիազարյանը:

Մենք Մարտիրոս ու Մարտիրոսից հյուսիս-արեւելք՝ լեռների սրտում ծվարած Վիմափոր այցելում ենք աշնանը: Գերմաքուր օդ, գերհզոր էներգետիկա, ոտքերիդ տակ՝ չպեղված հզոր դամբարանադաշտ:

Դարերը հավերժացրել են եկեղեցին, իսկ պահպանման ու ճանապարհի հարցերը թողել ներկա սերունդներին:

Ամեն օգոստոսի վերջին շաբաթը Վիմափորի օրն է: Գյուղի, ձորի ժողովուրդը հավաքվում է այստեղ դհոլ-զուռնայով, կերուխումով:

Զբոսաշրջիկ հյուրերս անդադար նկարում են՝ կարծես շտապելով չուշանալ: «Ինչպե՞ս բոլոր հայերը չէ, որ գիտեն սրա մասին»,-զարմանում են: Լուսանկարներով հետո պիտի փոխանցեն իրենց հիացմունքը բազմաթիվ մարդկանց, ովքեր, հաստատ, անպայման կհարցնեն՝ իսկ որտե՞ղ է Մարտիրոսը, ու ինչպե՞ս հասնել Վիմափոր:

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]